Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանի պաշտպանական խմբի բողոքը և մերժել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հասմիկ Մելիքյանի պաշտպան Արման Թամրազյանը։ Նա հավելեց, որ իր տեղեկությամբ, նույն գործով անցնող կալանավորված 2 անձանց խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ բողոքը մերժվել է։ «Նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունն ուղարկվել դատարան։ Նիստի մասին դեռևս ծանուցում չենք ստացել»,- հավելեց Թամրազյանը։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի եւ «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:
Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:
Քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 29-ին կալանավորվել էր Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համար Սամվել Հովսեփյանը։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Հասմիկ Մելիքյանի ֆեյսբուքյան էջից