Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Ջերմուկ ներթափանցած ադրբեջանական խումբը փոխհրաձգության արդյունքում հետ է քաշվել, մինչդեռ ջերմուկցիները վստահեցնում են, որ ադրբեջանցիները դեռ Ջերմուկի տարածքում են: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այս առնչությամբ ասաց. «Ես տեղեկություններ ունեմ, ինչ մեր ԳՇ պետն է ասել, մեր տեղեկություններով իրենք շարունակում են այնտեղ գտնվել, բայց եթե ՊՆ ԳՇ պետը այլ բան է ասել, իրենք ավելի լավ հնարավորություններ ունեն հետախուզական եւ այլն: Մեր տեղեկություններով այնտեղ են, եթե ԳՇ պետն ասել է՝ գնացել են, ամեն դեպքում՝ մենք տեսնում ենք: Որոշակի տեսանելի տարածք, որը անզեն աչքով հնարավոր է՝ տեսնում ենք: Ջերմուկից հնարավոր է տեսնել: Հակասությունն ինչում եք տեսնում: Իրենք ասում են՝ հետախուզական խումբ է եղել, հետ է գնացել, ես էլ ասում եմ՝ ես տեսնում եմ, չգիտեմ՝ ա՞յդ խումբն է, թե՞ չէ»:
Նա տեղեկացրեց, որ Ջերմուկում բնականոն կյանքը փոխվել է սեպտեմբերի 13-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը հարձակվել են տուրիստական գոտու վրա. «Հրետակոծվել է Ջերմուկ քաղաքը, դա չէր կարող չանդրադառնալ խաղաղ պայմաններում ապրող ժողովրդի բնականոն կյանքի վրա: Հազարավոր մարդիկ տեղափոխվել են Վայոց ձորի, կամ հարակից տարածքներ, ապահով վայրեր, տուրիստներն իջեցվել են ապաստարաններ, որպեսզի իրենց կյանքը հարվածի տակ չդնենք: Տուրիստների ստվար զանգված լքել է Ջերմուկը, նաեւ բնակիչների 70%-ը: Մի ամիս կլինի՝ Ջերմուկում փուլային բնականոն կյանքը վերականգնվում է: Տուրիստական հոսք, ինչպես նախկինում էր, չունենք, բայց գոհացուցիչ է, կարող եք մոտենալ առողջարաններ, սեփական համոզմունքով պարզել: Հիմա հյուրանոցներում մոտ 40% ծանրաբեռնվածություն կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ