JAMnews. «Հայաստանը դարձել է ԵԱՏՄ դոնոր, ավելի շատ վճարում է ընդհանուր կաթսային, քան ստանում»,- նախօրեին խորհրդարանում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով՝ կա ԵԱՏՄ բյուջեի բաշխումը վերանայելու անհրաժեշտություն:
Վահան Քերոբյանի դիտարկմամբ՝ 2021 թվականի օգոստոսից հետո է ձևավորվել պատկերը, որը փոխելու համար պետք է քայլեր ձեռնարկել:
«Հայաստանն անցած տարվա կեսերից, ըստ էության, ԵԱՏՄ բյուջե ստացած և վճարած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում»,- շեշտել է Քերոբյանը:
Նախարարի գնահատմամբ՝ «ավելի արդար բաշխվածքի ճանապարհով գնալու» համար ԵԱՏՄ բյուջեի բաշխումը պետք է վերանայվի:
Կարդացեք նաև
«Աշխատանքներ ենք տանում, որպեսզի նոր խոսակցություն բացվի, նոր քննարկման ցիկլ բացվի»,- հայտնել է նա:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ ի սկզբանե հակառակ պատկերն է եղել. Հայաստանին տրվող գումարն ավելին է եղել նրանից, ինչ երկիրը վճարել է: Դժվարանում է ասել՝ ինչն է փոխվել նախորդ տարվա օգոստոսին, ինչպես նշում է նախարար Քերոբյանը:
Պարսյանի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները վերլուծելու համար անհրաժեշտ են վիճակագրական տվյալներ, որոնց, ամենայն հավանականությամբ, տիրապետում է Պետական եկամուտների կոմիտեն:
JAMnews-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՏՄ բյուջեի բաշխման վերանայմանը, տնտեսագետն ընդգծել է՝ նման բան կարող է լինել միայն անդամ երկրների համաձայնության պարագայում:
«Տոկոսներն արդեն իսկ բաշխված են: Ո՞ւմ հաշվին ենք ավելացնելու, ո՞վ կհամաձայնի իր տոկոսը տալ մեզ»,- հարցնում է նա:
Եվրասիական տնտեսական միությունը լքելու ռիսկեր այս պահին չի տեսնում: Պարսյանի դիտարկմամբ՝ տնտեսական օգուտները շատ են: Օրինակ է բերում դեպի Ռուսաստան և միության անդամ մյուս երկրներ արտահանման աճը, ռուսների ներհոսքը Հայաստան:
«ԵԱՏՄ-ն կապիտալի, աշխատուժի, ծառայության ազատ տեղաշարժ է ենթադրում: Այս տարվա 14.1% տնտեսական աճի մեջ մեծ դեր ունի ռուսների այստեղ գալը, ինչը հենց աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունք է»,- շեշտում է փորձագետը:
Անդրադառնալով միության ներսում արտադրված ապրանքների բարձր մաքսատուրքերին՝ տնտեսագետն ասում է՝ ներքին շուկայի պաշտպանության տեսանկյունից դրական է, «ներկրվող ապրանքը թանկանում է, տեղական արտադրանքը դառնում է ավելի մրցունակ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: