Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օպերացիա «Պետնախարար». գտնել և ոչնչացնել». Ինչպես են Ադրբեջանում արձագանքել Ռուբեն Վարդանյանի նշանակմանը

Նոյեմբեր 07,2022 11:03

Ադրբեջանական լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու լուրը, որոշ լրատվամիջոցներ անգամ բացահայտ սպառնալիքներ են հնչեցրել նրա հասցեին:

Այսպես, Caliber.az լրատվականը յություբյան էջում հրապարակել է տեսանյութ` «Օպերացիա «Պետնախարար». գտնել և ոչնչացնել» վերտառությամբ, որում հիշեցնում է, թե ինչպես են իսրայելական հատուկ ծառայությունները թիրախային ոչնչացնում ահաբեկիչներին:

Նշվում է, որ նույնը կարող են անել ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ ոչնչացնելով նրանց, «ովքեր սպառնում են Ադրբեջանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, հատկապես, որ նրանք գտնվում են Ադրբեջանի «սեփական տարածքում՝ Ղարաբաղում»: Ըստ այդմ, լրատվամիջոցը փաստում է, որ նշանակվելով պետնախարար՝ Վարդանյանն արդեն դարձել է «չեզոքացման թեկնածու»:

https://www.youtube.com/watch?v=h37ChpFOa8A&ab_channel=CaliberAz

 

Մեկ այլ լրատվամիջոց, haqqin.az-ը, մեջբերելով Ռուբեն Վարդանյանի զրույցը «Կոմերսանտի» հետ, որում նա նշում է, թե իրենց համար ընդունելի չէ Սոչիի հայտարարությունը, և ինքը տեղափոխվել է «Արցախը փրկելու համար», գրել է.

«Այս կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ Ադրբեջանը «ղարաբաղյան հարցը» համարում է լիարժեք սպառված և չի պատրաստվում որևէ պետության հետ քննարկել իր շրջաններից մեկի (որը ժամանակավորապես գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ) հետագա ճակատագիրը … Միաժամանակ, եթե ինչ-որ ռուս էմիսար Ադրբեջանի ինքնիշխան տարածքում պաշտոնապես իրեն դիրքավորում է որպես «Ղարաբաղի փրկության մարտիկ», Ադրբեջանը, այնուամենայնիվ, ստիպված կլինի վերադառնալ ղարաբաղյան հարցին: Ընդ որում, միայն նրա համար, որպեսզի վերջնականապես Խանքենդիում (Ստեփանակերտում․ «Առավոտ»)արմատախիլ անի անջատողականության արմատները և լիարժեք վերականգնի իր ինքնիշխանությունն իր տարածքների նկատմամբ»:

Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելու կապակցությամբ արտահայտվել է նաև Միլի մեջլիսի պատգամավոր Այազ Գուլիևը՝ հայտարարելով, որ նրան տեղափոխել են «Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահներ, և նրա ձեռքով ցանկանում են խոչընդոտ ստեղծել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի համար»:

«Մի կողմից, դու խոսում ես խաղաղության մասին, մյուս կողմից քարոզչություն ես վարում Ադրբեջանի դեմ, տարածում ես սուտ ու զրպարտություն: Իհարկե, մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին այդ խաղաղության գործընթացն իր արդյունքները կտա և Հարավային Կովկասում կտիրի խաղաղություն և համաձայնություն»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930