Աշխարհի 65 երկրների 100 քաղաքներում գործող «Իմփաքթ Հաբ» գրասենյակների ցանցին միացավ նաեւ Գորիս քաղաքը։ Գորիսի կենտրոնում կաջակցեն բիզնես գաղափարների զարգացմանն ու իրագործմանը, ինչպես նաեւ ցանկացողներին կօգնեն դառնալ ավելի ուժեղ եւ նորարար մասնագետ ՓՄՁ-ների ոլորտում:
«Մենք այս տարվա փետրվարից սկսեցինք եւ այսօր պաշտոնապես արդեն միջազգային լիցենզիան հաստատված՝ կարողացանք պաշտոնապես բացել «Իմփաքթ Հաբ» Սյունիքի գրասենյակը։ Այս ամիսներին զուգահեռ, իրականացնում էինք առաջին ծրագիրը՝ Սյունիքում ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգի ստեղծումը»,- նշեց Հայաստանում «Իմփաքթ Հաբ»-ի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը:
Գորիսի կենտրոնը ստեղծվել է «Ագբա» ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ, իսկ առաջին ծրագիրը ֆինանսավորել է Եվրոպական միությունը։
Կենտրոնի առաջին ծրագրին մասնակիցներից մեկը 44-օրյա պատերազմում զոհված հերոս Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանն է: Տիկին Արսինեն թողեց մայրաքաղաքային կյանքը, տեղափոխվեց Սիսիանի Բնունիս գյուղ՝ զբաղվելով գյուղական տուրիզմով։
Կարդացեք նաև
«Ես որոշեցի քաղաքը բերել գյուղ՝ լինելով լոկոմոտիվ։ Սահմանամերձ գյուղում տուն գնեցի՝ դարձնել հյուրատուն, Հյուրատունը կոչեցի՝ «Էդգարի տուն», հերոսացած որդուս անունով։ Նպատակի ունեի նաեւ հյուրատանը զուգահեռ՝ բիզնեսներ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի գյուղացիները երբեք չմտածեն իրենց գյուղը լքելու մասին։ Հենց այդ հարցում ինձ աջակցեց Գորիսի «Իմփաքթ Հաբը»՝ նորանոր դռներ բացելով, բիզնեսի հմտություններ սովորեցնելով»,-ասաց Արսինե Սահակյանը
«Իմփաքթ Հաբի» հիմնադիրները հույս ունեն, որ Գորիսի կենտրոնը Սյունիքում կդառնա տարածաշրջանային կենտրոն՝ աջակցելով բոլորին, մասնավորապես հետպատերազմյան շրջանում խոցելի խմբերի առջեւ ծառացած խնդիրների համար լուծումներ առաջարկող տեղական բիզնեսներին։ Ծրագիրն աջակցելու է նաեւ խոցելի եւ տեղահանված անձանց:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ