Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք Երվանդ Քոչարի փողոցի թիվ 15 շենքի բակում վիճում են ու ծեծում իրար։ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանց մոտ զենքեր ու դանակներ կան: Հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր։ Նրանց օգնության հասան ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեցին միջադեպի մասնակիցների ինքնությունը և կատարվածի որոշ հանգամանքներ։
Նախնական տվյալներով՝ Երևանում բնակվող մի խումբ տղամարդիկ հնչեցրել էին սեռական բնույթի հայհոյանքներ, քարերով, փայտե մահակներով հարվածներ էին հասցրել Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակվող մի խումբ տղամարդկանց։ Այդ ընթացքում երևանցիներից մեկը նաև դանակով խփել էր Արմավիրի մարզում բնակվող 40-ամյա տղամարդուն, ապա փայտե մահակներով և քարերով վնասել էին նրա մեքենան:
Արագ արձագանքման շնորհիվ ոստիկանության ծառայողներին հաջողվել է ձերբակալել մասնակիցներից մի քանիսին։ Այդ ընթացքում նրանցից մեկը մեքենայով փախուստի փորձ է արել՝ փորձելով վրաերթի ենթարկել ոստիկանության ծառայողներին, իսկ ձերբակալվելու ժամանակ կծել է ոստիկաններից երկուսի ձեռքերը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մարտական թմբուկավոր ատրճանակ, պարկուճ, «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ 2 ատրճանակ կար և այլն։ Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն