«Արդեն տեղի է ունենում առաջին փուլի հանձնման-ընդունման գործընթացը, նախագծման վերջնական փուլը պատրաստ կլինի հաջորդ տարի հունիս-հուլիս ամիսներին, որից հետո արդեն, երբ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը լինեն, ծավալը լինի, արդեն պետք է հայտարարվի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մրցույթ։ Չեմ կարծում, որ 2023 թվականին սկսեն կառուցել»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նրա ներկայացմամբ՝ պետք է նաեւ պարզեն՝ ի՞նչ ֆինանսական միջոցներով է կառուցվելու կայարանը, միջազգային ֆինանսական կառույցի վարկային միջոցներո՞վ, թե՞ սեփական միջոցներով․ «Կարծում եմ՝ միջազգային կազմակերպությունների միջոցով կիրականացվի, քանի որ ծրագրում կան էներգախնայողության կոմպոնենտներ, շրջակա միջավայրի բարելավում եւ այդտեղ հնարավորություն կլինի դրամաշնորհներ ներգրավել»։
Նա կոնկրետ ժամանակահատված չնշեց, թե երբ կսկսվեն շինաշխատանքները, ասաց, որ գործընթացը սկսվել է, համապատասխան ֆինանսական միջոցներ են արդեն հատկացվել՝ 2023 թվականին Երեւան համայնքի բյուջեից արդեն 800 միլիոն դրամ է հատկացվել նախագծման աշխատանքները սկսելու համար, 2023 թվականին բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 100 միլիոն նախագծման աշխատանքների համար գումարը վճարել, որից հետո արդեն կսկսեն աշխատանքները»։
Կարդացեք նաև
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024 թվականին։
Իսկ Երեւանի այս տարվա մայիսի 24-ին Երեւանի ավագանու նիստում որոշում է ընդունվել մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար քաղաքապետարանի պահուստային ֆոնդից 554 մլն դրամ կհատկացվի, կայարանի նախագծման մրցույթը շահել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ