Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսախաբություն ու հիասթափություն ենք ապրում սփյուռքյան իրականության մեջ, անտարբերության ալիքը սկսել է մեծանալ. ո՞ւր է կամուրջը»

Նոյեմբեր 07,2022 15:00

Օրեր առաջ Երեւանում անցկացվեց Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 45 պետությունից 600 մասնակից, այդ թվում՝ Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր Հրայր Ջեբեջյանը: Ինչու եւ երբվանից է խարխլվել Հայաստան-սփյուռք կապը, ինչ դժգոհություններ ունեն սփյուռքահայերը ՀՀ իշխանություններից, որն է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի բացթողումը՝ այս ամենի շուրջ «Առավոտը» զրուցեց պարոն Ջեբեջյանի հետ:

– Դուք առաջարկում եք վերաբացել սփյուռքի նախարարությունը, ձեզ ինչո՞վ չի բավարարում ներկայիս սփյուռքի հանձնակատարի գործունեությունը, որովհետեւ ներկայիս իշխանությունը եզրակացրել է, որ ահռելի նախարարություն պահել սփյուռքի համար, ուռճացված ծախս ու հավելյալ գումարի կորուստ էր:

– Նախարարությունը անհրաժեշտություն է: Իմ գործը ռեժիմի հետ չէ, իմ մտահոգությունը դրվածքն է, պահանջներն են: Նախ, մի հատ աչք գցեք, տեսեք Հայաստանում ինչքան հայ է ապրում եւ դրսում ինչքան հայ կա: Ինչպես հրեական գաղութն է, մենք էլ հրեականի պես մեծ սփյուռք ունենք: Այսօր հայկական սփյուռքը հաշվվում է երեւի 7-8 մլն հայ, իսկ Հայաստանի մեջ՝ մոտ 3 մլն: Եթե հայերի մեծ մասը դրսում են ապրում, նշանակում է, թե կարողականությունները՝ նյութական, տնտեսական, իմացական, մասնագիտական եւ այլն, դուրսն է: Մենք այսօր, անշուշտ, պիտի մտածենք հայկական իրականության մասին՝ իր ամբողջականության մեջ: Ես միշտ խոսել եմ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության մասին, դա է իմ տեսլականը եւ սրա մեջ յուրաքանչյուրն իր դերն ունի: Եթե մեր կարողականության մեծ մասը դրսում է, սա կնշանակի, որ որպես պետական վարչամեքենա, հայրենիքի մեջ առաջնահերթությունը պիտի տաս սփյուռքյան իրականությանը: Այդ նախարարությունը, որ հիմնվեց, բավական լավ գործ տարավ: Ես առաջին իսկ օրից նախարարության հետ էի, համագործակցում էի, մինչեւ որ տեղ հասավ, սկսեցինք իրար լավ հասկանալ: Սկզբում մենք հայերեն էինք խոսում, բայց իրար չէինք հասկանում: Որպես հայկական իրականություն՝ մեր ուժը փափուկ ուժի մեջ է, մենք ոչ գազ ունենք, ոչ նավթ, ոչ բենզին, ոչ հարստություն: Մեր ուժը մշակութային ու մասնագիտական մարդուժի մեջ է: Երբ այստեղ է քո ուժը, նշանակում է երկու բան ունես զարգացնելու, առաջինը՝ մշակույթ, երկրորդը՝ սփյուռք: Երկուսն էլ փակվեցին: Մշակույթի նախարարությունն էլ փակվեց, սփյուռքինն էլ: Երբ որ քո ուժը դրանց մեջ էր, նշանակում է այդ երկու առաջնահերթությունները պետք է պահվեր: Գանք սփյուռքին՝ ինչպե՞ս պետք կամրջես, որ սփյուռքը ներմուծես հայկական իրականություն: Ներմուծելը միայն ֆինանսական, տնտեսական չէ: Ժամանակն է եկել ու օրերը ցույց են տալիս, որ միայն նյութականը չէ, որ սփյուռքից պիտի ներառես հայ իրականության մեջ: Գիտե՞ք սփյուռքում ինչքան մտավոր ուժ կա, ինչ մասնագիտական ուժ կա: Եթե այդ ուժը ներմուծես հայկական իրականության մեջ, գիտե՞ք ինչ կլինի: Մասնագիտական ուժերն էլ տարբեր են՝ քաղաքականից սկսած մինչեւ տնտեսական, մշակութային, օրենսդրական: Ես շատ եմ ճամփորդել ու տեսել եմ այս մեծ ուժը: Երկրորդ՝ ես Լիբանանում եմ ծնվել, կնշանակի, որ ես հայ եմ, բայց միեւնույն ժամանակ՝ լիբանանցի: Սա իր առավելությունն էլ ունի, անպատեհությունն էլ ունի: Անպատեհությունն այն է, որ մենք պիտի պայքարենք, որ հայ մնանք: Բայց իր առավելությունն այն է, որ ես, որ ծնվել ու մեծացել եմ Լիբանանի մեջ, լիբանանյան մշակույթը, փորձառությունն եմ նաեւ ներառել: Մի հատ մտածեք մեր սփյուռքյան գաղութների մեջ ծնված եւ ապրած մեր հայորդիների մասին, որոնք հայ են, քով քովի բերես ու ներմուծես հայկական իրականություն, սա ինչո՞ւ պետք է լավ չանդրադառնա: Յուրաքանչյուրը կբերի իր ծնված երկրի կարողականությունները, սա հարստություն է: Դրա համար սփյուռքի նախարարություն ունենալը իր ամբողջ կազմով անհրաժեշտություն է:

Ես չեմ ուզում թերագնահատել հանձնակատարի արած աշխատանքները, ես հանդիպել եմ պարոն Սինանյանի հետ, խոսել եմ, գիտեմ, որ բավականին լավ մտքեր ունի, բայցեւայնպես այս խոշոր պատկերը տեսնելով՝ մենք այսօր պետք ունենք շատ ավելի կազմակերպված եւ ընդարձակ սփյուռքի նախարարության:

– Հիմա ասում են՝ սփյուռքի նախարարությունն ի՞նչ էր անում, ժամանակ առ ժամանակ համաժողովներ էր կազմակերպում, որտեղ հավաքում էր սփյուռքահայերին, գալիս էին, մի բաժակ գինի էին խմում միասին, լուսանկարվում եւ բարի ճանապարհ, դրանք հայրենիքին ոչինչ չէին տալիս, զուտ կենացներ, համաձա՞յն եք գնահատականի հետ:

– Չէ, համաձայն չեմ: Երբ 91-ից Հայաստանում հիմնեցինք Աստվածաշնչյան ընկերությունների գրասենյակ, 91-ից մինչեւ 96-ի տարիներին ես հաճախ էի Հայաստանում գտնվում: 91-ին, երբ եկա, հայրենիք էր, բայց չէի կարողանում հասկանալ, ոչ թե արեւմտահայերենի ու արեւելահայերենի հարց էր, լեզվական խնդիիր չէր, այո, բառեր կային, որ խորթ էին մեզ, բայց դա չէր հարցը, անջրպետ կար, չէի կարողանում հասկանալ՝ մտածողության տարբերություններ կային, աշխատաոճի հասկացողության: Ես պիտի փորձեի ընտելանալ հայրենիքի մշակութային գործոնների հետ, Հայաստանի իմ քույրերիս ու եղբայրներիս կենցաղին, մտածողությանը, որ կարողանայի այստեղ գործ անել:

Եթե ես մնայի իմ սփյուռքյան աշխատանքային ոճովս, կփլվեր ամեն ինչ: Սփյուռքի նախարարությունը երբ ստեղծվեց, նույն այս հանգրվաններով անցավ, չէինք հասկանում իրար, բայց ժամանակ անցավ ու ոչ միայն տիկին նախարարին էր ժամանակ պետք, որ հասկանար: Տեղ եղավ՝ շատ լավ հասկացավ: Ես հին ու նոր ռեժիմի, նախկին-ներկայի մեջ չեմ ուզում մտնել, բայց տիկին նախարարի գործունեությունը, մանավանդ վերջին շրջանում, լավ էր: Այլ պաշտոնյաներն էլ սկսեցին լավ հասկանալ մեզ, որովհետեւ հարաբերություններ էին ստեղծվել: Հայաստան-սփյուռք այդ համաժողովները, որ մի քանի տարի եղան, մարդիկ ասում էին՝ սա տուրիստական խումբ է, եկան, մի գավաթ գինի կխմեն, կնկարվեն, կգնան: Դա ավելի պնդացրեց Հայաստան-փյուռք եւ սփյուռք- սփյուռք հարաբերությունները: Դուք կարծում եք, թե սփյուռքն իրար ճանաչո՞ւմ է: Ֆրանսահայը լիբանանահային ճանաչո՞ւմ է: Համաժողովները նաեւ առիթ էին, որ մենք՝ սփյուռքն էլ իրար հասկանանք, բավական ճանապարհ կտրեցինք այս իմաստով: Դրա համար ես այդ քննադատությունը չեմ ընդունում: Մեր հարաբերությունները հասունացան, բայց 2018-ին դարձյալ բաժանում սկսվեց, անջրպետ եղավ:

– Կա սփյուռքի հանդեպ քննադատություն: Միշտ եղել է այդ քննարկումը, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործել է պետք, պաշտոնների նշանակել, խորհրդարանում պալատ ստեղծել, ներգրավել նրանց, բայց միշտ այդ տարբերակները մերժվել են, որովհետեւ հաղթել է այն տեսակետը, որ սփյուռքահայերն իրենց բարեկեցիկ կյանքի համար «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով թողել են հայրենիքը, հեռացել են, հիմա ինչո՞ւ պետք է մասնակցեն կառավարմանը: Գնացել եք, ուրեմն մի՛ խառնվեք մեր գործերին, թողեք մենք մեր յուղով տապակվենք: Այս մտածողության դեմ ունե՞ք հակադարձում:

– Սփյուռքը ինչի՞ արդյունք է՝ արդյունք է ցեղասպանության: Ես ինչո՞ւ Բեյրութ ծնվեցի, որովհետեւ մեծ հայրս տեղահանվեց: Իմ գերդաստանից 25 հոգի մահացած են: Հայրս մանուկ՝ 1 տարեկան էր, ես երրորդ սերունդն եմ ցեղասպանության: Անկախությունից հետո՝ 91-ին, երբ հայերը սկսեցին գալ, նոր պիտակներ տվեցին սփյուռքին: Երբ նմանօինակ քննադատություններ են անում հայրենիքից, պետք է քննադատողները նախ մտածեն, թե ում ուղղեն դա՝ նրանց, որոնք վերջե՞րս են դուրս եկել Հայաստանից՝ տնտեսական կամ այլ պատճառներվ, թե՞ դասական սփյուռքին, որը խոշոր տոկոսն է կազմում: Չի կարելի ասել, թե այս սփյուռքահայերը հանգիստ նստած իրենց կյանքն են վայելում: Այնտեղ են, քանի որ տեղահանվել են: Երկրորդ՝ ո՞վ ասաց, որ սփյուռքում կյանքը հանգիստ ու հեշտ է: Ես ապրեցի Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1975-ին 18 տարեկան պատանի էի, ես իմ ամբողջ երիտասարդական տարիներն ապրեցի պատերազմի արհավիրքի մեջ ու մինչ օրս էլ տակավին Լիբանանի հարցերը չլուծվեցին: Ուրեմն ի՞նչ է սփյուռքյան մեր կյանքը: Սրանով հանդերձ սփյուռքը ապրում է հայրենիքով, սփյուռքը միշտ ուզում է հայրենիքի հետ լինել, հայրենիքի կողքին, որովհետեւ հայրենիքի տեսլականն է իրեն ապրեցնում: Հայապահպանումը դյուրին չի սփյուռքի մեջ, ահագին զոհողություն ու աշխատանք է ուզում, որ հայ մնաս: Միեւնույն ժամանակ Հայաստանը հատկապես անկախությունից ի վեր ներշնչման աղբյուր է սփյուռքի համար, մարդիկ իրենց ինքնությունը գտան, ներշնչման աղբյուր է: Հայաստանը պետք է զգաստության գա, որովհետեւ միայն ինքը իրենով չի, սփյուռքում քույրեր ու եղբայրներ ունի, որոնք իրենով են ապրում ու արմատանում:

Գիտե՞ք ինչքան հայ երիտասարդներ, որոնք հայերեն գրել-կարդալ էլ չգիտեն, Հայաստանով իրենց ինքնությունը գտան: Այս բոլորը անշուշտ պիտի ներմուծենք հայրենիքի մեջ, ինչո՞ւ պիտի դա չանենք, մանավանդ այս օրերին, երբ հասկացանք, թե մենք ինչքան պետք ունենք իրար:

– Դուք խոսեցիք 2018-ից հետո նոր իշխանությունների օրոք սփյուռքի եւ հայրենիքի միջեւ կապի խզման, ջրբաժանի մասին: Ընդդիմությունը քննադատում է, որ իշխանությունները սփյուռքի մեր ազգային կառույցները կազմալուծել են, փորձել են նորերը ստեղծել, ձախողել են, այսինքն, քանդել են այն, ինչ ունեինք ու չկա դրա փոխարեն նորը: Դուք դրա ականատեսը եղե՞լ եք, իսկապե՞ս սփյուռքում նման գործողություններ են սկսվել:

– 2018-ի հեղափոխությունից հետո լավատեսության մթնոլորտ ստեղծվեց, որ այսպես ասած՝ կաշառակերությունը, կոռուպցիան, ամեն ինչ գնաց, ուրախացանք բոլորս: Բայց 44-օրյա պատերազմը հուսախաբության խոշոր ալիք ստեղծեց ու դա բավականին պառակտումներ առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Հիմա սփյուռքը համախոհ չէ, ոչ էլ Հայաստանը: Ո՞ւր է այն կամուրջը, որը պիտի բերի մեզ իրար կողք, որ նստենք ու խոսենք խնդիրների մասին, այդ կամուրջը հաստատ բացակայում է: Ո՞վ ու ինչպե՞ս պետք է մեզ միացնի՝ մեզ համար մեծ մարտահրավեր է: Պետությունը չպետք է ընդդիմադիրներին անտեսի, ընդդիմադիրներն էլ պետք է հասկանան՝ լավ, եթե սա է կառավարությունը, որն ուզես թե չուզես ընտրված է ժողովրդի կողմից: Կա աշխարհաքաղաքական մի մեծ խճանկար, մենք մի փոքր միավոր ենք, որին քաշքշում են աջ ու ձախ: Տարածաշրջանային անցուդարձի մեջ պատրաստվելու լավագույն միջոցը ներքին խոհանոցը համադրելն է, որովհետեւ այդ ճանապարհով կարող ես ազդել արտաքին ազդակների վրա: Բայց այսօր ներքին խոհանոցում տակնուվրա է, քաոս է՝ դա լինի Հայաստանի մեջ, թե սփյուռքում, որտեղ նույնպես տարաձայնություններ կան, ամեն գլուխից մի ձայն սկսվեց հելնել ու դա լավ չի: Պետք է կամրջվել, ուրիշ ճար չունենք, եթե կա՝ թող մեկն ասի: Ո՞վ պետք է լինի այդ հայտարարը ստեղծողը, եթե ոչ մենք: Մի քիչ լայնախոհություն է պետք, «ես»-ը մի կողմ դնել է պետք, ճար չկա: Այս գագաթնաժողովին շատ մարդ չեկավ, ես էլ կարող էի չգալ: Բայց ես քաղաքական, կուսակցական գործիչ չեմ, եկել եմ, որ ասեմ՝ լավ, ինչպե՞ս մենք պետք է փորձենք կամրջվել իրար հետ, փորձենք հասկանալ ու հասկացվել:

Այո, մենք հիմա փակուղում ենք, բայց ելք կարող ենք գտնել, որովհետեւ ելք կա: Նախ, մեր բերդը ներսից ամուր պետք է պահենք, որ հաջողենք: Հուսախաբություն ու հիասթափություն ենք ապրում սփյուռքյան իրականության մեջ, անտարբերության ալիքը սկսել է մեծանալ, մարդիկ ասում են՝ եթե սա էր, որին տարիներով աշխատեցինք ու փայփայեցինք, պահեցինք, փակենք դուռը եւ վերջ, պետք չի մեզ: Բայց Աստվածաշնչում ասվում է՝ Աստված մեզ երկչոտության հոգի չի տվել, այլ սիրո, զորության եւ զգաստության: Պատմությունը վկա է, որ մենք սա ունենք, մենք տկար ժողովուրդ չենք, հույսին կառչած ժողովուրդ ենք ու այդ հույսը մեզ պիտի միավորի՝ ունենալու մեր եռամիասնությունը:

Զրուցեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930