«Առավոտը» հոկտեմբերի 29-ին («Դատավորի բժշկական հետազոտության արդյունքները կներկայացվեն ԲԴԽ ավելի ուշ») տեղեկացրել էր, թե ինչ պատճառաբանություններով են ԲԴԽ-ում՝ Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվել դատավորների կարգապահական վարույթով գործերի քննությունները: Մասնավորապես, անդրադարձել էինք նաեւ հետաձգված մի գործի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի: Տեղեկացրել էինք, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն էր ներկայացվել: Այս տարվա հուլիսի 29-ին նշանակվածը օգոստոսի 25-ին էր ժամանակացույցով ամրագրվել, ապա՝ հոկտեմբերին: Վարույթ հարուցելու հիմքը ՄԻԵԴ-ում «Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» վճիռն է, որը կայացվել է 2021թ. մայիսի 18-ին:
Հոկտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում դատավորի ներկայացուցիչ, փաստաբան Գնել Մուղնեցյանը նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվեց: Փաստաբանը հայտնել էր, որ բժշկական հետազոտության է ենթարկվում դատավորը, արդյունքները կներկացվեն ԲԴԽ:
Նոյեմբերի 3-ին նշանակված ԲԴԽ նիստը սկսվեց հենց այդ փաստաթղթի ստուգմամբ: Պատճենը կցվեց գործին: Պարզվեց՝ դատավորի մոտ առկա է եղել զարկերակային կռիզիս:
Դատավորի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը միջնորդեց, որպեսի «վարույթը ավարտվի մերժմամբ կամ կարճմամբ», հղում կատարելով դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին օրենքով նախատեսված ժամկետին, հայտնելով, որ «այս իրավադադարեցնող ժամկետը սպառված է»: Խոսքը ՀՀ դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի մասին է, համաձայն 2 կետի՝ Կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու եւ կարճելու որոշումները կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է վարույթ հարուցող մյուս մարմնին, ինչպես նաեւ հաղորդում ներկայացրած անձին եւ համապատասխան դատավորին:
Կարդացեք նաև
Առարկեց դիմող կողմը, հայտնելով, թե դատավորը մեկ արձակուրդի համար է հետաձգել, մեկ՝ առողջական վիճակի հետ կապված: Եվ կասկած հայտնեց, թե դատավորները տարբեր պատճառաբանություններով կարող են հետաձգել ու ստացվի նույն պատկերը: Ի դեպ, հոդված 147-ի՝ «Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքը», համաձայն էլ՝ հարուցված կարգապահական վարույթի տեւողությունը մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող վեց շաբաթից ավելի լինել:
Ըստ դատավորի ներկայացուցչի՝ օրենսդիրը հետաձգելու մասին նախատեսել էր:
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդությունը նոյեմբերի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը թողեց առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2022