«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի օրը, նոյեմբերի 7-ին Եգիպտոսում COP27 գագաթնաժողովի մեկնարկին հավաքված երկրներին հայտնել է, որ նրանք կանգնած են դժվար ընտրության առջև: Ըստ նրա, երկրները կարող են համագործակցել հիմա՝ նվազեցնելով արտանետումները, կամ՝ ապագա սերունդներին դատապարտել կլիմայական աղետի:
«Մարդկությունն ունի ընտրություն՝ համագործակցել կամ կործանվել», – հայտնել է Գուտերեշը, Շարմ էլ Շեյխ ծովափնյա հանգստյան քաղաքում հավաքված պատվիրակներին:
Նա կոչ է արել պայմանագիր կնքել աշխարհի ամենահարուստ և ամենաաղքատ երկրների միջև՝ անցումը հանածո վառելիքից արագացնելու և ավելի աղքատ երկրներին ֆինանսավորում տրամադրելու համար, որպեսզի նրանք կարողանան նվազեցնել արտանետումները և հաղթահարել գլոբալ տաքացման հետևանքները:
Գուտերեշը նաև խնդրել է երկրներին համաձայնել աստիճանաբար դադարեցնել ածխի օգտագործումը, որն ամենամեծ կլիմայական վնաս պատճառող վառելիքներից մեկն է աշխարհում: Չնայած կլիմայի շուրջ տասնամյակների բանակցություններին, Եգիպտոսի COP-ը Կողմերի 27-րդ համաժողովն է: Գուտերեշը հայտնել է, որ իրենց ջանքերը անբավարար են եղել մոլորակը գլոբալ տաքացումից փրկելու համար, քանի որ երկրները չափազանց դանդաղ են աշխատում, կամ էլ ընդհանրապես չեն ցանկանում գործել:
Կարդացեք նաև
«Ջերմոցային գազերի արտանետումները և գլոբալ ջերմաստիճանը շարունակում են աճել: Մեր մոլորակը արագորեն մոտենում է անկման մի կետի, որը անշրջելի կդարձնի կլիմայական քաոսը», – նշել է նա:
«Մենք մոտենում ենք կլիմայական դժոխք տանող մայրուղուն՝ մեր ոտքը պահելով արագացուցիչի վրա», – հավելել է Գուտերեշը:
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:
Անուշ ՀԱԿՈԲՅԱՆ