Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ։
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմաշերտ փոխգործակցությամբ։ Նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունները մշտապես գտնվում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։
Ահմեդ Աբուլ Ղեյթը նշել է, որ արաբական աշխարհում Հայաստանը սիրված գործընկեր և բարեկամ է, որի հետ պատրաստակամ են հնարավորինս ջանքեր ներդնել՝ առավել սերտ փոխգործակցության հարթակներ ստեղծելու համար։
Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր մտահոգություններն է հայտնել վերջերս Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի մի շարք հակահայկական և իրականության հետ կապ չունեցող դրվագների վերաբերյալ, որոնցում Ադրբեջանի նախագահը փորձել է այլախեղել Ղարաբաղյան հակամարտության բովանդակությունը և այն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։ Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է կրոնական կամ խտրականության, անհանդուրժողականության որևէ դրսևորում։
Կարդացեք նաև
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միանշանակորեն շահագրգիռ է քայլեր ձեռնարկել հնարավորինս թյուրընկալումները հարթելու ուղղությամբ և նպաստել սեփական դիրքորոշումը ներկայացնելու հայկական կողմի իրավունքի ապահովմանը։
Զրույցի ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ և բազմակողմ ձևաչափով շփումները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ