Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական վարչակարգի «երկար ձեռքը». ե՞րբ է աշխարհը վերջ դնելու Թուրքիայի ոճիրներին. Հարութ Սասունյան

Նոյեմբեր 08,2022 15:33

Տարիներ շարունակ տասնյակ զեկույցներ են գրվել՝ թուրքական իշխանությունների կողմից ամբողջ աշխարհում թուրք քաղաքացիների լայնամասշտաբ առևանգումների մասին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգը քննադատելու համար։

Աքսորյալ թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը բացահայտել է թուրքական այս անօրինական գործողությունները` տրամադրելով թուրքական կառավարության աղբյուրներից ստացած գաղտնի փաստաթղթերի պատճենները: Զարմանալի չէ, որ Թուրքիան նրան ձերբակալելու հրաման է տվել։ Նա Շվեդիայում հրատարակում է Nordic Monitor-ը։

Բոզքուրտը 2022 թվականի նոյեմբերի 3-ին հոդված է գրել Nordic Monitor-ում՝ «Թուրք դիվանագետների լրտեսությունը 2022 թվականին շարունակվել է նոր թիրախներով՝ Նորվեգիայում, Նիդեռլանդներում և Հունաստանում» վերնագրով։

Բոզքուրտը հրապարակել է թուրքական մի գաղտնի փաստաթուղթ, որը թողարկվել է Անվտանգության գլխավոր տնօրինության կողմից 2022 թվականի հունիսի 7-ին։ Նա բացահայտել է, որ արտասահմանում գտնվող դեսպանատներում և հյուպատոսություններում աշխատող թուրք դիվանագետները շարունակում են «քննադատների և հակառակորդների մասին տեղեկություններ հավաքելու անօրինական գործունեությունը Եվրոպայում»։

Բոզքուրտը հայտնել է, որ «երկու թուրք դիվանագետներ, այն ժամանակ մամուլի կցորդ Հաջի Մեհմեդ Ղանին և Հաքան Քամիլ Յերգեն, այն ժամանակ Բեռնում թուրքական դեսպանատան երկրորդ քարտուղարը, 2016-ին թմրանյութերի կիրառմամբ առևանգել են շվեյցարացի թուրք գործարարի: 2018 թվականի հունիսին Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը երկու թուրք դիվանագետների ձերբակալության հրահանգ է տվել»։

Բացի իրենց հակառակորդներին բռնելու և տուն բերելու  փորձերից, Թուրքիայի կառավարությունը երկրի ներսում բանտարկում է նրանց հարազատներին և բռնագրավում նրանց ունեցվածքը։

2022 թվականի նոյեմբերի 4-ին Nordic Monitor-ում հրապարակված երկրորդ՝ «Թուրքական հետախուզությունը շարունակում է լրտեսել լրագրողներին Շվեդիայում» վերնագրով հոդվածում, Բոզքուրտը հայտնում է, որ Շվեդիայում Nordic Monitor-ի խմբագիր Լևենթ Քենեզին «լրտեսել է Թուրքիայի հետախուզական ծառայությունը՝ նրա անձնական տեղեկատվությունը հրապարակելով թուրքական լրատվամիջոցներում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի կողմից տպագրվող «Սաբահ» թերթը անցյալ երեքշաբթի հրապարակել է Քենեզի լուսանկարները Ստոկհոլմի իր բնակարանի դիմաց, որտեղ նա ապրում է ընտանիքի հետ, հրապարակել է նրա հասցեն ու առօրյայի մանրամասներ՝» վտանգի ենթարկելով նրանց։ Հասկանալի է, որ ներքին քննադատներին լռեցնելուց հետո, Էրդողանը հիմա էլ փորձում է իր քննադատներին լռեցնել արտասահմանում։

Երրորդ հոդվածը, որը վերնագրված էր՝ «Թուրք դիվանագետները շահագործել են ԱՄՆ ներքին անվտանգության կայքը՝ ԱՄՆ-ում այլախոհներին հետևելու համար», Բոզքուրտը Nordic Monitor-ում հրապարակել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին։

Բոզքուրտը բացահայտել է թուրքական մի գաղտնի փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ թուրքական հետախուզական գործակալությունը օգտագործել է ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության կայքը՝ ԱՄՆ-ում թուրք բժշկին հետևելու համար, որը քննադատում է թուրքական կառավարությանը: ԱՄՆ կառավարության կայքէջում մարդկանց անձնական տվյալների բազա մուտք գործելը հանցագործություն է:

Բոզքուրտը հայտնել է, որ միայն 2016-2017 թվականներին թուրքական դեսպանատներն ու հյուպատոսությունները ներկայացրել են արտերկրում բնակվող Թուրքիայի 4386 քննադատների տվյալները։ 2021 թվականին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ դեսպանատներում և հյուպատոսություններում նշանակված թուրք դիվանագետներին կառավարությունը պաշտոնապես հանձնարարել է գաղտնի լրտեսական գործողություններ իրականացնել օտարերկրյա տարածքում։ Բացի այդ, էրդողանամետ թուրքական ցանցերն ու կազմակերպություններն արտերկրում հանդես են եկել որպես թուրքական վարչակարգի «երկար ձեռքը»:

2019 թվականին ԱՄՆ կառավարությունը դատապարտեց թուրքական իշխանության աշխատակից Քամիլ Էքիմ Ալպթեքինին՝ Միացյալ Նահանգներում Էրդողանի հակառակորդներին հսկելու համար: Ալպթեքինը շարունակում է մնալ փախուստի մեջ և ներկայումս թաքնվում է Թուրքիայում, մինչդեռ նրա համախոհ Բիժան Ռաֆիեկյանին, որը, 2019 թվականին դատապարտվել է ԱՄՆ-ում թուրքական կառավարության գործակալի գաղտնի գործունեության համար՝ առանց բացահայտելու իր հարաբերությունները ԱՄՆ կառավարության, ըստ Բոզքուրտի:

Մեթյու Ամլոթը 2020 թվականի հուլիսի 12-ին «Ալ Արաբիա»-ում հրապարակեց մի հոդված՝ «Թուրքիան գաղտնի համաձայնագրեր է ստորագրել երկրների հետ՝ այլախոհներին արտասահմանից առևանգելու համար» վերնագրով: ՄԱԿ-ի չորս զեկուցողների կողմից գրված համատեղ նամակի համաձայն՝ «Թուրքիան գաղտնի համաձայնագրեր է ստորագրել բազմաթիվ երկրների (Ադրբեջան, Ալբանիա, Կամբոջա և Գաբոն) հետ՝ ենթադրյալ պետական այլախոհների՝ երկրի տարածքից դուրս առևանգումներ իրականացնելու նպատակով… Թուրքիան նաև թիրախավորել է [իր] քաղաքացիներին Աֆղանստանում, Կոսովոյում, Ղազախստանում, Լիբանանում և Պակիստանում, գրված է նամակում»։

ՄԱԿ-ի նամակում ասվում է, որ «Թուրքիայի կառավարությունը, այլ պետությունների հետ համաձայնեցված, ստիպողաբար 100 թուրք քաղաքացու է տեղափոխել Թուրքիա, որոնցից 40-ը ենթարկվել են բռնի անհետացման, հիմնականում առևանգվել են փողոցներից կամ իրենց տներից ամբողջ աշխարհում և բազմաթիվ դեպքերում՝ իրենց երեխաների հետ միասին»։

Ալիս Թեյլըրը «Exit News»-ում գրել է, որ «2018 թվականի նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է խորհրդարանին, որ 452 արտահանձնման հարցում է ուղարկվել ընդհանուր առմամբ 83 երկրի»։

Յասիր Գյոքչեն հոդված է գրել, որը հրապարակվել է 2018 թվականի նոյեմբերի 25-ին Հարվարդի համալսարանի Kennedy School Review-ում՝ «Թուրքիայի առևանգումները դրսում հակասում են միջազգային իրավունքին» վերնագրով: Այս ապօրինի առևանգումները պետք է ներկայացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Արդարադատության միջազգային դատարանին, առաջարկել է Գյոքչեն:

2020 թվականին Յոհան Հեյմանսը Մարդու իրավունքների միջազգային դիտորդական կազմակերպության հետ համատեղ հրապարակել է 128 էջանոց զեկույց, որը մասամբ հիմնված է Անկարայի իրավաբանների ասոցիացիայի զեկույցի վրա, որը փաստում է 17 երկրներից Թուրքիայի քաղաքացիների արտաքսման կամ առևանգման կոնկրետ դեպքերը՝ Մոլդովա, Ադրբեջան, Գաբոն, Սուդան, Կոսովո, Մյանմա, Սաուդյան Արաբիա, Բուլղարիա, Բահրեյն, Ինդոնեզիա, Ղազախստան, Պակիստան, Ուկրաինա, Լիբանան, Մալայզիա, Շվեյցարիա և Մոնղոլիա:

Վերջապես, OpenDemocracy.net-ը 2021 թվականի հունիսի 16-ին հրապարակեց Սերդար Սանի հոդվածը, որը վերնագրված էր. «Արտասահմանում թուրք լրտեսները առևանգում են Էրդողանի քաղաքական հակառակորդներին»:

Սերդար Սանն իրավացիորեն նշել է, որ «քաջալերվելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արձագանքի բացակայությունից՝ նախագահ Էրդողանի վարչակարգն առևանգում է այլախոհներին», որպեսզի լռեցնի քաղաքական այլախոհությունը: Արևմտյան կառավարություններն են մեղավոր, որոնք աչք են փակում իրար հաջորդող թուրքական  իշխանությունների անօրինական վարքագծի վրա՝ խրախուսելով նրանց շարունակել խախտել ներքին և միջազգային օրենքները տասնամյակներ շարունակ:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930