Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ ապրել

Նոյեմբեր 07,2022 12:00

Մարդը ծնվում է ակամա եւ, բնականաբար, նա այս հարցում զրկված է լինում ցանկություն արտահայտելու հնարավորությունից: Մինչեւ մարդու հասունացումը, նրա կյանքը հիմնականում կախված է լինում բախտից ու նրան ուղեկցող այլ հանգամանքներից, որոնց դերը չափազանց որոշիչ է լինում, քանզի այդ տարիքում նա այնքան էլ ունակ չի լինում կառավարել հանգամանքները, ավելին՝ հանգամանքներն են շատ հաճախ կառավարում մարդու կյանքի ընթացքը: Իհարկե, հասունությունից հետո եւս նրա կյանքը որոշվում է բախտով եւ դարձյալ կյանքի մնացած հանգամանքներով, մի տարբերությամբ միայն, որ այդ տարիքում մարդն արդեն կարողանում է որոշակիորեն կառավարել հանգամանքները: Այսպես սկսվում եւ անցնում է մարդու կյանքը:

Այժմ փորձենք վերլուծել եւ ներկայացնել. արդյո՞ք մարդիկ՝ մեկ անգամ տրված, կյանք-ակնթարթում ամեն ինչ են ընկալում եւ առաջնորդվում են զուտ օբյեկտիվ հանգամանքներից ու ռեալ իրողություններից ելնելով, թե ոչ, փաստացի չխաբելով իրենք իրենց, ինչպես նաեւ ուրիշներին: Պատասխանեմ. իհարկե՝ ոչ …

Մարդկությունը հաստատապես երջանիկ կլիներ, եթե ամեն ինչ այդպես լիներ: Ցավոք, այդպես չէ: Փորձենք տեսնել, թե դրա համար ինչ է անհրաժեշտ: Կարծում եմ, բարդ չէ հասկանալը, որ առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ ապրել, այդ դեպքում կյանքը կդառնա իմաստալից եւ հաճելի: Միայն այդ դեպքում է մարդն ապրում հանգիստ խղճով: Հակառակ պարագայում, մարդուն սկսում են հետապնդել բազմաթիվ եւ տարաբնույթ անհաջողություններ՝ հղի ճակատագրական հետեւանքներով:

Պետք է շինության հիմքը ճիշտ դրվի, որպեսզի այն ամուր լինի եւ զերծ մնա տարատեսակ կոռոզիաներից ու այլ բացասական ազդակներից: Ճիշտ այդպես է նաեւ մարդու դեպքում: Նա պետք է փորձի հնարավորինս խուսափել չմտածված եւ չկշռադատված քայլերից, որպեսզի հեռու մնա անդառնալի հետեւանքներից, որոնք բազմաթիվ են ու սխալ մոտեցման արդյունքում՝ մշտապես պատրաստ գլուխ բարձրացնելու եւ իրենց սեւ գործն անելու: Ցավոք, դրանցից շատ-շատերը կարող են բերել ողբերգական ավարտի, որը կդառնա վախճան, ավարտ: Կատարվածից հետո բոլոր փորձերը՝ շտկել թույլ տված սխալները, հետդարձի՝ փրկության որեւէ ճանապարհ չեն բացում, քանզի հետդարձի բոլոր կամուրջներն այրված են լինում: Իսկ որոնք են այդ իրավիճակներին բերող պատճառները եւ որոնք են դրանցից փրկության ճանապարհները:

Այդ պատճառներն այնքան շատ են ու բազմազան, որոնք էլ հանգեցնում են ամենաողբերգականին, թողնելով միայն ափսոսանքը: Դրանք այնքան բազմաթիվ են ու բազմապիսի, որ դրանց անվանարկումն անիմաստ է, քանզի դրանից բան չի փոխվի: Դրանց մի մասը կախված չէ մարդու կամքից, իսկ մյուս մասը զուտ մարդկային սխալների արդյունք է, որը հիմնականում գալիս է մարդու տեսակից, նրա ոչ ճիշտ աշխարհընկալումից, ոչ ճիշտ կողմնորոշումից: «Երկրորդ խմբի սխալները» հիմնականում կյանքը ոչ ճիշտ ընկալելու եւ ոչ ճիշտ հասկանալու արդյունք են: Մարդը շատ հաճախ կարողանալով շրջանցել անգամ կյանքի բարդագույն դժվարությունները, պարզ բան չի գիտակցում, որ միեւնույն է, ցանկացած մարդու կյանքը կախված է մազից եւ բնավ անիմաստ է փորձ անել տարբերվել՝ փորձ անել շրջապատի մարդկանցից վերեւ կարծել, արդյունքում նաեւ դրան միտված քայլեր ձեռնարկել ու դրանք դարձնել ապրելու կերպ: Սա միակ պարագան է, որի դեպքում մարդն սկսում է ի հնարավորին ճիշտ ապրել, որով էապես նվազեցնում է բոլոր այն գործոնների ազդեցությունը, որոնք մարդուն զերծ կպահեն այլեւայլ արհեստական դրդապատճառներից, որոնք կարող են դառնալ տարաբնույթ ողբերգությունների պատճառ:

Հեծանիվ հնարելու հարկ չկա, պետք է գիտակցել, որ մարդու կյանքը շատ հաճախ մազից է կախված եւ ընդամենը հարկավոր է ճիշտ ապրել:
Հնարավորության այլ դուռ ուղղակի չկա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930