Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաստաբանը գալիս է, ասում է՝ գիտեմ, շանս չունեմ, բայց գործը հնարավորինս երկարացրեք». Ինչու են դատարանները ծանրաբեռնվում

Նոյեմբեր 08,2022 18:26

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը դատարանների գերծանրաբեռնվածության եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելու մասին քննարկում էր կազմակերպել:

Դատավոր Աննա Փիլոսյանն առաջարկեց գումարի բռնագանձման պահանջներով հայցերը դատական քննության առարկա չդարձնեն, որ դատարանները թեթեւանան: Նա ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի, գումարի բռնագանձման գործերի 80%-ը մինչեւ 500 հազար դրամի հայցային պահանջ ունի, իսկ պետությունը դրա համար ծախսում է ահռելի ռեսուրս:

Ըստ Փիլոսյանի, դատավորների թվաքանակի ավելացումը այս խնդրին լուծում չի տա, քանի որ հիմա մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ այդ թվաքանակը բավարար չափով մեծացնել, խոչընդոտներ կան՝ սկսած շենքային պայմաններից. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում խնդիրը լուծելու համար դատավորների թվակազմը պետք է ավելանա կրկնակի, եւս 30 դատավոր է հարկավոր, որ այս մասին չխոսվի: Բայց շենքային պայմանները անգամ բավարար չեն՝ թվակազմը 30 դատավորով ավելացնելու համար»:

 

Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազոյանն ասաց, որ դատարանների գերծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները հիմնականում թերի են աշխատում ու քաղաքացիների մոտ վստահություն չեն վայելում, դրա համար մարդիկ նախընտրում են դիմել դատարան: Ըստ նրա, պետք է կատարել օրենսդրական փոփոխություններ ու թույլ տալ, որ վարչական իրավախախտման դեպքերը քննվեն գրավոր ընթացակարգով, դրանով ծանրաբեռնվածությունը 30-40% կնվազի:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոմեն Ահարոնյանն ասաց, որ, օրինակ, Կապանից մինչեւ Սիսիանի հեռավոր գյուղ փոստային ծառայությունը շատ դանդաղ է ու դա արդեն խնդիրներ է հարուցում. «Նախատեսված է, որ դատավորների՝ իր բնակավայրից հեռու աշխատելու դեպքում բնակվարձի փոխհատուցում տալ, այսօրվա շուկայական գների պայմաններում անհնար է պատկերացնել, որ այդ գումարով կարելի է բնակարանի հարց լուծել: Ես տեղափոխվել եմ Կապան, երեխաներս, ընտանիքս իմ հետ տեղափոխվել են: Երեխաներին անհրաժեշտ է դպրոց, մանկապարտեզ: Այլ պետական ծառայողներին կան պետական արտոնություններ, օրինակ, զինվորականների համար, բայց դատավորների համար չկան: Ասում են՝ ո՞նց, էս դատավորի երեխան չի՞ կարողանում դպրոց գնա ու այս խնդիրները կենցաղային խոսակցություններում բերում են նաեւ հեղինակության նսեմացման»:

Նա նաեւ մատնանշեց, որ ցածր է ոչ միայն դատավորի, այլ նաեւ դատարանի աշխատակազմի աշխատավարձը ու երբ նոր մարդ են բերում, որեւէ անձ չի կարող 6 ամսից շուտ սովորել տեխնիկական բոլոր հարցերը՝ առանց սխալների, իսկ դա անդրադառնում է դատավորի աշխատանքի վրա:

Մասնակիցները վստահեցնում են, որ հիմա դատավորի աշխատանքը գրավիչ չէ, որովհետեւ նախկինում, երբ մրցույթ էր լինում, 7-ը 1-ի հարաբերակցություն կար, այսինքն՝ 7 հոգի դիմում էին 1 տեղի համար, իսկ հիմա ընդհուպ թափուր տեղեր կան ու դատավոր դառնալու համար անհրաժեշտ է հանձնել ընդամենը թեստ. «Եթե դատավորը տեսնում է, որ պիտի աշխատի մինչեւ 12-ը ու վաստակի այնքան, ինչքան միջին փաստաբանը ընդամենը մի գործով է վաստակում, այստեղ մտածելու բան կա՝ արժե՞ դառնալ դատավոր, թե՞ ոչ»:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանն ասաց, որ Անգլիայում, օրինակ, գործը չի ընդունվում դատական վարույթ, եթե նախադատական փուլ չի մտել. «Մենք գործ ունենք, փաստաբանը գալիս է, ասում է՝ գիտեմ, շանս չունեմ, բայց գործը հնարավորինս երկարացրեք: Այստեղ գործ ունի նաեւ Փաստաբանական պալատը, նման փաստաբանների նկատմամբ պետք է առավելագույնս խիստ սանկցիաներ կիրառել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930