Շիրակի մարզի հղի կանայք այսուհետ սքրինինգային հետազոտության կարող են ենթարկվել Գյումրի բժշկական կենտրոնին միավորված Գյումրու ծննդատանը։
Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ձեռք են բերել սարքավորում․ այն լավագույններից է, և որ հղիների սքրինինգ սկսել են իրականացնել Նորք Մարաշ սրտաբանական կենտրոնի բժիշկների հետ։
«Իրականացնում ենք սքրինինգ, որը չի արվել Շիրակի մարզում դեռ ոչ մի անգամ՝ դեռ չծնված երեխաների մոտ հայտնաբերելով սրտի արատները։
Ժամանակին նորից հետազոտում ենք ու որոշում՝ հնարավո՞ր է ծննդաբերությունից հետո վիրահատել, բնականոն կյանքի կանցնի՞ երեխան, թե՞ հղիությունը ընդհատելու խնդիր կա։
Կարդացեք նաև
Դա նորույթ է, որը վերջերս սկսել ենք, դիմողները շատացել են, կարիքը մեծ է»,- ասաց Արմեն Իսահակյանը։
Նա նաև ասաց, որ դիմելու են Առողջապահության նախարարություն՝ սքրինինգ իրականացնելու նպատակով պետպատվերի հայտ խնդրելու։
Արմեն Իսահակյանը նաև տեղեկացրեց, որ ավելացել է ծնունդների թիվը։
Նրա հաղորդմամբ՝ այս տարվա սեպտեմբերին 72 երեխա է ծնվել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 42-ն էին, 2020 թվականին՝ 40-ը։
Այս տարվա հոկտեմբերին էլ 74 երեխաներ են ծնվել, նախորդ տարի նույն ժամանակահատվածում, երբ Գյումրու ծննդատունն արդեն իսկ միավորվել էր Գյումրի բժշկական կենտրոնին, 64 ծնունդ է գրանցվել։ 2020 թվականին 48 ծնունդ էր։
Արմեն Իսահակյանը ծնունդների թվի կրկնակի ու եռակի ավելացումը կապում է Գյումրու ծննդատունը Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու, ծննդատան շենքը գերժամանակակից վերանորոգման ենթարկելու, պայմանները բարելավելու, միջազգային չափորոշիչներին համապատասխան ծնարան ունենալու հետ։
Վերջինս հայ ընտանիքներին հորդորում է լրջորեն մտածել ժողովրդագրության մասին, չսահմանափակվել 1-2 երեխայով ու լրացնել բացակա տղաների տեղը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրի բժշկական կենտրոնի