Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել 2009թ. բանակում ինքնասպանություն գործած Արտակ Նազարյանի հարազատների բողոքի հիման վրա՝ պարտավորեցնելով Հայաստանի կառավարությանը դիմումատուներ Ծովինար Նազարյանին և Հասմիկ Հովհաննիսյանին վճարել 20 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և 3500 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Դատարանը նշել է, որ քրեական հետախուզության ընթացքում մի շարք լուրջ անճշտություններ են տեղի ունեցել Նազարյանի մահվան հանգամանքների հետ կապված, ընդ որում, դրանք բոլորն էլ ներպետական դատավարության ընթացքում և Կառավարության կողմից բացատրվել են որպես «տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների հետևանք։ Թեև դիմումատուները կարող էին լուրջ կասկածներ ունենալ, որ քննությունը փորձել է կոծկել դիտավորյալ սպանությունը, այնուամենայնիվ, ՄԻԵԴ ներկայացված նյութերը թույլ չեն տվել պաշտպանել «ողջամիտ կասկածից դուրս» այն վարկածը, որ Նազարյանին կյանքից զրկել են դիտավորյալ:
Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ պետությունը պատասխանատվություն է կրում այն անձի մահվան համար, ում ինքնասպանության են հասցրել զինծառայության ընթացքում ահաբեկման և դաժան վերաբերմունքի միջոցով: Դատարանն արդեն գտել է, որ պայմանագրային զինծառայողները գտնվում են պետական մարմինների միանձնյա հսկողության տակ, որոնց պարտականությունն է պաշտպանել նրանց և իրականացնել արդյունավետ ծառայողական քննություն ցանկացած մահվան ելքի, այդ թվում ենթադրյալ ինքնասպանությունների դեպքում: Հետաքննությունները պետք է իրականացնեն ներգրավվածներից անկախ, այդ թվում իրադարձություններից անկախ մարդիկ, և զոհի ընտանիքը պետք է հասանելիություն ունենա դրան: Եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անաչառ վերլուծության վրա:
Դատարանը նշել է, որ չկան ապացույցներ, որոնք վկայում են, որ Նազարյանը երբևէ ունեցել է հոգեկան խանգարում կամ ինքնասպանության փորձերի կամ ինքնավնասման պատմություն:
Կարդացեք նաև
Տեղի իշխանությունների հետաքննությունը եզրակացրել էր, որ Ա. Նազարյանի ինքնասպանությունն ուղղակիորեն կապված է եղել իր ծառայակիցների կողմից վատ վերաբերմունքի և նվաստացման հետ: Մասնավորապես, ներքին հետաքննության տվյալներով՝ կապիտան Հ.Մ.-ն ծեծի է ենթարկել նրան ուրիշների ներկայությամբ՝ «դրանով իսկ հարված հասցնելով նրա արժանապատվությանը և ստեղծելով անառողջ բարոյական միջավայր ռազմաբազայում», ինչի հետևանքով նա ենթարկվել է դաժան վերաբերմունքի իր իսկ հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից։
Ավելին, քրեական գործով պարզվել էր, որ ռազմաբազայի զինծառայողներին «ակնհայտ է դարձել», որ Ա.Նազարյանը կարող է վնասել իրեն, ինչի պատճառով կապիտան Հ.Մ.-ն հրամայել էր Ա. Նազարյանի ինքնաձիգից հանել փակաղակը, հրաման, որը չի կատարվել: Կապիտան Հ.Մ.-ն և ավագ լեյտենանտ Վ.Հ.-ն նման կասկածներ են ունեցել նաև այն բանից հետո, երբ հարվածել են Նազարյանի քթին՝ հասցնելով արյունահոսության: Ուստի Դատարանը եզրակացրել է, որ Նազարյանի վերադասները և մյուս զինծառայողները գիտեին կամ պետք է իմանային, որ իրական և անմիջական վտանգ կա, որ նա կարող է ինքնասպանություն գործել:
Դատարանը նշել է, որ այն ժամանակ զինված ուժերում հոգեբանական գնահատման և աջակցության համակարգ չկար։ Այսպիսով, Նազարյանին նման աջակցություն չի ցուցաբերվել՝ չնայած նշաններին, որ նա ինքնասպանության վտանգի տակ է: Ավելին, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել այդ ռիսկի իրականացումից խուսափելու համար։ Հետևաբար, պետությունը չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունը՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք կարող էին պաշտպանել Նազարյանի կյանքը զինվորական ծառայության ընթացքում։
Հետևաբար, Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ նյութաիրավական մասով:
Դատարանը գտել է, որ նախաքննությունն իրականացվել է ջանասիրաբար և անհիմն ձգձգումներ չեն եղել։ Նաև նկատել է, որ ՊՆ քննչական ծառայությունը եղել է առանձին կառույց՝ զինվորական կառույցի մաս չհանդիսացող քննիչներով։ Որևէ հիմք չկա ենթադրելու, որ քննության պատասխանատուները որևէ կապ կամ աշխատանքային հարաբերություններ են ունեցել Նազարյանի զորամասի հետ: Որևէ հիմք չկա նաև ենթադրելու, որ քննությունը եղել է կանխակալ: Հետևաբար, Դատարանը համարել է, որ քրեական հետաքննությունը եղել է բավականաչափ անկախ:
Այնուամենայնիվ, Դատարանը գտել է, որ հետաքննության եզրակացությունները հիմնված չեն եղել բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անաչառ վերլուծության վրա։ Տարբեր անհամապատասխանությունները մատնանշում են կոպիտ թերություններ. օրինակ, դիահերձման եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են մի շարք ոչ հրաձգային վնասվածքներ, սակայն այդ վնասվածքների համար համապատասխան բացատրություն չի տրվել։
Թեև ի վերջո եզրակացությունում նշվել է, որ Նազարյանն ինքնասպանություն է գործել՝ ինքնաձիգից կրակելով իր բերանի մեջ, հետաքննությունը չի կարողացել բացատրել, թե ինչպես է ստացվել, որ նրա ինքնաձիգի բոլոր փամփուշտները տեղում են եղել:
Դատարանը եզրակացրել է, որ այս գործով անցկացված հետաքննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի ապահովել դիմումատուների ներգրավվածությունը դրանում բավարար չափով՝ պաշտպանելու իրենց շահերը և նրանց հնարավորություն տալու պատշաճ կերպով իրականացնել իրենց իրավունքները: Հետևաբար, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում է տեղի ունեցել նրա ընթացակարգային մասով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ