Նրա ներսի աղմուկին միայն մանկությունն է հավատում, իսկ մտքի աղմուկին՝ հողի փորձությունը: Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ» գրքում պատմվածքներն իրենց հոգեբանական կապով միավորում է պոեզիան: Այս գիրքն իրականության եւ երեւակայության ինքնատիպ արտահայտություն է, խոսքի կարելիությունների սեղմագիր-փաստ։ Հեղինակը հիշողության փաստավավերագրումի, մթնոլորտային գույների եւ պատկերների ստեղծմամբ, իրադրության մեջ խորացված հոգեբանական շերտեր բացահայտելու միջոցով կարողացել է խտացնել կյանքի մի ժամանակահատվածի պատմություն, որը թե՛ ռիթմով, թե՛ պարզությամբ գրավում է ընթերցողի ուշադրությունը: Նրա պատմվածքներում մարդն իր գործողություններով ամբողջովին հոգեբանություն է: Տագնապներ ու հակասություններ, թեթեւ հեգնանք, բախում, տարածության կորուստ, ոչ մի պայմանականություն, լեզվական-բառային շարժման յուրատիպ մոտեցում, անկեղծություն. այսպես կարելի է բնորոշել Նառա Վարդանյանի արձակը:
«Անկախին սպասելիս», «Բացակաները», «Պատերազմ-զնգոց», «Ամենագեղեցիկ խաղալիքները», «Անկախի երազանքը», «Բաբիկի աղջիկը», «Մի պարկ կյանք», «Անկախից հետո», «Երկար ճանապարհ», «Ո՛չ, ո՛չ, ո՛չ պատերազմին» պատմվածքներում պատերազմի թեման է շաղախված՝ պոետիկական կառուցվածքով: Հեղինակն իր պատմելու դիրքով կարողանում է փոքր պատմությունների մեջ տարատեսակ իրավիճակներ ստեղծել, խոսել դրանց դրդապատճառների, ինչպես նաեւ հետեւանքների մասին: Մարդու էության բացահայտումը լակոնիկ խորհրդավորությամբ պատկերելը, երբեմն-երբեմն՝ թեմաների երկիմաստության, ներքին հանգավորման տեխնիկան ընթերցողին տեղափոխում է համատեքստային հարթակ, որտեղ հեղինակն ավելի է սրում իրավիճակները, որոնք կտրուկ շրջադարձերի առիթ են դառնում:
Հեղինակը մտածողության մի նոր որակ է առաջ բերում՝ ազատվելով կաղապարներից, ժանրային սահմանափակումներից: Նա խաղում է իր արձակում՝ ցույց տալով անկեղծության, մարդկային մտքի անսահմանությունը, փոքր երեւույթներում մեծ իրադարձություններ փնտրելու վարպետությունը. «Միայն երազանքներում է հնարավոր երջանիկ լինել, բալե՛ս: Երբ դեռ պատերազմ էր, երազանքս հաղթանակն էր: Իսկ արդյունքում հաղթանակը մեր պարտությունն էր: Ամենատխրությունը միշտ պատերազմից հետո է գալիս: Հիմա էլ՝ երազներումս միայն պատերազմ է, ու երազում երջանիկ եմ, որովհետեւ պատերազմի ժամանակ պաշտպանում ես, դու միայն էդտեղ ես ուժեղ, էդտեղ ես պետք:
Կին ես պաշտպանում, ով մտածում է՝ աշխարհում լիքը տղամարդ, իսկ իմ տան կողպեքը փչացած, աշխարհում լիքը տղամարդ՝ անկողինս դատարկ: Հենց այդ օրերին էր մարդ ուզում գեղեցիկ լինել, երջանիկ լինել, ծիծաղել: Ընկերոջն օգնել: Կին սիրել»:
Նառան պատմվածքներն անավարատ է թողնում՝ մանկությունից ու պատանեկությունից չկտրվելու համար, որպեսզի դրանք շնչելու տարածություն ունենան՝ մերձենալով բնությանը: Մարդկային էության խորքերը որոնող հեղինակն իր պատմությունը խաբուսիկ պատրանքների լեզվով չի հյուսում, այլ իրականությանը փոխկապակցված դեպքերի, զարգացումների հիման վրա:
Գոյության որոնումներում հեղինակը գտնում է իր պատասխանը՝ ապրելը, բայց եւ չմոռանալը, հիշելը, հիշողության հետ ապրելը:
Նառա Վարդանյան հեղինակի ներքին դրաման իր հետագիծն ունի բոլոր պատմվածքներում: Մենք առաջին տողից ընկալում ենք մարդկային բնավորության արտահայտությունը, որն արձակում ի ցույց դնելը համարձակություն կարելի է համարել: Իսկ հեղինակն իր համարձակությանը հավատարիմ է մնում մինչեւ գրքի վերջին տողը: Նրա չասվածը, բայց ենթադրելին, պատումներին հաղորդում է այլ երանգ: Եվ այդ պատմությունն ապրում է…
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ Աշոտ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2022