Երեւանի քաղաքապետն առաջարկում է օրենսդրական փոփոխությունով լուծել նոր թաղամասերի եւ բազմաբնակարան համալիրների տարածքում մանկապարտեզներ եւ դպրոցներ կառուցելու խնդիրը՝ կառուցապատողներին էլ ներգրավել այդ գործում
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ 162 մանկապարտեզ կա, որից 24-ը կապիտալ վերանորոգման փուլում է, ուստի այդ մանկապարտեզների երեխաները չեն հաճախում նշված նախակրթարաններ։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ շատ հաճախ ծնողները չեն կարողանում երեխաներին մանկապարտեզ տանել, քանի ազատ տեղ չի լինում։
«Այս ամսվա վերջ կամ դեկտեմբերի սկիզբին ԵՄ-ն 2,6 մլրդ կտրամադրի Երեւան համայնքին՝ հավելյալ մանկապարտեզներ եւ պոլիկլինիկաներ վերանորոգելու համար։ Նախնական հաշվարկով՝ հաջորդ տարի 40 մանկապարտեզ է կապիտալ վերանորոգվելու, եւ այս մանկապարտեզների երեխաները չեն կարող հաճախել իրենց մանկապարտեզներ»,-ասաց Սարգսյանը։
Մյուս խնդիրն էլ, ըստ քաղաքապետի, այն է, որ կան տարածքներ, որտեղ մանկապարտեզներ չկան․«Օրինակ Արաբկիրում մեծ կառուցապատումներ են իրականցրել, հիմա այդտեղ բնակիչների քանակն ավելին է։ Տարբեր վարչական շրջաններում 3 նոր մանկապարտեզ կառուցելու նախագիծ կա, որը կարծում եմ նոր վարկային միջոցների հաշվին կկառուցվեն»։
Կարդացեք նաև
Սարգսյանն առաջարկում է մանկապարտեզների սղության հարցը լուծել օրենսդրական փոփոխությամբ՝ բոլոր կառուցապատողները պարտավորվածություն ունենան դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման համար, քանի որ մայրաքաղաքում բազմահարկեր են կառուցում, հետո բնակիչները քաղաքապետարանից են պահանջում այդ տարածքում դպրոց կամ մանկապարտեզ կառուցել․«Ստացվում է շենքը կառուցում են, 100% հավելադիր վաճառում են, իրենց գումարը վերցնում են, գնում, հետո բնակիչները գալիս են պետության մոտ ու ասում՝ մանկապարտեզ, դպրոց տուր։ Նույնը եղել է Ծարավ Աղբյուրի շենքերում»։
Նա Սանկտ Պետերբուրգի կառուցապատման օրինակը բերեց, ասաց․ «Շենքը կառուցելու համար կառուցապատողները գնում էին տեղի դպրոց, դպրոցից բերում տեղեկանք, թե ինչքան երեխա կարող է այդտեղ սովորել, որպեսզի թույլտվություն տան, ու դա ստիպում է, որ մի քանի ներդրողներ հավաքվեն, մի տեղ կառուցապատում անեն, որպեսզի մանկապարտեզի ու դպրոցի կառուցապատման ծախսը քիչ լինի։ Կարելի է Երեւանում էլ իրականացնել։ Դժգոհություններ կլինեն կառուցապատողներից, կասեն՝ փող չունենք, այ որ դուք 10 հարկի փոխարեն թույլ տայիք 13 հարկ, զրոյի վրա կկանգնեմ եւ այլն։ Ես բանկում եմ աշխատել, բիզնեսներ եմ վերլուծել, կարող եմ իրենց հետ հաշվեմ, թե իրենց ինքնարժենք ինչքան է։ Նույնը Մոնթե Մելքոնյանի վրա է, շենքեր են կառուցվում։ Հետո այդտեղ դպրոց, պոլիկլինիկա, մանկապարտեզ է պետք, տրանսպոտային համակարգ է պետք, հետո աղբահանություն են ուզելու։ Ես կառուցապատողների հետ հանդիպել եմ, այն փաստարկը, որ ասել են՝ ավարտականը, որ լինի, գույքահարկը կվճարենք, դրա միջոցով կանեք։ Կներեք, Կոմիտասում մեծ համալիր է կառուցվում, ես հաշվարկել եմ՝ նույնիսկ գույքահարկի այս աստիճանաբար բարձրացման դեպքում, վերջին կետին, երբ հասնի, ընդամենը 200 մլն գումար են վճարելու, իսկ մի դպրոցի կառուցման համար մոտ 3,2-5 մլրդ է պետք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ