Նոյեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը։ Այն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 13-ը։
Շաբաթվա բացմանը ի թիվս այլնի՝ ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը պատմեց հիմնական միջոցառումների մասին, ներկայացրեց մեդիագրագիտության նոր ռեսուրսները՝ ՄՆԿ-ի կողմից մշակված և ԿԳՄՍ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը։
Շնորհանդեսին հաջորդեց պանելային քննարկում մեդիայի ու կրթության ոլորտի մասնագետների հետ՝ Հայաստանում մեդիագրագիտության տարածման հեռանկարների ու խնդիրների շուրջ։
Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Մեդիա iգիտություն» ձեռնարկը 2013-ին հրատարակված «Մեդիագրագիտություն» ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է։ Նրա խոսքով, ձեռնարկի առաջին մասում ներառված են 10 թեմաներով վերլուծական-կրթական նյութեր, իսկ երկրորդ մասում՝ մեթոդական ուղեցույցներ։
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը՝ կարեւորելով մեդիագրագիտությունը, փաստեց, որ այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որ անգամ նախադպրոցական տարիքից երեխաները կարողանան ճիշտ վերլուծել ու տարբերակել անհրաժեշտ տեղեկատվությունը։ Նա հիշեցրեց, որ 2018թ-ից կրթության նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ այդ նպատակով կնքել է համապատասխան հուշագիր։ Հավելեց, որ կառավարությունը կարեւորում է մեդիագրագիտության զարգացումը կրթության ոլորտում, եւ հանրակրթության նոր չափորոշիչներով մեդիագրագիտությանը մեծ ուշադրություն է դարձվում։
Շաբաթվա մանրամասները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կայքում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ