Օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ «Սարաջեւյան ընթերցումներ» խորագրով գիտաժողով եւ ցուցահանդես՝ կազմակերպված կոնսերվատորիայի եւ Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի կողմից։
Գիտաժողովը նվիրված էր հայ մեծանուն դիրիժոր եւ մանկավարժ, ջութակահար Կոնստանտին Սարաջեւի 145-ամյակին։
ԳԱԹ երաժշտական բաժնի վարիչ եւ ցուցադրության հեղինակ Ցողիկ Բեքերյանը իր խոսքում նշեց. «Սարաջեւը կոնսերվատորիայում եղել է ռեկտոր եւ կոնսերվատորիային է նվիրել շուրջ 2500 նոտա` կլավիրներ, պարտիտուրներ եւ այս գիտաժողովն ու ցուցահանդեսը նվիրված է նրա ծննդյան 145-ամյակին։ Կարծում եմ՝ սա կդառնա ավանդույթ»:
Նա նշեց նաեւ, որ Սարաջեւի արխիվը պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում եւ ցուցադրված նկարները, փաստաթղթերը տրվել են թանգարանի կողմից։
Կարդացեք նաև
Գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը, ԵՊԿ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանը, ԵՊԿ Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը եւ այլք։
Մանե ՏԻԳՐԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2022