«Իմ կարծիքով՝ հայկական գործոն կա, բայց այդ գործոնը, որն իրացվում է իրական քաղաքական կյանքում և արտաքին քաղաքականության մեջ, չի աշխատում հայկական պետականության և շահի օգտին»,- «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանը։
Ըստ նրա՝ հայկական գործոնը ծառայում է մի նպատակի՝ հետևողական իջեցնել այն նշաձողը, որի շուրջ ընթանում են բանակցությունները։ Այս առիթով Բագրատ Եսայանն ասաց․ «Բանակցային գործընթացում մենք նորից ունենք շատ ավելի աննպաստ վիճակ։ Դա ստեղծվում է հետևողական քայլերի արդյունքում։ Նշաձողն իջեցվել է մինչև այստեղ՝ 29800 քառակուսի կիլոմետր, որտեղ Գորիս-Կապան ճանապարհի՝ Որոտանի և մյուս հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, Կապան-Ճակատեն ճանապարհը նույնպես անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այսինքն՝ իրենք են իջեցրել նշաձողը»։
Անդրադառնալով այն քննարկումներին, թե ինչ են տալիս հանրահավաքները, Բագրատ Եսայանն ասաց․ «Մենք հնարավորինս պետք է ընդլայնենք հասարակական այն հարթակները, որտեղ պետք է անընդհատ ներկայացնել խնդիրները, համախմբել այս հարթակներում հնարավորինս հասարակական լայն զանգվածներ։ Ընդհանրապես պետք է փորձենք կապել այս հարթակներն իրար հետ, հասարակության լայն համախմբում է պետք, մեր պետականությանը սպառնացող այս վտանգի օրակարգի շուրջ»։
Ըստ Բագրատ Եսայանի՝ «իշխանությանը քշելու հարցը միտինգով կարող է լուծվել ժողովրդավարական հասարակության մեջ»։ Այնուհետև շարունակեց․ «Այս հասարակության մեջ, երբ կա արդեն ձևավորված բռնապետական համակարգ՝ հասարակական բողոք փողոց բերելով և ակնհայտ դարձնելով այդ բողոքը առնվազն հասարակական տարանջատման պայմաններում բռնապետը երբեք չի գնա այս ճնշման տակ հրաժարական տալու։ Թռա՞նք ցանկապատի վրայով, թե չթռանք, սա լրիվ ուրիշ օրակարգային հարց է։ Դա սովորաբար միտինգով չի լինում»։
Կարդացեք նաև
Հարցին՝ այդ դեպքում քննարկե՞լ էիք մինչև հանրահավաքը՝ ո՞ր ճանապարհն է արդյունավետ, Բագրատ Եսայանը պատասխանեց․ «Եթե մենք խոսում ենք հայկական պետականությունը պահպանելու մասին և այս իշխանության գնալուց հետո ինչ տիպի պետություն ենք ուզում ունենալ օրակարգի մասին, պետք է խոսենք հանրային լայն հասարակական համախմբման մասին։ Իսկ հանրահավաքի հայտարարության մեջ ե՞րբ եք տեսել, որ միասնության հանրահավաքը Նիկոլ քշելու հանրահավաք էր։ Այդ մասին խոսք չի եղել։ Հանրահավաքի նպատակները հստակ ձևակերպված են եղել․ դա հայ ժողովրդի միասնության վիզուալ ներկայացումն է արտաքին խաղացողներին, մեր ռազմավարական գործընկերներին ցույց տանք, որ այս պողպատե մանդատավորը հայ ժողովրդի իղձերի, ցանկությունների և սպասումների մարմնավորումը չէ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ