Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան․ «Որքան տեղին կլիներ, եթե պայքարի առաջին շարքերում սյուների պես մեր հոգևոր հովիվները և մտավորականները լինեին կանգնած»․ «Փաստ»

Նոյեմբեր 08,2022 10:15

«2018 թ.-ին ինչի՞ վրա էր մեխը: Մարդկանց ներարկում էին, որ իրենք սուբյեկտ են, երկրի տերն են, վարչապետ են, հպարտ են, սիրված, խոնարհվում էին նրանց առաջ, ասում, որ նրանք են իշխանությունը փոխում: Մարդկանց ներշնչում էին, որ իրենք կարևոր են, կարող են ինչ-որ բաներ անել: Այս մանիպուլյացիան օգտագործելով՝ հասցրեցին այս օրվան և դեռ տանելու են առաջ, եթե այսպես մնա: Շատ կարևոր է մարդկանց ինքնագնահատականը բարձրացնելը, ընդ որում՝ ոչ թե օդի մեջ, անհիմն գաղափարների վրա: Ունենք շատ հենակետեր, որոնց շնորհիվ կարելի է մարդկանց դուրս բերել զոհի կարգավիճակից: Պետք է լուծել լիդերության հարցերը, ճիշտ առաջնորդություն է պետք: Որքան էլ տրամադրությունները խմորվում են, այնպես չի լինում, որ մեկ օր արթնանանք ու որոշենք, թե ուր ենք գնում, ինչ ենք անում: Առաջնորդության հարցն առաջնային է»,- համոզված է հոգեբան, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ Կարինե Նալչաջյանը:

Կարինե Նալչաջյան

Հավելում է՝ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց կարծիքը հայտնում են, բայց, օրինակ՝ մտավորականության մի շերտ կա, որը կրավորական կեցվածք ունի, ինչը շատ ցավալի է: «Մտավորականի կերպարի մեջ պետք է հստակ ուրվագծվի իր պետության, հայրենիքի համար ինչ-որ բան անելու մղումը: Սակայն նրանց մի մեծ մասը պասիվ դիտորդի դերում է, ինչը ցավալի է: Որքան տեղին կլիներ, եթե պայքարի առաջին շարքերում սյուների պես մեր հոգևոր հովիվները և մտավորականները լինեին կանգնած: Հիմա ասպարեզը տրված է քաղաքական գործիչներին: Իսկ իրենց հանդեպ դիրքորոշումները շատ տարբեր են, մի մասն իրավացի դժգոհություն է, մյուս մասը՝ հանիրավի: Քաղաքական գործիչներին պետք է միանան հոգևոր, գիտական, մշակութային էլիտաները: Ի վերջո, կյանքի ու մահվան հարց է»,-ասում է մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ հավելում է, որ ժողովրդի տրամադրությունները ճիշտ հունի մեջ դնելով կարող ենք ազատվել այս իշխանություններից: «Դա նշանակում է դուրս գալ պատվազրկված վիճակից, Արցախի հարցում գոնե հնարավորը պահպանել, մարդկային ու տարածքային կորուստները դադարեցնել, դեպի արյուն ու մահ տանող խաղաղության քարոզից ազատվել, միջազգային ասպարեզում վերականգնել մեր տեղը: Որպես երկիր կորցրել ենք մեր սուբյեկտայնությունը, ցավալի է տեսնել, թե ինչպես են շփվում մեր երկրի ղեկավարների հետ: Ի՞նչ է, իմ երկիրը նման վերաբերմունքի՞ պետք է արժանանար: Մարդկանց տրամադրությունները փոխված են, տարբեր շերտերում ավելի խորքային փոփոխություններ ունենալու համար ճշգրիտ քարոզչության և խելամիտ լիդերության անհրաժեշտություն կա, որտեղ անպայման պետք է մասնակից լինեն մեր հոգևոր առաջնորդները և մտավորականները: Նոր մարդիկ և ուժեր պետք է գան ասպարեզ»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր լուսանկարում՝ հոգեւորականներն առաջնորդում են 2018–ի գարնանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման երթը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930