«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծով նախատեսվում է կարգավորել հեռարձակման հերթականությունը՝ դարձնելով նույնական. «Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման առաջնահերթությունների ու հերթականության համակարգի միասնական կիրառության սահմանումը` անկախ սփռման տարածքից, օպերատորից եւ հեռարձակողից»:
ՀՀ գործող 50-ից ավելի ցանցային օպերատորները իրենց տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն: Նման մոտեցումն, ըստ նախագծի հեղինակ ՔՊ-ական պատգամավորների, առաջին հայացքից ընկալվում է օպերատորի գործունեության ազատություն, սակայն սպառողի համար առաջ է բերում օգտվելու անհարմարություններ եւ դժգոհություն, քանի որ հեռարձակվող ծրագրերը տարբեր հերթականությամբ են հասանելի հեռուստալսարանին: Նախաձեռնության համար հիմք են հանդիսացել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքներն ու ստացված դիմումները:
«Պայմանական՝ առաջին թվանշանի վրա պետք է լինի «իքս» հեռուստաընկերությունը՝ անկախ նրանից, թե հեռարձակումը ո՞ր օպերատորի միջոցով է»,- նախագծի նպատակը հանձնաժողովի նիստում, ավելի հանրամատչելի ներկայացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ դա նաեւ հեռուստաընկերության շահերից է բխում՝ մարկետինգի եւ PR-ի տեսանկյունից: Իր գնահատմամբ, սա խրախուսում է նաեւ մարզային եւ հեղինակազորված հեռուստաընկերություններին, քանի որ ցանկում նրանք էլ ընդգրկված կլինեն՝ առաջնային դիրքերում՝ 25-ից բարձր ալիքներում, թեեւ չկան հանրային մուլտիպլեքսում: Որպեսզի արդարության սկզբունքը պահպանվի, էլեկտրոնային վիճակագրություն կանցկացվի կամ մեխանիկական վիճակագրություն կիրականացվի՝ բացառությամբ հանրային հեռարձակողների, որոնք կլինեն առաջինը:
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նույն օրենքում մեկ այլ փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ հեռուստաընկերությունը՝ մինչեւ նոր մրցույթի անցկացումը, կարող է լինել եթերում՝ սեփական դիմումի համաձայն, եթե դատարանն առաջին մրցույթից հետո որոշել է, որ մրցույթը խախտումներով է եղել եւ տվյալ հեռուստաընկերության հեռարձակումը պետք է դադարեցվի: Ըստ Սիսակ Գաբրիելյանի, սա նաեւ հանրային շահն է սպասարկում, քանի որ նոր մրցույթի նախապատրաստական փուլը մոտ երկու ամիս է տեւում, արդյունքում, այդ սլոթում որոշակի ժամանակահատված հեռարձակում չի իրականացվում, մինչդեռ քաղաքացին ըստ սահմանադրության ունի տեղեկատվություն ստանալու իրավունք, որը պետք է իրացվի:
Այս փոփոխության համար հիմք է հանդիսացել գոյություն ունեցող խնդիրը, քանի որ մեկ հեռարձակողի բողոքի հիման վրա դատարանն անվավեր է ճանաչել հեռարձակողներին լիցենզիա տալու մասին կայացված որոշումը, ինչի արդյունքում հինգ հեռարձակողներ չէին կարողանա հեռարձակում իրականացնել:
Մանրամասները՝ տեսանյութում
Երկու նախագծերն էլ դրական եզրակացություն ստացան՝ ընդգրկվելով առաջիկա քառօրյայի օրակարգ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ