Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպական երկրներից Ախուրյանի կիրճ՝  հատուկ սև արագիլ տեսնելու համար

Նոյեմբեր 07,2022 22:23

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  սև արագիլների թիվը հասել է 14-ի, դրանք հիմնականում «Արփի լիճ ազգային պարկի» Ախուրյանի կիրճի հատվածում են։

Մեր զրուցակիցը նաև հավաստիացրեց, որ  եվրոպական մի քանի երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և Իտալիայից զբոսաշրջիկները հատուկ գալիս  են Ախուրյանի կիրճ՝ սև արագիլներին տեսնելու համար։ Նրանք «Արփի լիճ ազգային պարկի» տարածքից հեռանում են ՝ վերստին վերադառնալու ցանկությամբ։

«Մեր մոնիթորինգի արդյունքում հաշվառվել են 14 սև արագիլներ, կարելի է ասել՝ այս քանակը եռապատկված է։ Զբոսաշրջիկներին ձգում է սև արագիլներին տեսնելու ցանկությունը, արտերկրից գալիս են հատուկ սև արագիլներին տեսնելու։

Զրուցում ենք նրանց հետո, ասում են՝ տեղեկացել ենք պարկի տարածքում կան սև արագիլներ,եկել ենք, եթե հնարավորություն լինի, եղանակային պայմանները թույլ տան թռչնադիտարկում իրականացնենք, մեծ ցանկություն ունենք սև արագիլներին տեսնելու։ Պահեր են լինում, որ, բարեբախտաբար, տեսնում են, ֆիքսում են, նկարում են։

Այնպիսի տպավորություն ենք ստանում, որ կարծես զբոսաշրջիկի մոտ նպատակի իրականացում է եղել», -ասաց Մուշեղ Մուրադյանը։

Մեր զրուցակցի փաստմամբ, ամառային զբոսաշրջության շրջանն ավարտվեց, պատրաստվում են ձմեռային զբոսաշրջությանը, այն ևս ակտիվ է այս տարածքում։

Մուշեղ Մուրադյանն ասաց․ «2022 թվականը  զբոսաշրջության առումով «Արփի լիճ ազգային պարկի» տարածքում բում էր․ 7200 զբոսաշրջիկ են այցելել, նրանից 1000-ից ավելին օտարերկրյա քաղաքացիներ են»։

Ըստ Մուշեղ Մուրադյանի, ձմռանը « Արփի լիճ ազգային պարկը»  էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներին  և սիրողական ձկնորսներին է գրավում։

«Այնպիսի օրեր են լինում, երբ  լճի սառույցի հաստությունը  60 սանտիմետրից հասնում է շուրջ մեկ մետրի, լճի վրա 40-50 վրաններ են հայտնվում։ Այսինքն՝ սիրողական ձկնորսները սառույցի շերտը ձկնորսական համապատասխան սարքավորումներով ծակելուց հետո զբաղվում են ձկնորսությամբ․ և փառք Աստծո այսօրվա մեր ունեցած ձկնապաշարի պայմաններում Արփի լճից ոչ ոք ձեռնունայն չի գնում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930