Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի անբաժանելի մասը». Գեղամ Ստեփանյան

Նոյեմբեր 08,2022 16:50

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ թվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության կենտրոն էր սահմանվում Շուշի քաղաքը։ Սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրությամբ 1923թ֊ին, երբ Արցախի մի փոքրիկ հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձավ ոչ թե Շուշին, այլ Ստեփանակերտը։

Շուշին զավթելու, նրա հայկականությունը աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ Քաղաքը յուրացնելու ընթացքում, ինչպես 1900֊ականների սկզբին, այնպես էլ 2020թ֊ին թուրք֊ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգևոր֊մշակութային արժեքների ոչնչացումն ու աղավաղումը։

Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը։
Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք֊ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։

Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան։

Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930