Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»

Նոյեմբեր 09,2022 14:00

Բայց պետք է իմանալ, թե ինչ ենք հասկանում «քաղաքականություն» ասելով

Ինքնավերլուծությունը՝ ռեֆլեքսիան, հատուկ է հասարակության ոչ բոլոր անդամներին: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Ըստ էության, մի հարց, որը մարդն ինքն իրեն է տալիս՝ արդյո՞ք այն, ինչ ես արել եմ անցյալում, ճիշտ էր: Հատկապես այն ժամանակ, երբ վիճակը վատ է, այդ հարցը ստանում է հետեւյալ ձեւակերպումը՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակում կա իմ մեղքը: Այդ տեսակետից ռեֆլեքսիան ծանոթ չէ իշխանություններին եւ քաղաքական վերնախավին: Նրանց մոտ մեղավոր են բոլորը, բացի իրենցից: (Ինձ թվում է՝ բոլորիս ծանոթ դիրքորոշում է): Ինքնավերլուծությամբ չեն տառապում նաեւ շարքային, սովորական մարդիկ: Նաեւ այն պատճառով, որ նրանք հաճախ չեն զգում վիճակի աղետալի, ողբերգական լինելը: Պետությունը վերացման եզրի՞ն է, մեր տարածքից կորցրել ենք 10 հազար քառակուսի կիլոմե՞տր… ի՞նչ է եղել, որ…

Ռեֆլեքսիան հատուկ է միայն մտավորական վերնախավին: Եվ այստեղ կա երկու ծայրահեղություն: Դրանցից մեկը դարձյալ սեփական մեղքը չընդունելն է՝ «Ես ի՞նչ կարող էի անել, ինձնից ոչինչ կախված չէր»: Իսկ մյուս ծայրահեղությունը հետեւյալն է՝ «Մենք բոլորս ենք մեղավոր», «Պարզվեց, որ այն ամենն, ինչ անում էինք, անիմաստ էր»… Ենթադրում եմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատերիս մոտ էին նման մտքեր առաջացել: Բայց երկու ծայրահեղություններն էլ զուտ հուզական ոլորտից են: Ոչինչ անհետեւանք չի կորում՝ ոչ բացասականը, ոչ էլ դրականը:

Իսկ սխալների մասին, այո, արժե մտածել: Ոչ թե ինքնախարազանման, այլ՝ ապագան կառուցելու համար: Անձամբ ինձ սխալ է թվում, որ այս 30 տարվա ընթացքում ես արհամարհանքով էի խոսում ու գրում «քաղաքականություն» երեւույթի մասին: Մենք ներկայացնում ենք այդ երեւույթը որպես ցինիկ, սկզբունքներից զուրկ մարդկանց պայքար՝ հանուն իշխանության: Այդ պայքարում, ըստ այդպիսի պատկերացման, կիրառվում են բիրտ ուժը, մեքենայությունները, լավագույն դեպքում՝ պոպուլիզմով մարդկանց ուղեղները լվալը: Այդ ամենն, իհարկե, կա: Եվ հենց այդ պատճառով է, որ մենք հպարտորեն բացականչում ենք՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»: Երբ մարդիկ ինձ մոտենում էին փողոցում եւ սկսում բողոքել «նախկիններից» (70 տոկոսը) եւ ներկաներից (30 տոկոսը), ես, սովորաբար, հենց այս փաստարկով էի փորձում խոսակցությունն ավարտել՝ եկեք քաղաքականությունից չխոսենք:

Արդյո՞ք ես ճիշտ էի վարվում: Ըստ երեւույթին՝ ոչ: Քաղաքականությունն, իհարկե, տարբեր ձեւերով կարելի է հասկանալ, եւ իմաստներից մեկը հետեւյալն է՝ դա որոշումներ ընդունելու միջոց է: Այդ դեպքում քաղաքականությունը փոխզիջման, բանակցությունների միջոցով խնդիրները լուծելու գործիք է: Այսինքն՝ այն ամենն, ինչ հակադրվում է ուժի կիրառմանը եւ զուտ իշխանության համար պայքարին: Անգլիացի քաղաքագետ Բեռնարդ Քրիքը (որն, ի դեպ, Ջորջ Օրուելի առաջին լուրջ կենսագրականի հեղինակն է) իր աշխատություններից մեկն այդպես էլ անվանել է՝ «Ի պաշտպանություն քաղաքականության» (In Defense of Politics): Ըստ նրա՝ քաղաքականությունն այնպիսի մի գործողություն է, որը թույլ է տալիս կոնֆլիկտը լուծել հետեւյալ ձեւով՝ նախօրոք գրված կանոններով ամեն մի կողմին տրվում են այն իշխանությունը կամ այն ռեսուրսները, որոնք համապատասխանում են այդ կողմի դերակատարությանը՝ հասարակության բարօրության եւ գոյատեւման գործում: Բնականաբար, Քրիքին քննադատում էին՝ նշելով, որ նա իր տեսության մեջ հիմնվում է Բրիտանիայի եւ այլ զարգացած տերությունների փորձի վրա, իսկ ինչ անել այն դեպքում, երբ համակարգն, ըստ էության, ավտորիտար է կամ միապետական:

Բայց բրիտանացի քաղաքագետն այնքան էլ միամիտ եւ կյանքից կտրված չէր: Նա տեսնում էր, որ նույնիսկ այդ ձեւով հասկացված քաղաքականության մեջ կա որոշակի վտանգ: Այդ վտանգը նա ձեւակերպել էր որպես՝ ամեն գնով եւ բոլոր հարցերում հստակություն եւ որոշակիություն մտցնելու ձգտում: Դա, ըստ հետազոտողների, կարող է արտահայտվել ժողովրդավարության հանդեպ կույր հավատի, քաղաքական գաղափարախոսությունների կեղծ հստակության կամ ծայրահեղական ազգայնականության տեսքով:
Իմ կողմից ավելացնեմ՝ նաեւ «ժողովրդի» գործոնի գերագնատմամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Քաղաքականությամբ չզբաղվելը նույնպես քաղաքականություն է։Մանավանդ այն դեպքում, երբ բոլորը զբաղված են, մեկ րոպե առաջ հայտնել բոլորին, իրենց քաղաքական մտքի թռիչքը։
    Պատկերացնում եք,մարդն ամբողջ օրը մտածել է,տառապել է հասկանալու համար ամբողջ տարածաշրջանային և մեր երկրի ներքին քաղաքականությունը,իսկ գիշերը,երազում, նրան ամեն բան ասել են հրեշտակները և նա, առավոտ կանուխ, միացրել է իր հեռախոսը, մտել ուղիղ եթեր, սրտատրոփ սպասում է իր հետևորդներին…իսկ դու քաղաքականությամբ չես հետաքրքրվում։
    Դուք կասեք -“Այ քեզ Փոքր Մհեր”
    Իսկ ես՝ ոչ Մեծ,ոչ Փոքր,ոչ Միջին Մհերներով չեմ հետաքրքրվում։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930