Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծպտյալ գործակալների օգտագործումը պետք է սահմանափակվի»

Նոյեմբեր 07,2022 14:30

«Առավոտը» ներկայացնում է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ ՄԵԼԻՔ ՄԵԼԻՔՅԱՆԻ «Հանցագործության պրովոկացիայի քրեաիրավական առանձնահատկությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների» հրապարակումից մի հատված:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայուն նախադեպային իրավունքում ձեւավորված իրավական դիրքորոշումները, որոնք վերաբերում են հանցագործության պրովոկացիայի եւ օպերատիվ-հետախուզական կամ քրեադատավարական գաղտնի գործողությունների (այսուհետ՝ Գաղտնի գործողություններ) հարաբերակցությանը, ծանրակշիռ դերակատարում կարող են ունենալ տվյալ գործողություններն իրականացնող անձի արարքներում հանցագործության պրովոկացիայի տարրերի առկայությունը որոշելու եւ դրանց պատշաճ իրավական գնահատական տալու հարցերում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանցագործության պրովոկացիայի վերաբերյալ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի հայեցակետում, ի թիվս այլնի (inter alia) արձանագրել է, որ՝

– Ծպտյալ գործակալների օգտագործումը պետք է սահմանափակվի եւ պետք է երաշխիքներ նախատեսված լինեն նույնիսկ թմրանյութերի առեւտրի դեմ պայքարին վերաբերող գործերում: Թեեւ կազմակերպված հանցավորության աճը, անկասկած, պահանջում է համապատասխան միջոցների ձեռնարկում, արդարադատության արդարացի իրականացումը, այնուամենայնիվ, էական տեղ է զբաղեցնում:

– Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի վերաբերյալ գործերով ընդունելի համարելով իշխանությունների՝ հատուկ քննչական մեթոդների դիմելու անհրաժեշտությունը, միաժամանակ նշվում է, որ համապատասխան աշխատակիցների կողմից ընտրված մեթոդները կիրառելիս առկա է ոստիկանության կողմից պրովոկացիայի դիմելու ռիսկ, հետեւաբար՝ նրանց գործողությունները պետք է դուրս չգան որոշակի հստակ սահմանների շրջանակից, ուստի ոստիկանությունը կարող է գաղտնի գործել, բայց ոչ սադրել, քանի որ ժողովրդավարական հասարակությունում արդարադատության իրականացումը չպետք է զոհաբերվի հանուն նպատակահարմարության: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը քրեական գործերով քննության ընթացքում իրավաչափ գաղտնի հնարքների օգտագործման թույլատրելի շրջանակի եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը խախտող պրովոկացիայի միջեւ նյութական եւ դատավարական չափորոշիչների միջոցով սահմանել է այն իրավական բաժանարարը, որով կարող է կանխորոշվել իշխանության մարմինների, նրանց հետ համագործակցող կամ նրանց հրահանգմամբ գործող անձանց արարքներում հանցագործության պրովոկացիայի հատկանիշների առկայությունը: Որպես նյութական չափորոշիչ Եվրոպական դատարանը նախասահմանել է գործակալների կողմից՝ պասիվ ներգործության ընդհանուր սկզբունքը։ Մասնավորապես, «Գրբան ընդդեմ Խորվաթիայի գործով» ընդգծվել է, որ կոնկրետ իրավիճակում գործակալի ներթափանցումը եւ մասնակցությունը չպետք է այնքան ընդարձակվի, որ գաղտնի գործակալը վերածվի պրովոկատոր գործակալի (agents provocateurs): Այդ կապակցությամբ արձանագրվել է, որ կոնկրետ իրավիճակներում անձի նկատմամբ նշանակվող պատիժը պետք է արտացոլի միայն այն հանցագործությունը, որն ամբաստանյալը փաստացի պլանավորում էր կատարել: Ի տարբերություն քրեական գործերով քննության ընթացքում իրավաչափ գաղտնի հնարքների օգտագործման թույլատրելի շրջանակի, պրովոկացիան Եվրոպական դատարանի մոտեցմամբ սահմանվել է մի իրավիճակ, որին թե համապատասխան աշխատակիցները, եւ թե նրանց հրահանգներով գործող անձինք, ոչ թե սահմանափակվում են հանցավոր գործունեությունն, ըստ էության, պասիվ կերպով քննելով, այլ՝ հանգեցնում են այնպիսի դրության, երբ անձը կատարում է այնպիսի հանցանք, որը մինչ այդ չէր կատարի: Պասիվ միջամտության հրամայականի կոնտեքստում՝ Եվրոպական դատարանը նշել է նաեւ այն ընդհանուր կանոնները, որոնցով դատարանն առաջնորդվում է միջամտության «պասիվությունը» գնահատելիս։

Մասնավորապես, այդպիսիք են՝ գաղտնի գործողության հիմքում ընկած պատճառների ու այն իրականացնող աշխատակիցների վարքագծի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարման կամ նախամտադրման մասին օբյեկտիվ եւ հիմնավորված կասկածների առկայության պարզումը, ընդ որում՝ նախկին դատվածության առկայությունն ինքնին հանցանք կատարելու

նախատրամադրվածության ցուցիչ համարվել չի կարող։ Զարգացնելով իր նախկինում արտահայտված դիրքորոշումները՝ Եվրոպական դատարանը «Տեյքսեյրա դե Կաստոն ընդդեմ Պորտուգալիայի գործով», պրովոկացիայի առկայությունը գնահատելիս, ի թիվս այլ գործոնների, հաշվի առավ այն հանգամանքը, որ գործակալների գործողությունները գաղտնի գործակալների գործողությունների շրջանակից դուրս են եկել, քանի որ նրանք անձին դրդել են իրավախախտման, եւ որեւէ հիմք չի եղել ենթադրելու, որ առանց նրանց միջամտության նշված իրավախախտումը կկատարվեր: Մյուս նյութական բաղադրիչը, որ Եվրոպական դատարանը հաշվի է առել քրեական գործերով քննության ընթացքում իրավաչափ գաղտնի հնարքների օգտագործման թույլատրելի շրջանակի եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը խախտող պրովոկացիայի միջեւ, հանդիսացել է գանգատաբերի վրա ճնշում գործադրելու փաստի գնահատումը։

Այսպես, գանգատաբերի հետ կապի հաստատման գործակալների նախաձեռնությունը, այն պարագայում, երբ վերջինիս՝ հանցավոր գործունեության մեջ գտնվելու կամ այդպիսի կանխատրամադրվածություն ունենալու մասին օբյեկտիվ տեղեկությունները բացակայել են, դիտվել է որպես նրա նկատմամբ գործադրված ճնշում։ Ճնշման գործադրում է համարվել նաեւ դա կրկնելը, այն դեպքում, երբ անձի կողմից ստացվել է մերժում:
…Թերեւս այս ոգով Եվրոպական դատարանն ավելի զարգացրեց իր նախկինում ընդունված որոշումների տրամաբանությունը եւ քննարկման առարկա դարձրեց հանցագործության պրովոկացիայի՝ որպես հանցանքի դրդող գործոնի թեզը, որը «նյութականություն» հաղորդեց մինչ այդ՝ քրեադատավարական հայեցակետում արտահայտված՝ հանցագործության պրովոկացիայի վերաբերյալ դրույթներին։
Մասնավորապես, «Պապյանն ընդդեմ Հայաստանի գործով» Եվրոպական դատարանը կրկնելով իր այն դիրքորոշումը, որ գաղտնի գործակալների գործողությունների արդյունքում, դրդչություն է տեղի ունենում, երբ ներգրավված ծառայողները, չեն սահմանափակվում հանցավոր գործունեությունն էապես պասիվ կերպով քննելով, այլ հանցանքի կատարումը հաստատված համարելու հնարավորություն ստեղծելու նպատակով այնպես են ազդում սուբյեկտի վրա, որ դրդում են այնպիսի հանցանք կատարել, որն այլապես չէր կատարվի, տվյալ գործով արձանագրեց, որ ԱԱԾ-ն պարզապես չի «միացել» տեղի ունեցող հանցանքին, նրանք դրդել են դրա կատարումը եւ անձը, որը գործել է նրանց անմիջական հսկողության եւ վերահսկողության ներքո, դուրս է եկել գաղտնի գործակալի դերի շրջանակից եւ վերածվել է պրովոկատոր գործակալի (agents provocateurs)։

Այսպիսով, վերը նշյալ մոտեցմամբ հանցագործության պրովոկացիայի՝ հանցանքի մղման երանգն էլ ավելի խտացվեց, եւ ընդգծվեց դրա՝ առավել ինտենսիվ ներգործության ձեւ համարվելու հատկանիշը, ինչից էլ հետեւում է, որ պրովոկացիայի առկայության արձանագրումը ոչ միայն քրեադատավարական կամ օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող դրույթներին է վերաբերում, այլեւ Գաղտնի գործողություն իրականացնող սուբյեկտի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու հարցում ունի առանցքային նշանակություն:

«Դատական իշխանություն»,
2022, հուլիս-սեպտեմբեր

«Առավոտ» օրաթերթ
05.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930