Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը դատարանների գերծանրաբեռնվածության եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելու մասին քննարկում էր կազմակերպել:
Դատավոր Գրիգորի Վարդանյանը դժգոհեց, որ իրենք մինչեւ 10-ը աշխատում են, շաբաթ-կիրակի աշխատում են, բայց մեկ է, էլի «թուք ու մուրը պտտվում է դատավորների թիկունքում». «Հանրային խոսքը պիտի հղկվի, պիտի արգելվի դատական իշխանության հասցեին ամեն ինչ ասել: Ով ինչ մտքին գալիս է, մի հատ ֆեյսբուքյան էջում, կամ հեռուստատեսությունում միկրոֆոն կոչվածից ունենում է, ինչ մտքին գալիս է՝ ասում է, ոչ մի պատասխանատվություն, ոչ մի կանխող բան չկա:
Դատավոր Զարուհի Նախշքարյանն ասաց, որ եթե նույնիսկ հենց վաղը բոլոր խնդիրները լուծում ստանան, առաջիկա մեկ տարում որեւէ փոփոխություն իրավիճակի չեն ունենա, որովհետեւ ուշացած է արդեն ամեն ինչ. «Մեր քաղաքացիները դժգոհում են, որ իրենց դատական ակտերն ուշացնում ենք, հեռախոսազանգերին չենք պատասխանում, դատական նիստերը ուշ ենք նշանակում: Մենք պետք է հասկանանք, թե ում դաշտում է գնդակը ու ինչ կարող է անել դատավորը: Կարող է դիմել ԲԴԽ-ին՝ հարցերի լուծման ակնկալիքով, կարող է արդարադատության նախարարության, ԱԺ-ի կողմից քննարկումների մասնակցել ու ներկայացնել իրավիճակը, կարող է իրական պատկերը ներկայացնել վիճակագրորեն: Արել ենք այս բոլոր գործողությունները՝ վերջին 5 տարվա ընթացքում առնվազն իմ մասնակցությամբ: ԲԴԽ-ն որոշակի շարժումեր է կատարում վերջին 4 տարում, այս պահին դեռ մնում ենք այսպես»:
Կարդացեք նաև
Ըստ Նախշքարյանի, բոլոր կարգապահական վարույթներով բողոքները, որոնք ստանում է արդարադատության նախարարության, էթիկայի հանձնաժողովի կողմից, 95%-ից ավելին պայմանավորված է դատական նիստերի ուշացման, զանգերին չպատասխանելով. «Հարգելի՛ քաղաքացիներ, եթե մենք պատասխանում ենք ձեր մեկ զանգին, դրանից 3 քաղաքացի, որոնցից մեկը դուք եք, ավելի ուշ եք ստանում դատական ակտերը: Մեր օգնականները եւ գործավարները հեռախոսն առհասարակ ականջից չեն հեռացնում: Իրենք մի ձեռքով համակարգչի վրա են աշխատում, մի ականջին՝ հեռախոսը: Այդպես՝ մինչեւ ժամը 10-ը, 12-ը»:
Առաջարկ էր եղել բռնագանձումների գործով առանձին դատարան ստեղծել: Նախշքարյանն ասաց. «Օրինակ, ստեղծվեց Հակակոռուպցիոն դատարան, նրանց դատավորների աշխատավարձը իմ աշխատավարձից եռակի ավելի է, մեկ տարի ստանալու են այս աշխատավարձը՝ չքննելով գոնե մեկ վճռաբեկ բողոք»:
Նա ասաց, որ հենց իրենք բողոքում են, հաջորդ օրը օրենք են ընդունում, որ աշխատանքային վեճերը քննելու ենք 2 ամսում, ժամկետները ավելի են կրճատում մի քիչ էլ են խոսում՝ գնումներն էլ են միացնում. «Եթե մենք ավելի գոտիները ձիգ ենք քաշում, դա նշանակում է, որ մի օր այս ամեն ինչը կպայթի շատ անակնկալ եւ անդուր ձեւով»:
Նախշքարյանը նաեւ ասաց, որ բանկում աշխատավարձերը սկսում են 150 հազարից, իսկ դատավորների աշխատավարձը այսքան ծանրաբեռնվածության պայմաններում մոտ 440 հազար դրամ է. «Այս պայմաններում մենք աշխատում ենք: Մենք սոցապահովագրություն ենք ստանում դատավորներով, 3 տարի սոցապահովագրության վճարը թույլ է տալիս Ծաղկաձորում 3 օր «Ռոսսիա» հյուրանոցում մենք հանգստանանք, բայց միայն նախաճաշով: Ուզում եմ պատկերացնեք, թե ինչպես ենք մենք աշխատում: Պրիմիտիվացնում եմ, որ կարողանաք ճիշտ ընկալեք իրավիճակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ