Մեր ժամանակի գլխավոր խնդիրներից մեկը օդի աղտոտվածությունն է։
Օդի աղտոտվածությունն առողջության համար ծանր հետևանքներով է հղի՝ կաթվածի, թոքերի քաղցկեղի ու սրտային հիվանդությունների ⅓ մասը պայմանավորված է հենց այդ գործոնով։ Աղտոտված օդը, որը մենք շնչում ենք, գրեթե նույն ազդեցությունն ունի, ինչ ծխախոտի ծուխը։
Ընդ որում, օդի աղտոտվածությունից դժվար է խուսափել, անկախ այն բանից, թե որքանով է հարուստ տարածաշրջանը, որտեղ ապրում եք։
Օդի միկրոսկոպիկ աղտոտիչները կարող են անցնել մեր օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմների միջով՝ ներթափանցելով շնչառական և արյունատար համակարգեր՝ քայքայելով թոքերը, սիրտն ու ուղեղը։ Տեսանելի սմոգի բացակայությունը դեռ չի նշանակում, որ շուրջն օդը մաքուր է։ Ողջ աշխարհում քաղաքներն ու գյուղերը ենթարկվում են աղտոտիչների թունավոր ազդեցությանը, որը գերազանցում է օդի որակի վերաբերյալ ԱՀԿ-ի կողմից թույլատրելի համարվող սահմանը։
Կարդացեք նաև
10 փաստ օդի աղտոտվածության մասին, որոնք անհրաժեշտ է իմանալ
1. Աշխարհում 10 մարդուց 9-ը աղտոտված օդ է շնչում։
2․ Օդի աղտոտվածության պատճառով տարեկան մահանում է 7 միլիոն մարդ, որից 4 միլիոնը՝ փակ տարածքներում օդի աղտոտվածության պատճառով։
3. Վաղաժամ մահվան դեպքերի 91%-ը տեղի է ունենում ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում, հիմնականում՝ Հարավ-արևելյան Ասիայի երկրներում ու Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածներում։
4․ Երկրները պետք է բարելավեն քաղաքային պլանավորման ռազմավարությունը, կարգավորեն արտանետումների քանակը և արգելեն արտանետումների բարձր թունավորությամբ տրանսպորտային միջոցները:
5. Միկրոսկոպիկ աղտոտիչները այնքան փոքր են, որ կարող են հաղթահարել օրգանիզմի պաշտպանիչ պատնեշները՝ քայքայելով թոքերը, սիրտն ու ուղեղը։
6. Երեխաները հատկապես են ենթարկվում աղտոտված օդի ազդեցությանը, որը կապվում է երեխաների ու դեռահասների շրջանում շնչառական հիվանդությունների, քաղցկեղի ու մտավոր խանգարումների զարգացման վտանգի հետ։
7. Փակ տարածքներում օդի աղտոտվածությունը նշանակալի խնդիր է ՝ աշխարհում 3 միլիարդ մարդու հասանելի չեն վառելիքի և տեխնոլոգիաների մաքուր տեսակները՝ սննդի պատրաստման համար։
8. Հնարավորության դեպքում մարդիկ պետք է ընտրեն մաքուր այրման տեխնոլոգիաներն ու վառելիքի տեսակները տարածքների ջեռուցման ու լուսավորման համար, խուսափեն թափոնների այրումից և այնտեղ, որտեղ հնարավոր է, վերամշակեն դրանք, մեքենաները փոխարինեն հեծանիվներով ու շատ քայլեն։
9. Հիմնական աղտոտիչները ներառում են մանր մասնիկներ, կարծր մասնիկների և հեղուկ կաթիլների խառնուրդներ, որոնք հիմնականում առաջանում են վառելիքի այրման, արդյունաբերական արտանետումների պատճառով, արևի լույսի ու աղտոտիչների ռեակցիայի արդյունքում և այլն։
10․ Աղտոտված օդը քայքայիչ ազդեցություն է ունենում մոլորակի առողջության վրա՝ հանգեցնելով կլիմայի փոփոխության։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութի աղբյուր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն