Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախ տեղափոխվելուց հետո Հայաստանից, Սփյուռքից շատերն են ինձ դիմում: Բոլորն անխտիր ողջունում են իմ քայլը: Մի մասը հարցնում է՝ ինչով կարող են օգնել, մյուս մասն ասում է, որ իմ երկրպագուն են և հետևում են իմ գործողություններին, բայց շատ են նաև նրանք, ովքեր ասում են, որ պատրաստ են արցախցիների ու իմ կողքին կանգնել ու հնարավոր ամեն ինչ անել հանուն Արցախի: Ու սա ինձ ուրախացնում է, քանի որ հիմա Արցախն ավելի շատ կարիք ունի զինվորի պես ամեն ոլորտում ճակատ պահող մարդկանց, քան հեռվից աջակցողների կամ երկրպագուների:
Երեկ հետաքրքիր հանդիպում ունեցա Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի նախագահ Արտյոմ Գեղամյանի, ակումբի անդամներ Հովհաննես Ղազարյանի և Աննա Դանիելյանի հետ: Արձագանքելով իմ կոչին՝ նրանք եկել էին Արցախ, հանդիպելու և հստակեցնելու համագործակցության ուղղությունները: Ուրախ էի լսել, որ նրանք պատրաստ են իրենց հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել հանուն Արցախի զարգացման, ամեն ինչ անել, որ մենք միասին հաջողենք:
Աշխարհի լավագույն բուհերի շրջանավարտներ մենք շատ ունենք: Ձեր փորձի ու գիտելիքների կարիքը կա Արցախում՝ ինչպես երիտասարդների կրթության, այնպես էլ մեծ թվով այլ ծրագրերում ներգրավվելու համար: Պետք չէ վախենալ Արցախ գալուց:
Կարդացեք նաև
Սպասում եմ բոլորիդ Արցախում: