Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը դատարանների գերծանրաբեռնվածության եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելու մասին քննարկում էր կազմակերպել:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանն ասել էր, որ դատավորների թվաքանակի ավելացումը այս խնդրին լուծում չի տա, քանի որ հիմա մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ այդ թվաքանակը բավարար չափով մեծացնել, ուստի առաջարկել էր գումարի բռնագանձման պահանջներով հայցերը դատական քննության առարկա չդարձնեն, որ դատարանները թեթեւանան: Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ անցյալ տարի իրենց գրասենյակի կողմից առնվազն 10-12 հազար հայցադիմում է ներկայացվել դատարաններ:
Կարդացեք նաև
Դատավորները կատակեցին՝ փաստորեն իմացանք ով է ծանրաբեռնում դատարանները: Ըստ Օրբելյանի, ցավալի է, որ դատավորը ոչ թե խոսում է այն մասին, որ պետք է դատավորների թվաքանակն ավելացնել, այլ ասում է՝ ի՞նչ անենք, որ փող չծախսենք. «Դատավորը չունի գործառույթ՝ մտածելու, թե ոնց անենք, որ փող չծախսենք»: Նա նաեւ ասաց, որ կատարողական թերթիկ լրացնելը հակամարդկային է. «Դատավորի օգնականը նստում, 48 տող է լրացնում, դա աբսուրդի դաշտից է»:
Փիլոսյանն արձագանքեց Օրբելյանին՝ ասելով, որ իրենք չեն եկել պետության շահը պաշտպանելու ու ասելու, որ փող մի ծախսեք, պարզապես հասկանում է, որ այս պահին պետությունը 30 դատավորով չի կարող համալրել, անիրատեսական է:
Օրբելյանի խոսքով, պետք է բռնագանձումների գործերով դատարան ստեղծելու մասին մտածել՝ ընդհանուր դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:
Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը նշեց, որ եթե պետությունը ուզում է դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնել, առաջինը ինքը պետք է հրաժարվի որոշ գործեր դատարան բերելուց, որովհետեւ վստահ լինելով, որ պարտվելու է, միեւնույն է, հայցը բերում է. «Պետական մարմինների ինստիտուցիոնալ խնդիր ունենք, որ անպայման բոլոր որոշումները բողոքարկեն:
Ինչ վերաբերում է էլեկտրոնայնացմանը, պետք է դատարաների թվայնացում, էլեկտրոնային հասցեների փուլային ներդրում, որը ծանուցումների հարցը կլուծի: Ազդարարի հետ կապված՝ ես անձամբ նույնիսկ իմ վերաբերյալ ազդարարով տեղեկատվություն չեմ կարողանում գտնել, զարմանում եմ, թե դա ոնց կարելի է համարել պատշաճ ծանուցման եղանակ»:
Դատավոր Նորա Կարապետյանն ասաց, որ դատավորը պետք է մտավոր աշխատանք կատարի, ոչ թե տեխնիկական. «Կներեք, դատավորը մարդ է, չի կարելի նրանից պահանջել այն, ինչ գերբնական ուժերի լարում է պահանջում: Նախ` պետք է հստակ հասկանալ՝ դատավորը արդարադատությո՞ւն է իրականացնում, թե՞ տեխնիկական աշխատանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ