Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է հետաձգվի»

Նոյեմբեր 08,2022 12:00

«Առավոտի» զրուցակիցն է «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը

-Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ ՀՀ որեւէ իշխանություն իրավունք չունի ստորագրել փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը եւ համայն հայությանը հորդորեցին՝ տեր կանգնել Արցախին: Հայաստանյան ընդդիմությունն արձագանքեց, նախօրեին հանրահավաք հրավիրվեց եւ հայտարարվեց Արցախին սատարելու մասին: ՀՀ իշխանությունից ԱՀ խորհրդարանի հայտարարությանն արձագանք չեղավ: Ի՞նչ ուղերձներ էին, ըստ Ձեզ պարունակում, ընդդիմության հանրահավաքը եւ իշխանության լռությունը:

-Իշխանությունը, անվիճելիորեն, իր կոնկրետ կողմնորոշումն Արցախի վերաբերյալ, ներկայացրած կլինի՝ արցախցիների պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու ժամանակ: Այդ մարդիկ գնացին այստեղից՝ առանց էական հայտարարությունների: Այսինքն, ինչ-որ չափով բավարարված, երեւի թե: Ինչո՞ւմ էր այդ բավարարվածությունը, դա պետք է իրենք ասեն, որ մենք պարզ պատկերացնենք:

-Արցախի խորհրդարանի հայտարարությունը եւ Ստեփանակերտում կայացած մեծ հանրահավաքը նախորդեցին այդ հանդիպումներին:

– Մեծ հանրահավաք եղավ, որովհետեւ, միջազգային իրավունքի տեսակետից, տեղի ունեցածը բացահայտ հանցագործություն է մարդկության դեմ: Խոսքն այն մասին է, որ ժամանակ առ ժամանակ վահանի վրա բարձրացնում են գլխավոր մանդրան՝ տարածքային ամբողջականությունը չի կարող որեւէ կերպ հարցականի տակ դրվել: Բայց, ՄԱԿ-ի՝ 1970 թվականի հռչակագրում, որն այն օրենքն է, որի շրջանակներում այդ հարցերը կարգավորվում են, ուղղակի գրած է, որ տարածքային ամբողջականությունից կարող է խոսել այն երկիրը, որը փոքրամասնությունների դեմ զտման քաղաքականություն չի վարել: Իսկ մենք անցել ենք ամեն ինչի միջով՝ գենոցիդից սկսած: Առ այսօր, Ադրբեջանի ղեկավարն ուղղակիորեն հայտարարում է, որ Արցախ կամ Ղարաբաղ բառերն այլեւս չպետք է օգտագործվեն. հիմա սա ի՞նչ է, եթե ոչ գենեցիդ: Ըստ այդ օրենքի, ժողովուրդը՝ էթնիկական բազմությունը կամ էթնիկական խումբը, որը ենթարկվել է ոտնձգությունների, կարող է բարձրագույն ավտոնոմիա հայտարարել՝ տվյալ երկրի ներսում, ցանկապատվել այդ երկրից, իր ներքին օրենքներով: Երկրորդ՝ կարող է դուրս գալ այդ երկրի կազմից՝ սեփական որոշմամբ, առանց հաշվի առնելու տվյալ երկրի ղեկավարության կամ կոլեգիալ ղեկավար օրգանի, օրինակ պառլամենտի, կարծիքը: Սրա օրինակը Նորվեգիան է, որն անջատվել է Շվեդիայից: Եվ երրորդ, որ կարող է դուրս գալ եւ մտնել մեկ այլ պետության կազմ: Այս բոլորը նշված են ու մեզ էլ պարբերաբար ներկայացվում է, որ տարածքային ամբողջականությունն անխախտելի է. եթե անխախտելի է, ՄԱԿ-ը հիմնած 51 երկիրն ինչպե՞ս են վերածվել 193-ի: Եթե այդպես է, ուրեմն, պետք է այդ կայսրությունները մնային «կոլոնյայով», ինչպիսին էին Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան եւ նոր պետություններ չպետք է առաջանային: Բայց, ինչպես տեսնում եք, առաջացել են՝ դառնալով 193 ու դա դեռ վերջը չէ, գործընթացը շարունակվում է եւ ո՞ւր կգնա՝ ոչ ոք չգիտի: Մակրոհաշվարկի տեսակետից, համաշխարհային լեյտմոտիվը՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խիստ պահպանումն է՝ նշված երեք տարբերակներով: Հո այդպես չի՞, որ վեր կենաս՝ ասես՝ չպիտի լինի այս անունը, եղած մշակութային կոթողները պետք է ոչնչացվեն եւ այլն: Այսպես ասած, կուլտուր-հայրենիքի գենոցիդի մասով, ասեմ, որ մենք՝ մեր բոլոր իշխանություններն, առանց բացառության, ուղղակի չեն կարողացել բարձրացնել այդ հարցերը:

Ի՞նչ է նշանակում, որ գնացել եւ ստորագրել են «տարածքային ամբողջականությունը». այդ երկիրը չի հայտարարագրել իր տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ մտնելիս, որովհետեւ հայտարարել է, որ ինքը մուսաֆաթական Ադրբեջանի ժառանգն է եւ բոլոր նրա սահմանները, որպես այդպիսին, խորհրդային Ադրբեջանի սահմաններն են, որոնք առաջացել են քաղաքական ճնշման եւ ստեղծված միջազգային մանիպուլյացիաների միջոցով՝ առաջին հերթին Զինովեւի կողմից:

– Բացի Ադրբեջանի իշխանությունից, այդ երկրի տարածքային ամբողջականության մասին միայն ՀՀ իշխանությունն է խոսում:

– Գիտեք, Ադրբեջանի իշխանությունն էլ կլասիկա է. իրենք հայտարարում են, որ մենք Աղվանաց պետության շարունակողներն ենք եւ երկրի երեսին, 1800 տարի շարունակ չփոխված սահմանները, չգիտես ինչու, պատկանում է միայն Աղվանաց երկրին, որը համընկնում է այսօրվա Ադրբեջանի ուրվագծի հետ, ինչպես իրենք են պատկերացնում: Երբ ես դա ասացի Մոսկվայում, ակադեմիկներ կային նստած, որ հռհռացին. այսինքն, հասկացան, որ աբսուրդի ավելի մեծ փաստում, գոյություն չունի: Երկրի երեսին, ցույց տվեք մի պետություն, որի սահմանները 1800 տարի չեն փոխվել:

Ստացվում է, զառանցանքի վաճառք իրականացնող մի ողջ բազմություն, աշխատում է այն բանի վրա, որ չի կարող ոչ մի կերպ, ոչ մի տատանում տեղի ունենալ, տարածքային ամբողջականությունն այն սրբազան կովն է, որ չի կարելի մորթել: Բայց երբ դա անհրաժեշտ է ինչ-որ ուժերի, Հաբերստանի նման երկիրը՝ ավանդույթներով, արմատական, պատմականորեն պահպանված միակ քրիստոնեական երկիրը, կորցրեց ելքը ծով, որովհետեւ հայտարարեցին, որ էրիտրեացիներին ինչ-որ տեղ նեղացրել են եւ դրանից ելնելով, համաձայն այս օրենքի, իրենք իրավունք ունեն ոչ միայն անկախանալու, այլեւ հայտարարելու, որ փակում են սահմանները:

– Սոչիում՝ ՌԴ հովանու ներքո, տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո, ՌԴ նախագահն առաջարկեց՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային. դա լուծու՞մ է:

– Գիտեք, երբ ամբողջ աշխարհում տեղի է ունենում խոշորագույն անցում, ընդ որում, բոլորս հասկանում ենք, որ բրդում են պատերազմական ընթացքի, այսինքն, Ադրբեջանը փորձում է պատերազմական գործողությունների մեջ մտնել՝ սպասելով, որ Թուրքիան հակառակ կողմից՝ մեր Հարավ Արեւմուտքից, հարված կհասցնի ու իրենք, միգուցեեւ ստանան այն միջանցքը, որի մասին զառանցում են: Նույն բանը տեղի է ունենում Թուրքիա-Իրան, Իրան-Իսրայել, Իրան-ԱՄՆ հարաբերությունների տեսակետից: Այսինքն, հիմա, քանի դեռ ԱՄՆ-ում ընթանում է նոր ընտրություն. օրեր են մնացել եւ Ջո Բայդենը Կոնգրեսում արդեն պարտված է, նա պետք է բարձրացնի այս լարումը, որպեսզի ստանա այն քվեները, որոնք կբավարարեն իրեն՝ ինչ-որ չափով Կոնգրեսում տեղերն ամրացնելու համար: Նաեւ՝ Հյուսիսային Կորեայի շուրջ զարգացումները եւ այլն, այսինքն, այս ամենը՝ ներկայիս աշխարհի պայմաններում, երբ այն կարգը, որը մոտավորապես գոնե պատկերացնում էինք, գոյություն չունի, ամեն վայրկյան կարող է հանգեցնել սպոնտան պատերազմական օջախի ի հայտ գալուն մեր սահմանների վրա՝ մեր հետ կապված, թե հեռավոր Արեւելքում՝ կապ չունի, դա ընդհանրական գործընթաց է, որն ընթանում է առաջին հերթին ՌԴ-ն պարեգոտող երկրներով՝ կլինի միջինասիական երկրները, ՎՈՒԱՄ-ի երկրները, որոնք վերահսկվել են, սնուցվել են, բարձրացվել են որոշակի մակարդակի ու հիմա եկել է ժամանակը եւ նրանք պետք է իրենց պարտքը տան: Ժամանակին, երբ գոյություն չուներ որեւէ խնդիր նավթի եւ գազի հետ կապված, նավթակիր տանկերները կանգնած էին ծովում եւ զրոյական գնով պատրաստ էին նավթը տալ, բայց Ադրբեջանն ամեն տարի վաճառում էր 15-25 միլիարդի նավթ եւ գազ, որովհետեւ դա ծրագրի մեջ էր ու ոչ մեկին չէր հետաքրքրում, որ այդ երկիրը զինավառվում է՝ անընդհատ նոր զենք է գնում, զինարտադրության հնարավորություններ է ստեղծում իր համար, պատրաստվում է պատերազմի: Մենք էլ անընդհատ ահազանգում էինք, բայց ո՞վ էր դա հաշվի առնում: Ըստ էության, իրականացվում էր մի մակրո-ծրագիր, որը վերջին հաշվով, կոալիցիոն արշավանքի վերածվեց Հայաստանի դեմ: Ելնելով այս ամենից, խաղաղության պայմանագիրը պետք է հետաձգվի, որովհետեւ մենք չգիտենք, թե ապագա աշխարհի կարգը ո՞րն է: Այսօր ընթանում է մեծ, տեկտոնիկ փոփոխությունների յուրօրինակ կոլեյդասկոպ:

– Այս առումով կիսու՞մ եք ընդդիմության՝ «Դիմադրության» շարժման ուժերի այն տեսակետը, որ քանի Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, Հայաստանի եւ Արցախի շահը ոտնատակ է տրվելու:

– Նկարագրված իրավիճակը չի ենթադրում, որ ներսից էլ պետք է տորպեդահարել այն նավը, որի մեջ մենք բոլորս գտնվում ենք: Ես համարում եմ, որ կամայական, այդպիսի ծայրահեղական գործընթացներ այս իրավիճակում չեն կարող լինել: Մենք պետք է պարզ պատկերացնենք, որ միայն միասնական Հայաստանն է, որ ի վիճակի է դուրս գալ այս իրավիճակից: Աստվածաշնչում ասված է՝ «Բաժանված թագավորությունը չի դիմանալու»:

– Այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյանը երիցս ճշմարի՞տ է, երբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չկա:

– Ես արտահայտում եմ իմ կուսակցության դիրքորոշումը, որ անհրաժեշտ է իշխանությունների հետ պատկերացնելի երկխոսություն, որը կհանգեցնի ճշգրիտ՝ քայլ առ քայլ պատկերացման, թե ի՞նչ է անհրաժեշը անել, այս իրավիճակից դուրս գալու համար:

– Իսկ իշխանությունը պատրա՞ստ է այդ երկխոսությանը, գործընթացները, կարծես, հակառակն են ցույց տալիս:

– Ուզի թե՝ չուզի՞, պիտի երկխոսության գնա: Պիտի երկկողմանի լինի. մի կողմից, որ իշխանությանը տորպեդահարելու խնդիր չդրվի, մյուս կողմից, որ իշխանությունը պետք է գնա այն զիջումներին, որոնք կհանգեցնեն այդ բարձրագույն նշաձողին՝ միասնականության վերականգնմանը, քանի որ այսօր խաղն ընթանում է գերվտանգավոր դաշտում:

– «Միացյալ Հայաստանը» գուցե ստանձնի՞ ընդդիմության եւ իշխանության միջեւ միջնորդի դերը:

– Մենք քննարկումների մեջ ենք եւ կգտնենք այն հնարավոր բանալին, որը կհանգեցնի մեր հասկանալի, ընկալելի նշաձողին՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնականությանը. այ այստեղ այլընտրանք մենք չունենք:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930