Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնագետները եզրակացություն են տվել, որ գերությունից վերադարձված 17 անձանց մի մասի հետագա ծառայությունը նպատակահարմար չէ»․ Հրանտ Ջիլավյան

Նոյեմբեր 08,2022 16:26

«Մի կողմից պետք է արձանագրել դրական զարգացում․ 44-օրյա պատերազմից հետո գերության մեջ գտնվող զինծառայողների վարձատրությունը պահպանվում էր, ինչը կարևոր սոցիալական երաշխիք էր, մյուս կողմից՝ վերադարձից հետո ունենք խնդիրներ»,- «Հոդված 3» ակումբում «Գերությունից՝ քննչական մարմիններ, հայրենադարձված զինծառայողների վերականգնողական խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավապաշտպան Աննա Մելիքյանը։

Նա կարևորեց, որ վերադարձված զինծառայողներն անցնեն պատշաճ վերականգնողական բուժում, և դրանից հետո որոշվի նրանց հետագա զբաղվածությունը զինված ուժերի համակարգում։ Իրավապաշտպանն ասաց, որ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու նշեց․ «Մեծ մասամբ հետագա ծառայության վերադառնալու հարցը զինծառայողի ցանկությունն է։ Օրինակ՝ Ուկրաինայում նախագիծ է բերվել նման լուծում առաջարկելու։ Ծառայությունը դադարեցնելու հիմք չկա, բայց բոլորն էլ գիտակցում են, որ գերության մեր գտնվելն արդեն տրավմա է, վատ վերաբերմունքի են ենթարկվում անձինք, ուստի բացի վերականգնողական բուժում ցուցաբերելը նրանց հնարավորություն են տալիս որոշելու՝ ցանկանո՞ւմ է շարունակել ծառայությունը, թե՝ ոչ։ Մոբիլիզացիային միանալ-չմիանալն էլ է նրանց ցանկությամբ։ Նույնը նաև ԱՄՆ-ում է»։

Աննա Մելիքյանն անդրադարձավ նաև վերադարձված զինծառայողներին քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրանց նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու խնդրին ու նկատեց․ «Մի կողմից իրականում նոր հանցակազմ չէ․ բավականին վաղուց է նախատեսված քրեական օրենսգրքով կամովին գերության մեջ հայտնվելը, մարտադաշտը թողնելը, մյուս կողմից իրականում խնդիր կարող է առաջանալ իրազեկման առումով։ Արդյոք մեր զինծառայողները բավարար գիտելիքներ ունե՞ն գնահատելու իրավիճակը, հասկանալու՝ սա հանցագործությո՞ւն է, թե՞ մարտական գործողություններով պայմանավորված գերի հանձնվելն է կյանքը փրկելու համար և այլն։ Այլ երկրներում էլ են գերության մեջ հայտնվելու հանգամանքները պարզելու համար իրականացնում քննություններ։ Սակայն մեր իրավիճակում խնդրահարույց է իրազեկվածության պակասը և´ ընդհանուր հասարակության մեջ, և´ զինծառայողների շրջանում։ Դրա համար էլ ավելի լարվածություն է ստեղծվում այն հանգամանքից, որ վերադարձված զինծառայողները ոչ ընտրության հնարավորություն ունեն, ժամկետներն էլ սուղ են։ Գերությունից վերադարձվածի համար զինծառայության վերադարձը կրկնակի սթրես է առաջացնում, և շատ հնարավոր է ակտիվ ծառայության անցնելիս կրկին տրավմայի զոհ դառնան»։

ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը փաստեց՝ իրավական առումով մեր ներպետական օրենսդրությունը՝ որպես այդպիսին գերեվարված լինելու, գերությունից վերադառնալուց հետո, հայրենադարձված լինելու փաստի ուժով չի ամրագրում զինծառայության շարունակության արգելք։ Նա ասաց․ «Եթե ֆիզիկական ու հոգեբանական առողջությունը թույլ է տալիս, պետք է անձը շարունակի զինծառայությունը։ Պետք է գնահատվի այս անձանց հետագա ծառայության նպատակահարմարությունը, իրենց տրված ռազմական օգուտը և հնարավոր վտանգերը։ Այստեղ խոսք կարող է լինել ոչ միայն վերադարձած անձանց իրավունքների խախտման առումով, այլ ընդհանուր անվտանգային առումով»։

Նա հայտնեց, որ գերությունից վերադարձված 17 անձանց հետ ՄԻՊ աշխատակիցները տեսակցել են։ Այս առիթով մանրամասնեց․ «Պատշաճ հոգեբանական փորձաքննության իրականացման պահանջը ներպետական օրենսդրությամբ առկա է։ Գերությունից վերադարձված անձանց մի մասը կամարտահայտություն են դրսևորել ստանալ հոգեբանական աջակցություն։ Մեր, հասարակական սեկտորի ներկայացուցիչների աջակցությամբ տրամադրվել է հոգեբանական աջակցություն։ Մասնագետները նրանց մի մասի վերաբերյալ տվել են եզրակացություն, որ այս վիճակում այս անձանց հետագա ծառայությունը նպատակահարմար չէ, իրենք կարիք ունեն ինտենսիվ հոգեբանական աշխատանքների։ ՊՆ-ին կոնկրետ անձանց վերաբերյալ գրություն ենք հասցեագրել և պահանջել պատշաճ փորձաքննություն իրականացնել և այդ արդյունքների հաշվառմամբ քննարկել հետագայում ծառայության շարունակության հարցը։ Բայց սա ոչ թե պետք է լինի ՄԻՊ նախաձեռնությամբ, հասարակական սեկտորի օժանդակությամբ, այլ պետությունն ունի այդ պոզիտիվ պարտականությունը, որ բոլոր հայրենադարձված անձանց նկատմամբ պատշաճ փորձաքննության իրականացնի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930