Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետի աշխատակազմը գաղտնի է պահում Փաշինյանին ԱՄՆ տեղափոխած օդանավի վարձակալության գինը. «Հետքը» պարզել է այն

Նոյեմբեր 08,2022 11:38

hetq.am.  Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե որքան գումար է ծախսվել մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար, որով սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը թռել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Աշխատակազմը, որպես հիմնավորում նշել է պետական գաղտնիքը, սակայն «Հետքը» պարզել է, թե ՀՀ պետբյուջեից ենթադրաբար որքան գումար է հատկացվել օդանավի վարձակալությանը։

ԵրեւանՆյու Յորք

Սեպտեմբերի 21-ին Ն. Փաշինյանը Երեւանից թռավ Նյու Յորք: Նա օգտվել է մալթայական «AirX Charter» ավիաընկերության բիզնես դասի օդանավի ծառայություններից: Խոսքը բրազիլական արտադրության «Embraer Lineage 1000» ինքնաթիռի մասին է (մալթայական գրանցումը՝ 9H-FAB, տես գլխավոր լուսանկարում):

Դրա նախորդ օրը՝ ամսի 20-ին, վարչապետը որոշում էր կայացրել ՀՀ կառավարական պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին: Դրանով աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանձնարարվել էր կազմակերպել չվերթ՝ Երեւան-Նյու Յորք (սեպտեմբերի 21-ին) եւ Նյու Յորք-Երեւան երթուղով (սեպտեմբերի 24-ին)։ Այս հարցում Հարությունյանին պետք է աջակցեր ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:

Թե ինչու է ընտրվել մալթայական «AirX Charter» ընկերությունը, վարչապետի աշխատակազմը չի ասում: Փաստ է, որ դրա «Embraer Lineage 1000» ինքնաթիռը սեպտեմբերի 21-ի գիշերը գերմանական Դյուսելդորֆից ժամանել է Երեւան՝ ՀՀ պատվիրակության հետեւից: Վարչապետի վերոնշյալ որոշումից բխում է, որ ամսի 21-ին Երեւանից Նյու Յորք է թռել 9 հոգի: ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետը դեռ սեպտեմբերի 14-ին էր մեկնել ԱՄՆ: Բացի դրանից՝ ԱՄՆ-ում հայկական պատվիրակությանն էին միանալու այդ երկրում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Հարկ է նկատել, որ պատվիրակության անդամների ցանկում ներկայացված չեն ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցների անուններ, բայց դժվար է հավատալ, որ Փաշինյանին թիկնազոր չի ուղեկցել:

Ամեն դեպքում, ինչպես կարելի է տեսնել «AirX Charter»-ի պաշտոնական կայքում, «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 ուղեւորի համար, այսինքն՝ պաշտոնապես հաստատված պատվիրակության կազմից ավելի տարողունակ է:

Սեպտեմբերի 21-ի գիշերը «Զվարթնոց» ժամանելուց մոտ 1,5 ժամ անց 9H-FAB-ը Երեւանից թռել է իռլանդական «Շանոն» օդանավակայան:

ԱՄՆ մեկնող շատ ինքնաթիռներ այս օդանավակայանն օգտագործում են վառելիքի վերալիցքավորման համար: Փաշինյանին տեղափոխող բորտը Իռլանդիայում վայրէջք է կատարել ամսի 22-ի լույս գիշերը, իսկ հետո Ատլանտյան օվկիանոսի վրայով ուղղություն վերցրել դեպի Նյու Յորք՝ Քենեդու անվան միջազգային օդանավակայան, որտեղ հասել է Նյու Յորքի ժամանակով ամսի 22-ի լույս գիշերը (Երեւանի ժամանակով՝ սեպտեմբերի 22-ի առավոտյան):

Հայկական պատվիրակությանն այստեղ թողնելուց մոտ 1 ժամ անց օդանավը թռել է Ֆիլադելֆիա, որը Նյու Յորքից հեռու է 130 կմ:

Ամսի 22-23-ին Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում, սեպտեմբերի 22-ին նաեւ ելույթ է ունեցել Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:

Ոչ թե Նյու ՅորքԵրեւան, այլ ՖիլադելֆիաՓարիզ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պատվիրակության հետադարձ չվերթը մեկնարկել է Ֆիլադելֆիայից: Գործուղման մասին վարչապետի վերոնշյալ որոշումը հուշում է, որ վերադարձող պատվիրակության կազմում եղել է 7 հոգի (կրկնենք՝ թիկնազորի մասին ինֆորմացիա չկա): Այստեղ նորից պիտի հիշեցնենք, որ «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 հոգու համար, այսինքն՝ կրկնակի-եռակի ավելի տարողունակ, քան 7-9 հոգուց բաղկացած պատվիրակության կազմը: Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե ինչու է վարձակալվել ավելի մեծ տարողությամբ օդանավ, քան պատվիրակության անդամների թիվն է: Նկատենք, որ բիզնես դասի օդանավերը լինում են ամենատարբեր տարողության:

Վերեւում ասվեց, որ սեպտեմբերի 24-ի հետադարձ չվերթը պետք է լիներ Նյու Յորք-Երեւան ուղղությամբ: Սակայն Ֆիլադելֆիայից մեկնած 9H-FAB-ը սեպտեմբերի 25-ի լույս գիշերը «Շանոնում» վերալիցքավորվելուց հետո ոչ թե Երեւան է եկել, այլ թռել է Փարիզ՝ «Լե Բուրժե» օդանավակայան:

Որքա՞ն կարժենար «Embraer Lineage 1000»-ի վարձակալությունը

Նիկոլ Փաշինյանին եւ նրա պատվիրակությանը Երեւանից Նյու Յորք եւ Ֆիլադելֆիայից Փարիզ է տեղափոխել «AirX Charter» ավիաընկերության «Embraer Lineage 1000» տիպի ինքնաթիռներից 9H-FAB գրանցումով բորտը: Ըստ մալթայական փոխադրողի կայքի՝ վերջինիս շարժակազմում նման 3 օդանավ կա (9H-FAB, 9H-FCM, 9H-NYC): Սրանցից առաջին երկուսը «երկվորյակներ» են: Նրանց տեխնիկական պարամետրերը նույն են: 9H-FAB-ի ու 9H-FCM-ի թռիչքի առավելագույն տեւողությունը 9 ժամ է, տեղավորում են մինչեւ 19 ուղեւոր, ունեն 1-2 բորտ-ուղեկցորդ:

Ինքնաթիռի սրահում կա արբանյակային հեռախոսակապ, միկրոալիքային վառարան, տաքացուցիչ (սնունդ տաքացնելու համար), հեռուստացույց, ժամանցային համակարգ, թույլատրվում է տնային կենդանիներ մտցնել սրահ։

Վարչապետին տեղափոխած օդանավը, համաձայն ավիացիոն տեղեկատուների, բրազիլական գործարանից դուրս գալուց հետո 2014-ի ապրիլին հանձնվել է չինական «Minsheng International Jet»-ին (չինական գրանցումը՝ B-3219): Երկու տարի անց՝ 2016-ին, դրա շահագործող է դարձել մեկ այլ չինական ավիաընկերություն՝ «Yalian Business Jet»-ը: Նույն տարվա ընթացքում այս «Embraer Lineage 1000»-ը հանձնվել է չինական «Sparkle Roll Jet»-ին («SR Jet»): Վերջինիս կազմում օգտագործվելիս ինքնաթիռը ներկվել է հոլիվուդյան հայտնի դերասան Ջեքի Չանի դեղնակարմիր «ֆիրմային» վիշապի պատկերով: Ինքնաթիռը սպասարկել է Չանին, ով բրազիլական «Embraer»-ի ապրանքանիշի դեսպանն է: Ընդ որում՝ Չանն այս արտադրողի այլ տիպի օդանավեր էլ ունի:

2019-ի դեկտեմբերին B-3219-ը դուրս է եկել չինական ռեգիստրից եւ գրանցվել Մալթայում՝ «AirX Charter» ավիաընկերության կազմում որպես 9H-FAB:

Այն բանից հետո, երբ վարչապետի աշխատակազմը պետական գաղտնիքի պատճառաբանմամբ մերժեց հայտնել, թե որքան գումար է պետբյուջեից հատկացվել այս օդանավի վարձակալության համար, մենք դիմեցինք սփյուռքահայ գործարարներից մեկին, ով մեր խնդրանքով «AirX Charter»-ից պարզեց, թե ինչ կարժենա «Embraer Lineage 1000»-ի վարձակալությունը, եթե այն թռչի Երեւան-Նյու Յորք, իսկ 2 օր անց՝ Նյու Յորք-Փարիզ երթուղով, օդանավում լինի 10 ուղեւոր, եւ ամբողջ ճամփորդության ընթացքում այն լինի պատվիրատուի տրամադրության տակ: Այսինքն՝ գրեթե այն նույն պայմանները, ինչպիսիք եղել են ԱՄՆ մեկնած եւ այնտեղից Փարիզ թռած ՀՀ պատվիրակության պարագայում:

Հայ գործարարին «AirX Charter»-ն առաջարկել է 9H-FAB-ի «երկվորյակին»՝ 9H-FCM-ը, որը, ինչպես վերեւում նշեցինք, ունի նույն տեխնիկական ցուցանիշները։ Վերը նշված պայմանների պարագայում մալթայական փոխադրողի գնային առաջարկը Երեւան-Նյու Յորք-Փարիզ թռիչքի համար 235.000 եվրո է (ներառյալ՝ վերալիցքավորումը իռլանդական «Շանոն» օդանավակայանում Երեւան-Նյու Յորք չվերթի ժամանակ), ինչը հավասար է մոտ 90 մլն դրամի: Այստեղ, սակայն, պետք է հաշվի առնել, որ ՀՀ պատվիրակությանը տեղափոխած ինքնաթիռը «Շանոնում» տեխնիկական կանգառ է կատարել նաեւ ԱՄՆ-ից վերադառնալիս: Հետեւաբար, կարող ենք ասել, որ 235.000 եվրոն Փաշինյանին տեղափոխած օդանավի վարձակալության մոտավոր նվազագույն գինն է:

Իսկ եթե օդանավի վարձակալության արժեքին գումարենք նաեւ պատվիրակության անդամների օրապահիկի, գիշերավարձի, տրանսպորտի վարձակալության ու ճաշի համար վճարված շուրջ 24 մլն դրամը, կստացվի, որ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ գործուղման համար ՀՀ պետբյուջեից վճարվել է շուրջ 114 մլն դրամ, ինչն այս պահին հավասար է մոտ 294 հազ. դոլարի կամ 296 հազ. եվրոյի: Սրան էլ պետք է գումարել հուշանվերների ձեռքբերման արժեքը, որը վարչապետի աշխատակազմը կրկին չի հանրայնացրել:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930