Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառում նշվեց արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը

Նոյեմբեր 07,2022 18:38

Նոյեմբերի 4-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետթատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց գրող, արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան 100-րդ տարեդարձը։ Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի համայնքապետարանը, Մարտունու համայնքապետարանը, Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը եւ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքը։

Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, Հայաստանի գրողների միության անդամներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Բաղիշ Հովսեփյանի ընտանիքի անդամներ։

Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Այսօր մեզ համախմբել է հայ գրականության եւ արվեստի հանդեպ սերը, որի նշանավոր ներկայացուցիչներից մեկը մեր հայրենակից, մեր հող ու ջրի արժանավոր զավակ, հայտնի գրող Բաղիշ Հովսեփյանն էր։ Նա իր ստեղծագործությամբ ուրույն հետք թողեց մեր արձակի մեջ, դաստիարակեց ու ոգեշնչեց գրական նոր սերնդի, պատկերեց նախորդ դարի հայկական գյուղաշխարհի, պատերազմի ու խաղաղության բովով անցած իր սերնդակիցների դժվարին բայց հերոսական կյանքի ընդհանուր գծերը։ Մենք ոչ միայն հպարտանում ենք, որ նման հայրենակից ունենք, այլ նաեւ պարտավորվում ենք՝ պահպանել ու տարածել նրա ստեղծագործությունները, ապրեցնել նրա անունն ու գործը։ Այս արժանահիշատակ օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Բաղիշ Հովսեփյանի ընտանիքի անդամներին եւ հանդիսության բոլոր մասնակիցներին, մեր ընթերցասեր հասարակությանը», -նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Բաղիշ Հովսեփյանի ստեղծագործություններին անդրադարձան ՀԳՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը, արձակագիր Վահան Սաղաթելյանը։ «Բաղիշ Հովսեփյանը նախորդ դարի հայ արձակի նշանավոր դեմքերից էր, նրա ստեղծագործությունները դարձել էին ընթերցողների սեղանի գրքերը։ Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի Բաղիշ Հովսեփյանի գործն ու անունը հավուր պատշաճի մեծարվեն մեր մարզի տարածքում։ Կարծում եմ, որ հարկ կլինի Բաղիշ Հովսեփյանի անունով փողոց կամ կրթական հաստատություն կոչել, սահմանել նրա անվան կրթաթոշակ, հանրայնացնել նրա ստեղծագործությունները։ Իսկ դրա իրավունքը, միանգամայն համոզված եմ, Բաղիշ Հովսեփյանը վաղուց է վաստակել», -նշեց Տիգրան Նիկողոսյանը։

Բաղիշ Հովսեփյանի ստեղծագործությունն արժեւորեց գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը։ «Բաղիշ Հովսեփյանի ստեղծագործություններից ես կառանձնացնեի երկուսը՝ «Սերմնացանները չվերադարձան» եւ «Դու հասկացա՞ր ինձ» վեպերը։ Առաջին ստեղծագործությամբ մեր գարկանության մեջ Բաղիշ Հովսեփյանն առաջինն էր, որ պատկերեց ռազմաճակատում գտնվող զինվորի ապրած իրական զգացումը, եւ դա դարձավ անգերազանցելի ստեղծագործություն։ Երկրորդ վեպով նա ցույց տվեց, թե ինչ հույզերի մեջ է ապրում պատերազմից խաղաղ կյանքի անցած մարդը։ Նրա գործերի ընթերցումը ես համարում եմ շատ կարեւոր ու պահանջված», -նշեց Արքեմնիկ Նիկողոսյանը։

Բաղիշ Հովսեփյանի կյանքը եւ ստեղծագործությունները ներկայացվեցին տեսաֆիլմերի միջոցով։ Գեղարվեստական կատարումներով հանդես եկան «Մասունք» ազգագրական անսամբլի անդամները։

Բաղիշ Հովսեփյանը ծնվել է 1922 թվականին, ՀԽՍՀ Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Վիրավորվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ անցել խաղաղ աշխատանքի։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Պատասխանատու պաշտոններ է վարել գրական ամսագրերում, եղել է Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության Սեւանի ավազանի գրական բաժանմունքի առաջին նախագահը։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930