Հայաստանում ամենակոռումպացված կառույցներն, ըստ ՀՌԿԿ-Հայաստան կազմակերպության հարցումների, դատարաններն են, ԶԼՄ-ներն ու Հայ Առաքելական եկեղեցին։
ՀՌԿԿ-Հայաստանը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացրել է Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն։ Հետազոտությունն իրականացվել է 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում դեմ առ դեմ հարցման միջոցով, որին մասնակցել է 1520 հարցվող։
Կոռուպցիայի դրսեւորման ձեւերի ընկալումը
Հարցվածների 69.5%-ը գտնում է, որ կուսակցությունների/ դաշինքների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ չէ, 19.7%-ը գտնում է, որ թափանցիկ է։
Կարդացեք նաև
Հաջորդը զանգվածային լրատվական միջոցներն են․ հարցվածների 67%-ը գտնում է, որ ԶԼՄ-ների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ չէ, 20.3%-ը՝ հակառակ կարծիքին է։
Հարցվածների 63.6%-ի կարծիքով նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ չէ, 25.7%-ի կարծիքով՝ այդ տեղեկատվությունը թափանցիկ է։
Հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվությունը թափանցիկ չէ հարցվածների 55.3%-ի կարծիքով, 24.8%-ի կարծիքով՝ թափանցիկ է։
Կուսակցություններ/դաշինքների շահերը կախված են օլիգարխների, բիզնեսի շահերից․ այս կարծիքին են հարցվածների 79.1%-ը, 12%-ը գտնում է, որ կախված չեն։
77.3%-ի կարծիքով՝ բարձրաստիճան պաշտոնյաների շահերը կախված են օլիգարխների կամ բիզնեսի շահերից, հարցվածների 13.4%-ը համամիտ չէ այդ կարծիքի հետ։
Հարցվածների 60.9%-ի կարծիքով էլ միջին օղակի պաշտոնյաների շահերն են կախված օլօգարխների կամ բիզնեսի շահերից, 27.6%-ը՝ հակառակ կարծիքին է։
Կոռուպցիոն վարքագծի ընկալումներն՝ ըստ ոլորտների եւ հաստատությունների
Թե ո՞ր կառույցներն են ամենակոռումպացվածներն, ըստ հետազոտության, առաջին հորիզոնականներում դատարաններն են, ԶԼՄ-ներն ու Հայ Առաքելական Եկեղեցին։ Հարցվածների 32.5%-ի կարծիքով դատավորն ու դատարանները մեծապես կոռումպացված են, 34.1%-ի կարծիքով՝որոշ չափով կոռումպացված։
ԶԼՄ-ները մեծապես կոռումպացված են․ այս կարծիքին են հարցվածների 32.2%-ը, 37.3%-ի կարծիքով ԶԼՄ-ները որոշ չափով են կոռումպացված։
Հայ Առաքելական Եկեղեցուն մեծապես կոռումպացված է համարում հարցվածների 30.5%-ը, 20.3%-ի կարծիքով՝ որոշ չափով կոռումպացված։
Հարցվածների 28.7%-ի կարծիքով դատախազությունը մեծապես կոռումպացված է, այս կառույցին որոշ չափով կոռումպացված է համարում հարցվածների 31.6%-ը։
Մեծապես կոռումպացված են կրոնական այլ կազմակերպություններ. այս կարծիքին են հարցված քաղաքացիների՝ 25.6%-ը, որոշ չափով կոռումպացված են՝ 23.8%-ի կարծիքով։
Ազգային ժողովի նախագահին եւ աշխատակազմին, պատգամավորներին մեծապես կոռումպացված է համարում հարցրածների 22.6%-ը, 28.6%-ն էլ գտնում է, որ այդ կառույցն ու պատգամավորները որոշ չափով են կոռումպացված։
Վարչապետին եւ նրա աշխատակազմին մեծապես կոռումպացված է համարում հարցվածների 21.3%-ը, իսկ 19.7%-ի կարծիքով՝ որոշ չափով կոռումպացված, 34%-ի կարծիքով՝ կոռումպացված չէ։ Մինչդեռ 2019 թվականին հարցվածների 75%-ը համարում էր, որ վարչապետը եւ նրա աշխատակազմը բնավ կոռումպացված չեն։
Հարցվածների 18.8%-ի կարծիքով մեծապես կոռումպացված են ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը, 19.5%-ի կարծիքով՝ որոշ չափով կոռումպացված։
Բանակը մեծապես կոռումպացված է․ այս կարծիքին են հարցվածների 17%-ը, 28.8%-ի կարծիքով բանակը որոշ չափով է կոռումպացված։
Մեծապես կոռումպացված կառույցների շարքում մարդու իրավունքների պաշտպանը վերջին հորիզոնականում է․ հարցվածների միայն 6.4%-ի կարծիքով է ՄԻՊ-ը մեծապես կոռումպացված, 14.9%-ի կարծիքով ՄԻՊ-ը որոշ չափով է կոռումպացված։
Հարցվածների մոտ 55%-ը կոռուպցիան տարածված է համարել առողջապահության ոլորտում, ընտրական գործընթացներում՝ 21,4%:
Հետազոտության հեղինակների ներկայացմամբ՝ հարցվածների ընկալմամբ կոռուպցիայի տարածմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանրության կողմից օրենքներին չհետեւելը՝ 16%, օրենքների անկատարությունը՝ 15%, տնտեսական ծանր վիճակը/աղքատությունը՝ 14%, պետության կողմից օրենքների կիրառումը չապահովելը՝ 14%։
Հեղինակները նշում են, որ ազգաբնակչության շրջանում թերահավատություն կա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով։ Հայաստանում կոռուպցիայի առկայությունը փաստողների (հարցվածների 98,8%-ը) շուրջ մեկ հինգերորդը համարում է, որ այն ընդհանրապես չի կարող նվազեցվել, ինչը գրեթե հինգ անգամ գերազանցում է երկու տարի առաջ նույն պատասխանը տվածների թիվը։
Որքանո՞վ է հնարավոր նվազեցնել կոռուպցիան Հայաստանում․ նախորդ տարի հարցվածների 22.5%-ը համարել է, որ ընդհանրապես/բնավ չի կարող նվազեցվել, 2022-ին այդ կարծիքին է հարցվածների 4.7%-ը։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ