Նոյեմբերի 8-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, ում հրավերով էլ նվագախումբը մեկնում է Գերմանիա։
Որպես մենակատար հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն, Էդուարդ Բաղդասարյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Միրզոյան։
Գերմանական հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ Հյուրախաղերի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, նվագախումբը կմասնակցի Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաև երեք համերգով կմասնակցի Իկինգ փառատոնին։ Երկու համերգ նախատեսված է Նաումբուրգ և Մագդեբուրգ քաղաքներում։
Նշենք, որ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգն իր ժամանակների ամենաճկուն դիրիժորներից է: Իր երաժշտական կարիերան սկսել է ութ տարեկանից՝ Տյոլցի տղաների երգչախմբում, որտեղ և հետագայում աշխատել է: Հանդես է եկել Georgian Chamber Orchestra Ingolstadt, Munich Symphony Orchestra, Southwest German Chamber Orchestra Pforzheim, Karlovy Vary Symphony Orchestra, North Bohemian Philharmonic Orchestra Teplice և այլ կոլեկտիվների հետ: Սերտորեն համագործակցում է նաև բարոկո նվագախմբերի հետ: Մյունխենում 2000 թվականին հիմնադրել է երաժշտական փառատոն: Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Թյուբինգենի համալսարանի երաժշտական տնօրենն է, այդ պաշտոնին է ընտրվել 140 դիմողների հաղթելով:
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ