Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտեց օրենքը՝ սահմանված ժամկետում չպատասխանելով Ավինյանի մասին հարցմանը

Նոյեմբեր 08,2022 09:00

Հոկտեմբերի 27–ին «Առավոտը» հետեւյալ գրավոր հարցմամբ դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ համայնքի ավագանու անդամների) և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը»։

 Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, 2022 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվելով այդ պաշտոնում` հանդիսանում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ, հետևաբար նրա վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջները։

Համաձայն Երևանի պաշտոնական համացանցային կայքում 2022 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ առկա տեղեկատվության՝ Տիգրան Ավինյանը որոշակի պաշտոններ է զբաղեցնում առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում։

Խնդրում ենք հայտնել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կամ Երևանի քաղաքապետարանում առկա՞ է արդյոք տեղեկատվություն Տ․ Ավինյանի կողմից առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու (պաշտոնավարումները դադարեցված լինելու), իսկ հիմնադրամներում ոչ վճարովի հիմունքներով աշխատանք կատարելու վերաբերյալ»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով հավաստիացանք, որ հարցումը ստացվել է։ Միջանկյալ նշենք, որ այս հանձնաժողովի հետ իրենց կայքում նշված +374 12 777721 հեռախոսահամարով աշխատանքային ժամերին կապվելու բոլոր փորձերը դատապարտված էին՝ եւ հոկտեմբերի 27–ին, եւ երեկ, երբ փորձում էինք պարզել մեր հարցման պատասխանը՝ հեռախոսահամարի ավտոմատ պատասխանիչն անընդհատ պնդում էր, թե «այս պահին բոլոր օպերատորները զբաղված են»։ Փորձի համար անգամ աշխատանքային ժամի ավարտից հետո՝ 20.50–ի սահմաններում ենք զանգահարել եւ հնչել է նույն պատասխանը, թե «այս պահին բոլոր օպերատորները զբաղված են», ինչը ենթադրության տեղիք է տալիս, թե հեռախոսահամարն ուղղակի անջատել են։

Երեւի արդեն պարզ է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված 5–օրյա ժամկետում «Առավոտը» չստացավ հարցման պատասխանը։ Ընդհանրապես՝ որեւէ պատասխան չստացանք, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նույն հոդվածի այն դրույթը, որ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Երեկ եւ իրենց պաշտոնական հասցեին, եւ ֆեյսբուքյան էջին նամակ ուղարկեցինք՝ նույն բովանդակությամբ «Դեռ հոկտեմբերի 27–ին հարցում էինք ուղարկել; Սահմանված՝ 5-օրյա աշխատանքային օրերի ընթացքում չպատասխանեցիք մեր հարցմանը, ոչ էլ որեւէ պարզաբանում տվեցիք, թե ինչու է ուշանում պատասխանը։ Կգրե՞ք պատճառը»։ Պատասխան չհետեւեց, թեեւ ՖԲ էջում երեւում է, որ մեր հարցումն ընթերցվել է;

Հուսով ենք՝ այս հարցումը հրապարակայնացնելուց հետո ի վերջո կստանանք մեր հարցադրումների պատասխանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930