Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը դատարանների գերծանրաբեռնվածության եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելու մասին քննարկում էր կազմակերպել:
Փաստաբան Մարատ Ատովմյանը ասաց, որ դատական պրակտիկան կառավարությունը, ՏԻՄ-երը չեն քննարկում. «Մենք ունենք չեմպիոն նախարարություններ, որոնց դեմ կան բազմաթիվ հայցեր՝ ապօրինի աշխատանքից ազատումների: Օրինակ, այս մասով ես ունեմ 100%-անոց արդյունք՝ բոլոր իմ ներկայացրած շահերը Շրջակա միջավայրի նախարարության դեմ բավարարվել են: Մոտավոր հաշվարկ արեցինք, բավարարված հայցերի հետ կապված մոտ 100 մլն դրամ պետք է որպես հարկադիր պարապուրդի գումար Շրջակա միջավայրի նախարարությունը վճարի: Արդյոք հետեւություն անո՞ւմ են: Ցավոք, աշխատաոճի փոփոխություն ես չեմ տեսնում ու սա վատ հանրային կառավարման արդյունք է»:
Նա ասաց, որ աշխատանքից ապօրինի ազատման գործերից մեկով, երբ դիմել են դատարան ու պահանջել վճարել հարկադիր պարապուրդի դիմաց, դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 2-ին, ու եթե ակտ լինի, բողոքարկեն, կհասնեն 2025, 2026 թվական: Նա Պրահայից օրինակ բերեց, երբ դատավորը նիստին եկել է, ասել է՝ հայցվորը sms-ով տեղեկացրեց, որ միջնորդում է նիստը հետաձգել ու sms-ով էլ դատավորը հայցվորին ծանուցում է, որ հաջորդ նիստը տեղի կունենա այսինչ օրը այսինչ ժամին, այսինքն, ընթացակարգերը հեշտացված են ու դա համարվում է պատշաճ ծանուցում:
Նա նաեւ մատնանշեց, որ ՏԻՄ-երն ունեն Խնամակալության եւ հոգաբարձության մարմին, որոնք քննարկում են երեխայի տեսակցության հարցը, բայց որոշում կայացնելը 12 հոգանոց խմբին չեն վստահում, վստահում են միանձնյա դատավորին: Կամ ամուսնալուծության հարցը, եթե նույնիսկ կողմերից մեկը համաձայն չէ, կամ գրավոր այդ մասին չի տեղեկացնում, կարելի է լուծել ՔԿԱԳ-ով: Այդ տարբերակով դատարանների ծանրաբեռնվածության հարցը կլուծվի: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը պատասխանեց, որ այդ գործերը ծանրաբեռնվածություն չեն առաջացնում դատարանների համար տոկոսային առումով: Իսկ մարդիկ ՔԿԱԳ-ի փոխարեն դիմում են դատարան, որովհետեւ ՔԿԱԳ-ով ամուսնալուծվելը շատ ավելի թանկ է նստում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ