«Էստաֆետը միշտ պետք է փոխանցվի»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՔՊ անդամ Տիգրան Ավինյանի թեկնածությանը։
Հարցին՝ արդյոք կմնա քաղաքապետարանում, Սարգսյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ կմնամ»։
Արդյոք կաշկանդվա՞ծ չէ, որ Տիգրան Ավինյանն է բոլոր որոշումները կայացնում, կարծես արդեն նախընտրական քարոզարշավ է իրականացնում, հանդիպում է քաղաքացիների հետ, բայց հիմնական գործառույթները գործող քաղաքապետն է իրականացնում, ի պատասխան այս հարցի, Սարգսյանն ասաց՝ գործառույթներն ամբողջ քաղաքապետարանն է իրականացնում, իսկ քաղաքացիների հետ հանդիպումները միայն քաղաքապետի կամ փոխքաղաքապետի անելիքը չեն։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է որոշումներ կայացնելուն, ապա Սարգսյանն ասաց․ «Եթե ասեք՝ ո՞ր որոշումներն են․․․կադրային քաղաքականություն եւ այլն։ Մենք համատեղ որոշում ենք կայացրել, որ տեղերում ունենանք այնպիսի կառավարիչներ, որպեսզի ծրագրերն արդյունավետ լինեն, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ նախընտրական․․․։ Այս խոսակցությունը մեկ տարի է՝ հնչեցնում եք, նույն տրամաբանության շրջանակում անընդհատ տալիս եք։ Մի անգամ ասացի էդ մասին՝ ձեր տրամաբանությամբ ի՞նչ է՝ պարոն Ավինյանն ինձ զանգում, ասում է՝ էս որոշումը սենց պիտի կայացվի, ասում եմ՝ լավ, եղավ, ու ստորագրո՞ւմ եմ։ Վստահեցնում եմ՝ բոլոր որոշումները ես եմ կայացնում։ Իհարկե, տարբեր հարցերի շրջանակում բոլոր տեղակալների, վարչության պետերի հետ քննարկում ենք, շատ դեպքերում ես եմ ճիշտ լինում, սխալ լինում, կամ համատեղ որոշում ենք ինչ-որ որոշում կայացնենք, վերջնական արդյունքը պետք է գնահատվի աշխատանքով»։
Սարգսյանը նաեւ չբացառեց, որ Ավինյանը հնարավոր է՝ չընտրվի։
Նա նաեւ չի որոշել՝ Ավինյանի ընտրվելու դեպքում ինչով է զբաղվելու։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ