«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը օրեր առաջ ահազանգել էր Aravot.am-ին՝ նշելով, որ Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետն ամիսներ շարունակ իրեն հորդորում է աշխատանքից ազատման դիմում գրել։
«Չեմ հասկանում՝ ինչու պետք է դիմում գրեմ աշխատանքից ազատվելու մասին, դա ընդամենը մեր փոխմարզպետ Նարե Ղազարյանի ցանկությունն է։ Երբ հարցնում եմ պատճառը ո՞րն է, ինձ ասում են, թե քեզնից բողոքներ կան, սակայն չեն ներկայացնում գոնե մեկը, որպեսզի գոնե իմանամ։ Իմ ենթադրությամբ պատճառը քրոջս ընդդիմադիր քաղաքական հայացքներն են, սակայն մենք առանձին անհատներ ենք եւ կարող ենք ունենալ տարբեր տեսակետներ։ Ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, եւ ես չեմ պատրաստվում սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։ Թող նշեն գոնե մեկ բողոք, մեկ դժգոհություն, ըստ որի ես այլեւս չպետք է աշխատեմ»,-նշեց Լուսինե Վարդանյանը։
Նշենք, որ Լուսինե Վարդանյանի քույրը առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանն է, որն աշխատանքից ազատվել է այս տարվա հունվարին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջինս առողջապահության նախկին նախարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի կադրն է, վիճել էր ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որից հետո ազատել էին աշխատանքից։ Ըստ նույն աղբյուրի, Ծաղիկ Վարդանյանին Արսեն Թորոսյանը խոստացել էր աշխատանքի տեղավորել Երեւանի քաղաքապետարանում։
«Ոչ մեկը նրան չի հորդորել դիմում գրել, հիմքեր կան՝ աշխատանքից ազատվելու, որոնք հիմա չեմ ուզում բարձրաձայնեմ»,-նշեց Նարե Ղազարյանը։ Չնայած վերջինս Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում չնշեց հիմքերը, սակայն մեր տեղեկություններով, Մեղրու բժշկական կենտրոնը ֆինանսական լուրջ խնդիրների մեջ է, բժիշկ-մասնագետների համալրման խնդիր ունի։ Սյունիքի մարզպետի 2022թ.-ի օգոստոսի 26-ի որոշմամբ, Լուսինե Վարդանյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։ Կարգապահական տույժը, մեր տեղեկություններով, կապված է պետական վերահսկողության ծառայության կողմից Մեղրու բժշկական կենտրոնում անցկացված ստուգումների հետ։
Կարդացեք նաև
Ավելին, 2022 թ․մարտին Լուսինե Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեությամբ կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Վարդանյանը պաշտոնական գրությամբ միջնորդել է, որպեսզի 39 բուժքույրերի վերապատրաստման դասընթացը կազմակերպվի Մեղրիում։ Այնուհետեւ խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ նշված հանգամանքը թաքցնելով վերապատրաստման ենթակա բուժքույրերից, իրականությունը խեղաթյուրելով եւ վերջիններիս ներկայացնելով, որ դասընթացները Մեղրիում կազմակերպելու համար յուրաքանչյուրը պետք է վճարի 35000 դրամ գումար, 11 բուժքույրից ստացել է ընդհանուր առմամբ զգալի չափով գումար՝ 385 000 դրամ։ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի 2022թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ «քրեական գործի վարույթն ըստ մեղադրանքի Լուսինե Վարդանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (խարդախություն) կարճել եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը` տուժողների հետ հաշտվելու կապակցությամբ»:
«Լուսինե Վարդանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել Լուսինե Վարդանյանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը եւ անձնագրային գործողություններ կատարելու արգելքը: ՀՀ ՔԿ դեպոզիտային հաշվին ամբաստանյալ Լուսինե Վարդանյանի կողմից վճարված 385 000 ՀՀ դրամը տրամադրել տուժողներին՝ յուրաքանչյուրին 35 000 ՀՀ դրամի չափով»,-նշված է դատարանի որոշման մեջ։
Aravot.am-ն առաջիկայում մանրամասն կանդրադառնա Մեղրու բժշկական կենտրոնում ստեղծված իրավիճակին։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ