Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հարցվածների 82%-ը գտնում է, որ հովանավորչությունը, մերձավոր ազգականներին պաշտոնի նշանակումը կոռուպցիայի չափազանց տարածված ձեւերից են

Նոյեմբեր 08,2022 17:39

Պետական պաշտոնյաներին պարբերաբար պարգեւավճարներ տալը կոռուպցիայի դրսեւորում է համարում Հայաստանում հարցվածների մոտ 60%-ը։ Ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի (ՀՌԿԿ-Հայաստան), պետական պաշտոնյաներին պարբերաբար պարգեւավճարներ տալը բարձր կոռուպցիոն ռիսկ պարունակող դրսեւորում է։ Կենտրոնի դիտարկմամբ, պարգեւավճարների մասին հարցվածների պատասխանը կարող է վկայել այն մասին, որ հանրության մեծ մասի համար տեսանելի չեն այն չափանիշները, որոնց հիման վրա տրվում են այդ պարգեւավճարները։

ՀՌԿԿ-Հայաստանը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացրել է Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն։ Հետազոտությունն իրականացվել է 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում դեմ առ դեմ հարցման միջոցով, որին մասնակցել է 1520 հարցվող։

Կոռուպցիոն գործողությունների ընկալումը

Բարձր կոռուպցիոն ռիսկի մասին ընկալումների վերաբերյալ հարցման համաձայն՝ հարցվածների 72.9%-ը գտնում է՝

գործարարների կողմից կուսակցություններին/ դաշինքներին կատարվող նախընտրական քարոզարշավի համար նվիրատվությունները կոռուպցիայի դրսեւորում են։ Այդ կարծիքի համաձայն չէ հարցվածների 23.7%ը: Ըստ ՀՌԿԿ-Հայաստանի, 2019 թվականին սա կոռուպցիայի դրսեւորում է համարել հարցվածների 68%-ը։ Հետազոտության հեղինակների դիտարկմամբ, այս վարքագիծը թեեւ պարունակում է բարձր կոռուպցիոն ռիսկ, բայց կոռուպցիայի դրսեւորում չէ։

Պետական պաշտոնյաներին պարբերաբար պարգեւավճարներ տալը կոռուպցիոն դրսեւորում է համարում հարցվածների 59.6%-ը, հարցվածների 14.5%-ը՝ ավելի շուտ համաձայն չէ, ընդհանրապես համաձայն չէ 22.4%-ը։

Գործարարների՝ պետական հիմնադրամներին կատարվող բարեգործական մուծումները կոռուպցիոն դրսեւորում են համարում հարցվածների 26.4%-ը, ինչը 7%-ով պակաս է 2019 թվականի համեմատ։ Հարցվածների 21.3%-ն ավելի շուտ համաձայն չէ, որ նշված երեւույթը կոռուպցիա է, ընդհանրապես համաձայն չէ 47.5%-ը։ Գործարարների կողմից պետական հիմնադրամներին կատարվող բարեգործական մուծումներն, ըստ հետազոտության հեղինակների, պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, բայց կոռուպցիայի դրսեւորում չեն։

Համեմատած 2019 թ տվյալների հետ՝ ավելացել է այն մարդկանց քանակը, որոնք պետական պաշտոնյայի կողմից ծառայողական ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելը կոռուպցիայի դրսեւորում է համարում․ 2019-ին այդ կարծիքին էր հարցվածների 58%-ը, իսկ այժմ այդ նույն տեսակետն ունի քաղաքացիների 65%-ը։

Ուշադիր վերաբերմունքի համար բժշկին, ուսուցչին նվեր կամ ծաղիկ տալը կոռուպցիայի դրսեւորում է համարում հարցվածների 26%-ը, մինչդեռ հետազոտության հեղինակների դիտարկմամբ, դրանք կոռուպցիայի դրսեւորումներ են։

Հարցվածների 90.5%-ը գտնում է, որ պետական պաշտոնյային գումար առաջարկելը՝ իր օգտին որոշում, գործողություն կատարելու կամ չկատարելու համար, կոռուպցիա է, իսկ 8.3%-ն այդ կարծիքին չէ։

Քաղաքացու քվեն ստանալու նպատակով թեկնածուի կողմից որեւէ ապրանք կամ ծառայություն խոստանալը (օրինակ, անվճար վիրահատություն կազմակերպել) կոռուպցիա է համարում հարցվածների 90.8%-ը, այս կարծիքին չեն հարցվածների 8.4%-ը։

Պետական գնումներով կնքված պայմանագրի գումարի մի մասի թողնելը գործարքը սատարած պաշտոնյային այս վարքագիծը կոռուպցիա է համարում հարցվածների 83.2%-ը, այս կարծիքը չի կիսում հարցվածների 14.1%-ը։

Ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների օրը շահադիտական նպատակով հանձնաժողովի անդամներին սննդով ապահովել սա կոռուպցիա է համարում հարցվածների 51.5%-ը, նման կարծիքի հետ ավելի շուտ համաձայն չէ 16.2%-ը, ընդհանրապես համաձայն չէ հարցվածների 30.3%-ը։

 

Կոռուպցիայի դրսեւորման ձեւերի ընկալումը

Հովանավորչությունը /ԽԾԲ/, մերձավոր ազգականներին պաշտոնի նշանակումը հարցվածների 82%-ը համարում է, որ դա կոռուպցիայի չափազանց տարածված ձեւերից է։

Բիզնեսի եւ պետական պաշտոնի համատեղումը հարցվածների 76.8%-ը գտնում է, որ %չափազանց տարածված է։

Կոռուպցիայի դրսեւորման ձեւերից հարցվածների կարծիքով չափազանց տարածված են՝ կաշառակերությունը՝ 74.6%-ը, փողերի լվացումը ՝ 66.2%, պետական բյուջեի մսխումը կամ յուրացումը՝ 64.9%, պետական դրամաշնորհների տրամադրման ոչ թափանցիկ գործընթացը՝ 61%, գնումների դեպքում «օտկատներ» կամ մաղարիչը՝ 59.7%:

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930