Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղետը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը». Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 08,2022 12:04

Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել հետպատերազմյան փուլ և սկսել  վերականգնումը։

Մենք այդպես էլ չհասկացանք ու չձևակերպեցինք, որ ամենասարսափելի ու ողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա անկյունաքարային հարց է։ Եթե մեր քաղաքական և հավաքական միտքը սա հասկանար, ապա նոյեմբերի 9-ից հետո մեր քաղաքական բանաձևերը, կարգախոսները, նախընտրական բովանդակությունը կլիներ լրիվ ուրիշ, և իշխանությունը վաղուց փոխված կլիներ։

Նոյեմբերի 9-ից հետո հականիկոլական հարթակները պայքարի թիրախ էին սարքել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ դրանով չհասկացված լինելով ոչ հասարակության լայն շերտերի մոտ, ոչ՝ Ռուսաստանի։ Ստեղծվեց սխալ տպավորություն, թե ընդդիմությունը խաղաղությանը դեմ է, իսկ միջնորդները ընդհանրապես չէին հասկանում, թե ինչ է ուզում ընդդիմությունը։

Աղետը սեպտեմբերի 27-էր։ Պատերազմի հնարավորություն ստեղծելը, այն էլ՝ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ակտիվ միջնորդության պարագայում, դեռևս «նախաուկրաինական» աշխարհում, չափազանց բարդ էր, գրեթե՝ անհնար։

2018-2020 ընթացքում թույլ են տրվել բոլոր սարսափելի սխալները, բանակցությունները մտցվել են փակուղի, սխալներ, որոնց հետևանքով միջնորդները չկարողացան Ադրբեջանին սաստել և նույնիսկ պատերազմի օրերին դատապարտել ագրեսորին, թույլ են տրվել աններելի պրովոկացիաներ՝ սկսած հայտնի ձևակերպումներից մինչև Տավուշյան դեպքերի պետական ֆետիշացում։

Բոլոր կորուստների, ողբերգությունների, պետության փլուզման հիմքում սա էր։ Մենք մեր տուն մեր ձեռքով պատերազմ բերեցինք։

Նախորդ բոլոր իշխանությունները հասկանում էին, որ պատերազմ չի կարելի թույլ տալ։ Եվ դրա համար էլ պատերազմ չէր լինում, իսկ բախումներն արագ կանգնեցվում էին։

Նոյեմբերի 9-ը, կոպիտ ասած, նոյեմբերի 8-ի տրամաբանական ավարտն էր, իսկ սեպտեմբերի 27-ը ամենևին նախորդ 26 տարվա տրամաբանությունը չէր։ Սա մի պատերազմ էր, որը չպետք է լիներ։

Զարմանալիորեն, դրանից հետո իրար հաջորդող ընդդիմադիր հարթակները չգիտակցեցին, որ աղետը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։

Դրա համար էլ պատերազմ ու աղետ բերած իշխանությունը ցինիկաբար մեղադրում է այլոց՝ ռազմատենչության ու պատերազմ ցանկանալու մեջ, և անգամ կարողանում է ժողովրդի մի մասին համոզել։ Դրա համար էլ հարթակների ձևակերպումները և կարգախոսները չընկալվեցին հասարակության մեծ մասի և արտաքին աշխարհի կողմից։

Եթե առաջիկայում ձևավորվի նոր պրոցես, կայանան նոր ընդդիմադիր ձևաչափեր, ապա առաջին հիմնական վերանայումներից մեկը պետք է լինի հենց դա։ Սա առաջին կարևոր քայլն է՝ նոր իրականությունը ճիշտ ընկալելու և պատերազմից հետո պետության առողջ ու ռացիոնալ տեսլական ձևավորելու համար։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իհարհկե սեպտեմբերի 27-ն է՝երբ վարչապետը հայտարարում է որ դա ՀՀ-ի պատերազմը չէ եւ Արցախ զորք չի ուղարկվելու՝սակայն իրեն «շնորհում է»Գերագույ Գլխավոր Հրամանատարի կոչում։ Իսկ մինչ այդ՝երբ ադրբեջանում թուրքական պակիստանյան ուկրաինական զորամիավորումները զորավարժություններ էին անում՝Լավրովը հանդիպումներից մեկի ժամանակ խախտելով համանախագահների «չեզոք»մնալու պայմանը հայտարարեց որ պետք է վերադարձվեն յոթ շրջանները՝մերոնցից ոչ ոք չարձագանքեց ւ բացատրություն չպահանջեց նրանից։ ես եկել եմ այն եզրակացության որ «դատավորը կաշառված էր ւ խաղն էլ ծախված էր»

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930