Լրահոս
Օրվա լրահոսը

Անգործություն. ՏՏ մասնագետը ՀՀ կառավարության գործունեության մասին

Նոյեմբեր 07,2022 17:16

Անգործություն․ այսօր «Մանթաշյանց» գործարարների միությունում կայացած «ՏՏ ոլորտի վնասներն ու ռիսկերը՝ դոլարի արժեզրկման ֆոնին» թեմայով ասուլիսի ժամանակ այսպես բնութագրեց DataArt ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը պետական մարմինների 5 ամսվա աշխատանքը ՏՏ ոլորտի՝ դոլարի արժեզրկման հետևանքով առաջացած խնդիրների կարգավորման ուղղությամբ։

«Հինգ ամիս առաջ ենք բարձրաձայնել ՏՏ ոլորտի խնդիրները, որ առաջացել են դոլարի արժեզրկման ընթացքում։ 5 ամսվա ընթացքում վիճակը բավականին փոփոխվեց՝ դեպի վատը: Փոքր կազմակերպություններ կան, որ փակվել են, կան կազմակերպություններ, որ աշխատակիցների կրճատումներ են անում: Այն ժամանակ էլ էինք ասում, որ հարցը հրատապ է, եկեք հրատապ լուծում տվեք, հետո մենք էլ ձեզ հետ կմտածենք ավելի գլոբալ խնդիրների կարգավորման մասին: Չլսեցին, անտեսեցին և այսօր կանգնած ենք շատ մեծ խնդրի առաջ: Եթե մենք այսօր թիրախային լուծում չտանք, մենք կկանգնենք շատ լուրջ հետագա խնդիրների առջև: Մեր կառավարությունը դրոշակով հայտարարում է տնտեսական բումի մասին, եկեք տեսնենք, թե ինչի շնորհիվ է այդ բումը գրանցվել, արդյո՞ք ՏՏ ոլորտը իր մասնաբաժինը չունի՞»,-նշեց Արսեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, խնդրի կարգավորման նպատակով բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ կենտրոնական բանկում, արդյունքում խնդրի կարգավորման նախագիծ է մշակվել, որը նույնիսկ հրապարակվել է e.draft.am կայքում, անցել է հանրային քննարկումների փուլը, արդյունքում ստացել մոտ 80 տոկոս կողմ ձայներ: «Սեպտեմբերի 27-ին պետք է գնար կառավարության նիստ, ինչո՞ւ չգնաց, ի՞նչ եղավ, ի՞նչն է խնդիրը. հասկանալի չէ: Օրինագծով նախատեսվում էր սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը վերադարձնել ընկերություններին, քանի որ եկամտային հարկը 21 տոկոս է, իսկ մեր կորուստները կազմում են մոտ 25 տոկոս, փորձեցինք այս կերպ արագ լուծում տալ, բայց մնաց թղթի վրա»,-հավելեց Արսեն Բաղդասարյանը:

Ճգնաժամային իրավիճակներում հրատապ լուծումներ են անհրաժեշտ, ոլորտը չի կարող սպասել, մինչև պետական մարմինները լուծեն իրենց մեջ առկա տարաձայնությունները, հետո անդրադառնան ՏՏ ոլորտին․ ընդգծեց SMART CLICK և VIRAL MANGO ընկերության հիմնադիր Ռեմ Դարբինյանը՝ հավելելով, որ կառավարությունը հաշվի չի առնում նույնիսկ այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտն իրենց կողմից առաջնահերթություն է հռչակվել:

Դարբինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խնդիրը համակարգային է, որի պատճառով ոչ միայն աշխատակիցներ են կրճատվում կամ ընկերություններ են փակվում, այլ, բնականաբար, եղած ընկերություններն էլ ի վիճակի չեն աճել ու նպաստել տնտեսության զարգացմանը: «Հայկական այն ստարտափները, որոնք վենչուրային ինվեստորներից գումարներ էին ներգրավել և հաշվարկել, որ այդ գումարը իրենց կբավականացնի 2 տարի՝ հիմա դոլարի փոխարժեքի 25 տոկոս արժեզրկման պատճառով նույնիսկ աշխատավարձային ֆոնդի խնդիր ունեն: Դա բերելու է նրան, որ իրենք չեն կարողանալու հասնել իրենց առջև դրված խնդրի լուծմանը և ցավոք, ստարտափները փակվելու են»,-նկատեց Դարբինյանը:

ESTEROX ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ադամյան էլ բերեց իր ընկերության օրինակը, երբ անցած տարի մոտ 40 նոր աշխատակից են ընդունել, իսկ հիմա պարտադրված են կրճատել աշխատակիցներին:

Արսեն Բաղդասարյանն ընդգծեց, որ վերջին 10 տարում որպես ՏՏ երկիր բրենդավորված Հայաստանի մասնագետների աշխատավարձերը օտարերկրյա գործընկերների համեմատությամբ գրեթե նույնն էին, իսկ հիմա դոլարի արժեզրկումը հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների վրա շատ կտրուկ և մեծ ազդեցություն է ունենում և այն առավելությունը, որ ունեին հայկական ընկերությունները, արժեզրկման հետևանքով աստիճանաբար կորցնում են։ «Վերջին 5 տարվա ընթացքում, բազմաթիվ ՏՏ ընկերությունների ստվերից բերեցինք դեպի հարկային դաշտ, հիմա այս իրավիճակում այդ ընկերություններին ոչինչ չի խանգարում, որ նորից գնան «freelance»–ի (ինքնազբաղված․–խմբ․) և ցավով եմ ասում, որ ՏՏ մասնագետներին, որոնց տեղը, երկիրը կարևոր չէ , ստիպված կարտագաղթեն»,- ամփոփեց Արսեն Բաղդասարյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930