Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կոռուպցիա բառը դարձրել էին Աստված բառին հոմանիշ»․ Նարինե Դիլբարյան

Նոյեմբեր 08,2022 16:54

«Կարծում եմ այնպես չէ, որ պարոն Սուքիասյանի պահվածքը իմիտացիա էր, հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։ Նա իսկապես գերնյարդայնացած էր։ Ես զարմացած եմ նրա պահվածքից։ Նրան վաղուց եմ ճանաչում, ինքը խորհրդարանում աշխատում էր միշտ զուսպ լինել իր արտահայտություններում», -«Հայելի» ակումբում նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում լրագրողների հետ շփման ժամանակ Խաչատուր Սուքիասյանի պահվածքին: Գործարար պատգամավորին հունից հանել էր լրագրողի հարցը, որը վերաբերում էր «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը կիրառելու գործողություններին ու մասնավորապես «Սիլ պլազա» շենքի պատմությանը:

Նարինե Դիլբարյանի խոսքով, Սուքիասյանը նյարդայնացավ, թե ինքը մի պատ է գնել , մինչդեռ խնդիրը այդ պատը չէր, այլ Երեւանի կենտրոնում գտնվող տարածքը, եւ որ ամենակարեւորն է՝ լեզվաբանի կարծիքով, իրականության բացահայտման փորձը գործարարի համար իսկապես անակնկալ էր։

Նա փաստում է, որ իշխանությունը, մասնավորապես ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ իշխանությունը միասեռ զանգված չէ, եւ նրա ներսում էլ կա ընդդիմություն, ինչի արտահայտությունն է նաեւ Սուքիասյանի եւ նախարար Քերոբյանի առճակատումը․ «Բավականին զավեշտալի համբավ ունեցող էկոնոմիկայի նախարարի ներկայացրած պատկերն իրոք ծիծաղելի էր, իսկ Սուքիասյանը լինելով մի մարդ, որ իրապես լավ է հասկանում տնտեսությունից, նշեց, որ ոչինչ չեք արել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո, երբ Հայաստան են գալիս մարդիկ՝ մեծ գումարներով ու գործունեություն են ծավալում»։ Գործարար պատգամավորը նաեւ ասել էր, որ իրեն հաճելի չէ նման կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալը, որը ոչ մի թիվ ու ծավալ չի նշում։

Դիլբարյանը վստահ է, որ ՔՊ-ական թիմում յուրաքանչյուրի վրա ունեն ինչ-որ փաթեթ գործեր հարուցելու, հանրային դժգոհություն բարձրացնելու համար։

Մյուս կողմից էլ նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքար որակվող «զենքն» արդեն վաղուց իրեն սպառել է։ Նրա խոսքով, ապրում ենք միֆերի փլուզման ժամանակաշրջանում, ինչը պահանջում է հասարակության քաղաքական, գիտական եւ մտավոր ներուժի համախմբում․ «Հեղափոխությունը կատարվեց մի քանի ցնցիչ ձեւավորված միֆերով, որը նաեւ ազդեց Արեւմուտքի վրա։ Օրինակ, առաջին միֆն այն էր, թե իբր Հայաստանը ժողովրդավարության միջնաբերդն է, եւ իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ։ Ընդ որում, կոռուպցիա բառը դարձրել էին Աստված բառին հոմանիշ, իսկ հաջորդ զարհուրելի միֆն այն էր, որ իրենք բերում են ժողովրդավար ընտրություններ»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930