Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ամենայն հայոց կաթողիկոսը չի այցելում Արցախ. Ստեփան Հասան-Ջալալյան

Նոյեմբեր 08,2022 17:35

2022թ. նոյեմբերի 5-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այցելել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք։

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում աղոթելուց հետո Գարեգին երկրորդը եկեղեցում ներկա ժողովրդին ուղղված իր խոսքում, մասնավորապես, ասել է հետևյալը. «Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման…Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»:

Մի շարք հասկանալի պատճառներով միանգամայն ողջունելի է և տեղին կաթողիկոսի այցելությունը Ջերմուկ:

Այս ամենի հետ միաժամանակ, սակայն, հարկ է նշել հետևյալը. ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի կրակի դադարեցումից անցել է գրեթե երկու տարի: Սակայն, մինչ օրս Ամենայն հայոց կաթողիկոսը չի այցելել Արցախ: Այս առնչությամբ առաջանում է շատ բնական հարց. ինչո՞ւ հայոց եկեղեցու հայրապետն Արցախ չի այցելում: Չէ՞ որ Արցախը Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկն է, թերևս ամենահարուստ անցյալն ունեցող թեմը: Բավական է ասել, որ նախքան թեմ դառնալը Արցախում մոտավորապես 1300 տարի գոյություն է ունեցել Գանձասարի կաթողիկոսությունը:

Միթե՞ այսօր Արցախը կարիք չունի «ապաքինման և վշտերի թոթափման», ինչպես իրավացիորեն իր խոսքում նկատել է Գարեգին երկրորդը Ջերմուկի առնչությամբ:

Միթե՞ Արցախը «մեր հայրենիքը» չէ:

Միթե՞ կաթողիկոսը չի կարող գնալ Գանձասար, կամ Դադիվանք, կամ Ամարաս, կամ Ստեփանակերտ և ասել նույնը, ինչ, մասնավորապես, ասել է Ջերմուկում. «Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները:»:

Ամենայն հայոց կաթողիկոսի՝ մինչ օրս Արցախ չայցելելու վարքագիծը բացատրելու համար առանց բացասական դիտավորության և տողատակերի կարելի է առաջ քաշել հետևյալը ենթադրությունները՝

  • Ամենայն հայոց հայրապետն անհանգստանում է իր անվտանգության համար, կամ
  • Արցախ չայցելելու մասին Գարեգին երկրորդը պայմանավորվածություն ունի Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, կամ
  • Ամենայն հայոց հայրապետն անտարբեր է Արցախի, արցախահայության ներկա վիճակի նկատմամբ, կամ
  • Կա մի չորրորդ պատճառ, որի մասին հայկական զույգ հանրապետությունների հանրությունը տեղյակ չէ:

Եթե Նիկոլ Փաշինյանը և իր մերձավոր շրջապատի մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում դե ֆակտո զբաղեցնում են բարձրագույն իշխանության տարբեր պաշտոններ, չեն այցելում Արցախ, հասկանալի է, քանի որ թե՛ Նիկոլ Փաշինյանը և թե՛ այդ մարդիկ, ունեն հակաարցախյան դիրքորոշում, որի մասին, ի դեպ, բազմիցս բարձրաձայնել են:

Ինչ վերաբերում է Ամենայն հայոց հայրապետին, ապա անհրաժեշտ է նշել, որ նա երբևէ հրապարակային հանդես չի եկել Արցախի ու արցախահայության դեմ հայտարարություններով, մոտեցումներով և այլն:

Եվ այս պարագայում արդարացի հարց է առաջանում, թե ինչո՞ւ Գարեգին երկրորդն ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմից գրեթե երկու տարի անց չի այցելել Արցախ:

Կարծում եմ՝ շատ սպասված և անհրաժեշտ այց կլիներ, եթե Ամենայն հայոց հայրապետը մեկներ Արցախ, անձամբ շփվեր Արցախի մեր հավատավոր քույրերի ու եղբայրների հետ, Հայոց աշխարհի, այդ թվում Արցախի խաղաղության և բարօրության համար աղոթք բարձրացներ Արցախի բազմադարյա հոգևոր կենտրոններում՝ Գանձասարում, Դադիվանքում, Ամարասում:

Սա շատ հզոր ազդակ կլիներ թե՛ ողջ հայությանը ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, թե՛ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոններին, և թե՛ մեր թշնամիներին առ այն, որ Արցախը եղել է հայկական ու հայապատկան և լինելու է հայկական ու հայապատկան:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930