«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվում թունաքիմիկատների խանութներում: Այս հարցի լուծումը ես տեսնում եմ պատժաչափերի անհամաչափ մեծացման ձեւով: Մենք տեսնում ենք, որ օրենքները լավ չեն աշխատում, որովհետեւ առաջինը՝ մենք որպես ազգ բավարար չափով օրինապահ չենք, այսինքն, մենք ինքներս ենք կարմիր լույսի տակով հաճախ անցնում եւ ռեստորաններում ծխում: Կոնկրետ ԱԺ շենքում «Ծխելու մասին» օրենքը շատ է խախտվում: Ու եթե մենք կտրուկ չենք մեծացնում պատժաչափը եւ մեծացնում վերահսկողությունը՝ հարցը չի լուծվում»,- այսօր 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ըստ նախարարի, եթե մենք ուզում ենք որպես ազգ ձեւափոխվենք ու դառնանք ավելի կարգապահ, պետք է կարգապահական նորմերը խստացնել, որ մարդիկ ստիպված լինեն հետեւել, թե չէ հիմա մարդկանց տուգանում ես, հաջորդ օրը էլի նույն բանն են անում: Նա ասաց, որ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն աճել է ու պետք է ինստիտուտները ավելի կայացնել, որ սպասարկեն ավելի բարձրակարգ տնտեսությունը:
ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանն ասաց, որ ավելի ճիշտ կլինի անհայտ ծագման թունաքիմիկատները չգրանցեն, քան թե հետո ժամկետանց թունաքիմիկատները փորձեն շուկայից հանել: Քերոբյանը պատասխանեց, որ մեծ տարաներից դատարկում են ու լուծույթի խտություն են փոխում, այստեղից էլ գալիս են հիմնական խախտումները:
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ խիստ հարաբերական է խոսել գյուղատնտեսության մասին, որովհետեւ հարց է՝ 3 կով պահող տնտեսությունը համարո՞ւմ ենք գյուղատնտեսություն: Կան երկրներ, որտեղ շեմեր են դրված ու դրանցից ներքեւ չեն հաշվում գյուղատնտեսություն: Ըստ Թունյանի, այսօր գյուղատնտեսության աճին խոչընդոտող խնդիրներից մեկը հողերի խոշորացման անհնարինությունն է: Քերոբյանը վստահեցրեց, որ խոշորացումն ընթացքի մեջ է, որովհետեւ կադաստրում արդեն 2000 դիմում է եղել խոշորացման:
Կարդացեք նաև
Թունյանը նաեւ ասաց, որ Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ֆինանսավորումը նվազել է վերջին 2-3 տարիներին ու եթե բավարար չեն ֆինանսավորելու, ուրեմն ի՞նչ իմաստ ունի պահել այդ կառույցը, եթե գտնում են, որ պետք չի, ինչի՞ են այդ հիմնադրամը պահում, չէ՞ որ այն ոչ միայն ցուցահանդեսների կազմակերպմամբ պետք է զբաղվեր, այլ նաեւ հողերի մոնիտորինգով եւ մի շարք այլ գործառույթներով: Քերոբյանը պատասխանեց, որ համաձայն է, բայց չի համաձայնել ֆինանսավորել ֆիննախը, հակասություն են ունեցել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ