Ատեստավորման եւ տարակարգերի մեխանիզմը կներդրվի նաեւ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում: «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին նախագիծն այսօր քննարկվեց եւ միաձայն ընդունվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:
Շուրջ 7 հազար աշխատակիցների մասին է խոսքը, որոնք այժմ աշխատում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Հանրակրթության այդ փորձն այստեղ, ըստ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, չի կարող կրկնվել, քանի որ մասնագիտական կրթության մասին է խոսքը, ուստի, ոլորտի համար մեխանիզմներ կմշակվեն:
Համակարգի ներդրման արդյունքում նախատեսվում է նաեւ աշխատավարձերի բարձրացում: Ուսուցիչների դեպքում դրույքաչափը կրկնապատկվում է՝ գումարած 30-50 տոկոս հավելավճար, այս դեպքում նույնպես, աշխատավարձի չափը պետք է լինի նույն տրամաբանությամբ՝ համաչափ մոտեցման սկզբունքով:
Նախատեսվում է գործընթացը սկսել 2024 թվականից, հավանաբար, մեկնարկը կտրվի գյուղատնտեսության ոլորտի հաստատություններից, որպես գերակա ճյուղ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ