Օրերս Բաքվում Իրանի դեսպանատունը տեղեկություն տարածեց, թե Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղիր Գոլաբիաֆի այցն Ադրբեջան հետաձգվել է անորոշ ժամկետով, ինչի պատճառների մասին չի հաղորդվում: Միանշանակ է, որ նման բարձրաստիճան պաշտոնյայի՝ տեւական ժամանակ նախապատրաստվող այցի հետաձգումն արեւելյան չափանիշներով, քաղաքավարության առումով, շատ կոշտ ժեստ է, որն այս դեպքում ուղղված է Ադրբեջանին: Բաքվում Իրանի դեսպանատան տարածած զուսպ հայտարարության մեջ այցի հետաձգման պատճառը չի նշվում, սակայն դա պարզ է դառնում Բաքվի՝ վերջին օրերին կատարած քայլերից:
Բանն այն է, որ Ադրբեջանը երկրի հարավում եւ Արցախի օկուպացված տարածքներում մի քանի օր առաջ զորավարժություններ է սկսել՝ դրանցում ներգրավելով հատուկ նշանակության ու օդային ուժեր, հրթիռային եւ հրետանային զորքեր: Այս քայլը բացատրվում է Բաքվի եւ Թեհրանի միջեւ վերջին շրջանում հարաբերությունների աննախադեպ սրմամբ: Ըստ էության, այն Բաքվի պատասխանն էր Իրանի հյուսիս-արեւմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններին, որոնք ավարտվել էին ընդամենը 15 օր առաջ:
Պաշտոնական Բաքվի՝ Իրանի դեմ ուղղված այս քայլն աննախադեպ էր: Նախկինում Թեհրանի անցկացրած նման զորավարժություններին Ադրբեջանը դեռ երբեք հանդուգն պատասխան չէր տվել: Միանշանակ է, որ Ադրբեջանն առանց արտաքին հորդորի երբեք չէր հանդգնի նման քայլ անել: Հասկանալի է, որ այդ զորավարժությունն ուղղված է Իրանի դեմ, բայց եթե Թեհրանն իր զորավարժությունների հիմքում դնում էր պատճառ, այն է՝ տարածաշրջանում սահմանների փոփոխությունների անթույլատրելիությունը, եւ այն ուղղված էր առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից պարբերաբար շրջանառվող այսպես կոչված «միջանցքի» գաղափարի շրջանառման, ադրբեջանական զինուժի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու փաստի հետ, ապա Ադրբեջանի զորավարժությունների ասելիքը հստակ չէ:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում