Նոյեմբերի 9-ին, 10-ին եւ 11-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Սերգեյ Եսենինի սիրելի, խորհրդավոր գեղեցկուհի Շահանեի պատմությունը՝ «Բանաստեղծի գաղտնիքը» վերնագրով, որը կենդանացրել են պետերբուրգցի դերասանուհի Տատա Խաչատրյանը եւ ռեժիսոր Կարո Բալյանը։
Սպուտնիկ Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում Կարո Բալյանն ասաց, որ մոնոներկայացման պրեմիերան շուրջ 3 տարի առաջ կայացել է Հայաստանում, այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում՝ Ալեքսանդրինյան թատրոնում եւ ռուսաստանյան այլ թատրոններում։ «Մոսկվայում այժմ պատրաստվում ենք մեծ հյուրախաղերի»,-ասաց ռեժիսորը։
Տատա Խաչատրյանի խոսքով, ներկայացումը վավերագրական է․ «Մենք վերջապես բացեցինք վարագույրը եւ պատմեցինք այդ հրաշալի կնոջ մասին»։
Տատա Խաչատրյանը մանրամասնեց, թե ինչպես է ծանոթացել Կարո Բալյանի հետ եւ ինչպես է սկսվել իրենց համագործակցությունը։
Կարդացեք նաև
«Երբ Կասկադում սուրճի սեղանի շուրջ հանդիպեցինք, Կարոն ինձ հարցրեց՝ գիտե՞մ որեւէ բան Շահանեի մասին, ես այն ժամանակ ասացի՝ պրակտիկորեն ոչինչ չգիտեմ»,-հիշեց Տատան։ Ապա հավելեց, որ չնայած դրան՝ մեծ էր ցանկությունը պատմելու մեր հայրենակցուհու մասին, որն այդքան թանկ է եղել Եսենինի համար։
Կարո Բալյանն էլ տեղեկացրեց, թե ինչպես են հատիկ-հատիկ նյութեր հավաքել, սկսել աշխատել Շահանեի բարեկամների հետ, որոնցից մեկն էլ երջանկահիշատակ տեր Կյուրեղն էր. «Որպեսզի ավելի սիմվոլիկ լիներ, ներկայացման մեջ հնչում է հենց տեր Կյուրեղի աղոթքը։ Նա նաեւ ներկա է եղել մեր ներկայացման պրեմիերային»։
Տատա Խաչատրյանի ձեւակերպմամբ, ռուս հանդիսատեսը եւս շատ լավ է ընդունել եւ ընդունում ներկայացումը, որը նրա խոսքով, հայկական հետք ունի՝ այնտեղ հնչում է Չարենց եւ հայերեն աղոթք։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ